40 նորագիրներ եւ 2 նոր ակումբ
Կարճ ժամանակ անց սկսվելու է քաղաքական աշխույժ իրադարձություններով լի, դիրքորոշումներ ճշգրտելու շրջանը։ Հոկտեմբերի 20-ին սկսվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պարզորոշ ցույց են տալու կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների իրական արժեքները։ Եվ եթե շատ կուսակցություններ այսօր դեռեւս վերջնականապես չեն որոշարկվել, ապա Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության նպատակներն ու ծրագրերը հայտնի են բոլորինՙ տեղական եւ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ավելի իրական դարձնել երկրի քաղաքական եւ հասարակական կյանքում ձեռք բերած անվիճելի հեղինակությունը։
¬ 10 տարուց ավելի գործելով Հայաստանում, ՀՌԱԿ վարչությունը բազմամարդ կուսակցություն դառնալու նպատակ չի ունեցել,¬ երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում հայտարարեց Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։¬ Կուսակցության անդամներ են դարձել հիմնականում Հայաստանի ճանաչված մտավորականներՙ գիտնականներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, գործարարներ, ձեռներեցներ, Հայաստանի վաղվա օրով մտահոգված եւ երկրի զարգացման համար կոնկրետ գործ անող մարդիկ։ Այսօր արդեն պարզ է, որ քաղաքական դաշտում պայքարելու համար շատ ու շատ նվիրյալ ռամկավարներ են գալիս։
Ինչպես նշեց ՀՌԱԿ ատենապետը, կուսակցության քաղաքական, հասարակական վարկի բարձրացման համար նախ եւ առաջ անհրաժեշտ է յուրաքանչյուր ռամկավարի հաստատակամությունըՙ կուսակցության ծրագրերն իրականացնել այնպես, որ կուսակցության համակիրները եւ անկուսակցականները ցանկություն ունենան անդամագրվելու կուսակցությանը։ Ասվածի հաստատումն էր այն փաստը, որ երեկ ՀՌԱԿ շարքերը համալրած 40 նորագիրների մի մասը կուսակցությանն անդամագրվեց այն պարզ պատճառով, որ ճանաչված արվեստագետներՙ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը եւ կինոօպերատոր Արտավազդ Դավթյանը հենց ներկայացնում էին ՀՌԱԿ Երեւան քաղաքի Կենտրոն համայքում գործող ՀՌԱԿ ակումբներից մեկը։
Երեկվա հանդիպման ժամանակ կուսակցական տոմսերը հանձնեցին Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը եւ փոխատենապետ Հարություն Առաքելյանը։
Նորագիրներից ձեւավորվեցին ՀՌԱԿ 2 նոր ակումբներՙ Շենգավիթում 2-րդ ակումբը եւ Կենտրոն համայնքումՙ «Միհրան Տամատյան» ակումբը։ Եվս 6 նորագիրներ համալրեցին «Մշակույթ» ակումբը։
Ս. Մ.