«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2002-08-21 | #148, 2002-08-22 | #149, 2002-08-23


ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՏՐՎԵԼ ԵՆ

Պրոթեզավորման կարիք ունեցողներն արդեն կարող են օգտվել այդ ծառայություններից։ Երեկ կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ արդեն հատկացվել է համապատասխան գումարըՙ 25 մլն դրամ, եւ հիշեցրեց, որ պրոթեզավորումը եւ օրթոպեդիկ բուժումն անվճար են։

Լրագրողների հետ հանդիպման առիթից օգտվելով նախարարն անդրադարձավ երկու այլ հարցերի։ Նա նախ տեղեկացրեց, որ «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ֆինանսավորումը որոշակի ձգձգումներից հետո տրվել է։ Հուլիս ամսվա ընթացքում այս ծրագրի շրջանակներում աշխատանք կատարած անձինք իրենց վարձատրությունը կստանան ծայրահեղ դեպքում մինչեւ սեպտեմբերի 10-ը։

Հաջորդ խնդիրը սեպտեմբերին սկսվող նոր ուսումնական տարում անապահով երեխաներին հագուստով եւ գրենական պիտույքներով ապահովելուն էր վերաբերում։ Արդեն 17 հասարակական-բարեգործական կազմակերպություններ հանձն են առել ապահովելու սոցիալապես անապահով 50 հազար աշակերտների վերոնշյալ կարիքները։ Մի շարք այլ կազմակերպություններ էլ ստանձնել են անվճար սնունդ մատակարարելու պարտավորությունը։ Օրինակՙ Պարենի համաշխարհային ծրագրով 8 հազար աշակերտներ անվճար սնունդ կստանան Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում։ Ռազմիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ այս ամենը կատարվում է «Երբ գալիս է սեպտեմբերը» ծրագրի շրջանակներում։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4