«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2002-08-21 | #148, 2002-08-22 | #149, 2002-08-23


ԿԸՀ ՆԻՍՏՈՒՄ «ԴԵՄ» ԵՎ «ՁԵՌՆՊԱՀ» ՉԿԱՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստի օրակարգում 10 հարց կար, այսինքնՙ 10 որոշումների նախագծեր, որոնք բոլորն էլ հաստատվեցին միաձայն։

ԿԸՀ-ն որոշումներ կայացրեց համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին մեկ տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, տվյալ համայնքում հաշվառված լինելու, նաեւ թեկնածուների կողմից իր սեփականության (ունեցվածքի) եւ վերջին մեկ տարում իր եւ իր ընտանիքի անդամների եկամուտների վերաբերյալ փաստաթղթերի ստացման կարգերի մասին։

ԿԸՀ-ն հաստատեց նաեւ իր կանոնակարգը, վստահված անձերի գրանցման, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման կարգերի մասին որոշումների նախագծերը։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում կլինեն ոչ միայն ընտրողների անուն-ազգանունները, այլեւ հայրանունները։ Այս հանգամանքը հատուկ ուշադրության է արժանի այն պատճառով, որ 1996 թ.-ին անձնագրեր ստացած ՀՀ քաղաքացիների անձնագրերում հայրանունները բացակայում են։

Օրակարգի հարցերից հետաքրքրական էր նաեւ այն, որ ընտրողների ցուցակների պատճենները քաղաքացիներին պարտավոր է տրամադրել համայնքի ղեկավարըՙ ցուցակի յուրաքանչյուր էջը Երեւանում 10 դրամ, իսկ ՀՀ մարզերումՙ 20 դրամ վճարի դիմաց։

Հանձնաժողովի անդամների համար քննարկման, թերեւս, ամենահետաքրքրական մասը սեփական կանոնակարգին էր վերաբերում։ Նախկին 37-րդ հոդվածից 54-րդ հոդվածի փոխված ԿԸՀ կանոնակարգի որոշ դրույթներ դժգոհություն առաջացրին։ Մասնավորապես, ԱԺՄ ներկայացուցիչ Պավել Եդիգարյանը մի շարք հարցեր տվեց, որոնց մեծ մասով ընդամենը փաստվեց պրն Եդիգարյանի կողմից ընտրական օրենսգրքի չիմացությունը։

«Օրինաց երկրի» ներկայացուցիչ Արտաշես Ավոյանը, մինչեւ իր հարցի քննարկման ավարտը, այդպես էլ չհասկացավ, թե ելույթների տեւողությանը վերաբերող կանոնակարգային փոփոխության (10 րոպեիցՙ 5 րոպե) տրամաբանությունը որն էր։

Այնուամենայնիվ, այս հարցերը երկրորդական են այնքանով, որքանով ԿԸՀ-ն օրակարգային տասը հարցի կապակցությամբ էլ որոշում ընդունեց «բոլորըՙ կողմ» քվեարկությամբ։ Նման համերաշխությունն ուղղակի նախանձելի է։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4