ՀԺԿ-ն ու ԺԴԿ-ն միեւնույն աքցանով հանված տարբեր մեխեր
Իրենց վերջին ասուլիսներից մեկի ժամանակ 13 իբր միավորված ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում եւ ՀԺԿ անդամ Ստեփան Զաքարյանը, ի դեմս «Հանրապետություն»-ական Ալբերտ Բազեյանի, անթաքույց հեգնանքով հայտարարեցին, որ եթե գործող վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր թեկնածությունը դնի նախագահական ընտրություններում, իրենք կպաշտպանեն նրան։ Անշուշտ դա 13-ի լավագույն կատակներից չէր։ Սակայն շատ պարզ ցույց էր տալիս Հանրապետական կուսակցության եւ նրա ղեկավարի հանդեպ ընդդիմության ընդգծված վերաբերմունքը։
Եվ դա ՀՀԿ-ի համար նորություն չէ։ Դեռեւս այն ժամանակ, երբ անփառունակ կերպով տապալվեց «Միասնություն» դաշինքըՙ ե՛ւ ՀԺԿ-ականները, ե՛ւ ՀՀԿ-ականները շատ պարզ հայտարարեցին, որ դաշինք այլեւս գոյություն չունի, իսկ հետագայում միմյանց հանդեպ անհանդուրժողական կեցվածքով, հայտարարություններով եւ գործողություններով հաստատեցին, որ համագործակցության բոլոր հնարավորությունները սպառված են։ Ավելինՙ մոտ երկու ամիս առաջ էր ընդամենը, որ նույն ուժերի, առավել կոնկրետՙ ՀԺԿ-ի ակտիվ ջանքերով խորհրդարանում ամբիոնի գրավման հրաշալի գործողություն կազմակերպվեցՙ արժանանալով հանրապետականների հակազդեցությանը։
Այսուհանդերձ ՀԺԿ-ն երբեք իր օրակարգից չի հանում իշխանական կարկանդակից օգտվելու հնարավորությունը, չնայած դրանից թույլտվություն ստանալու համար հանրապետականներին դիմելը գրեթե պարտադիր է։ Այսպեսՙ ցանկացած առիթով, երբ խորհրդարանում անհրաժեշտություն է առաջանում որեւէ հանձնաժողով ձեւավորել, ՀԺԿ-ական պատգամավորները մի իսկական թատրոն են սարքում, թե ինչու իրենց որեւէ տեղ չի տրվում ՀՀԿ-ին համարժեք։ Պատճառաբանությունը միշտ նույնն է. «Միասնություն» խմբակցությունը դե յուրե պահպանվում է, ուրեմն իրենք իրավունք ունեն պահանջելու իրենց բաժին տեղերը։
Եթե այս կարգի հանձնաժողովների ձեւավորման առումով ինչ-որ տեղ դեռ կարելի է արդարացնել ՀԺԿ-ինՙ նկատի ունենալով ՀՀԿ-ի շատ կոշտ մոտեցումը, ապա որեւէ տրամաբանության չի ենթարկվում նույն սցենարով բարձրացված այն աղմուկը, թե հանրապետականները ՀԺԿ-ին տեղեր չտվեցին 6 տարածքային ընտրական հանձնաժողովների ձեւավորման ընթացքում։ Ընտրական հանձնաժողովների ձեւավորումը զուտ քաղաքական բովանդակություն ունի, իսկ քաղաքականության մեջ մոտեցումների, շահերի բախումը հաշվի չառնել չի կարելի։ Առավել եւս, երբ խոսքը վերաբերում է ընտրություններին եւ թեկնածուների պաշտպանության խնդիրներին։ Սա զուտ քաղաքական պաստառի մասին։ Եթե հարցը դիտարկելու լինենք մանրախնդրության տեսանկյունից, ինչը շատ բնորոշ է այս կարգի քաղաքական ուժերին, ապա ՀԺԿ-ի համար լավ կլիներ ոչ թե մտածել հանձնաժողովներ ընկնելու մասին, այլ առաջին հերթինՙ սեփական ներքին խնդիրները պարզաբանելու։
Այս կուսակցությունը, ինչպես նաեւ նրա լիդեր Ստեփան Դեմիրճյանը դեռեւս չեն հասցրել կոնկրետ պատասխանել այն հայտարարություններին, համաձայն որոնց Ս. Դեմիրճյանն իշխանությունների հետ մերձենալու փորձեր է անում։ Այս առումով հասկանալի էՙ որեւէ իշխող ուժ, եթե անգամ «համերաշխ» գործունեության անցյալը մոռանանք, չի փորձի համագործակցել մի ուժի հետ, որի համար ճամբարից ճամբար թռիչքների վրա մարզվելը դառնում է կենսակերպ։
Այս ամենը հաշվի առնելովՙ առնվազն անազնիվ պետք է որակել այն խաղը, որը խաղում է ՀԺԿ-ն. մի ձեռքով ցեխ շպրտել ՀՀԿ-ի երեսին, մյուսով նրանից ընտրական հանձնաժողովում տեղեր մուրալ։ Ոչ, ավելի ճիշտՙ հոխորտալով պահանջել։ Բացի այդ, միեւնույն նպատակներով համախմբված մյուս 12 կուսակցությունների նկատմամբ տարվող խաղը եւս անազնիվ է։ Ի վերջո նույն դաշտում գործող ընդդիմադիր ուժերից մի քանիսն ընտրական հանձնաժողովներում տեղեր ստացել են։ Եվ եթե խնդիրն ընտրությունները վերահսկելի պահելն է, ապա դա կարող է անել նաեւ այդ ուժերի միջոցով։ Հակառակ պարագայում այն տպավորությունն է ստեղծվում, թե ՀԺԿ-ն այդ ուժերին չի վստահում։ Միգուցե իսկապե՞ս չի վստահում...
Այս առումով ՀԺԿ-ի համար օրինակելի կարող է լինել իրենց մյուս «կեսի»ՙ ԺԴԿ-ի կեցվածքը։ Այս կուսակցությունը ՀՀԿ-ից, չնայած նախանձելի սերտ համագործակցությանը, պահանջատերի կեցվածք չընդունեց, ընտրական հանձնաժողովներում տեղեր չպահանջեց։ Եվ քանի որ ՀՀԿ-ն սովոր չէ առանց «դիմումի» շնորհումներ կատարել, ԺԴԿ-ն, ինչպես ասում են, մնաց փշալարերից կախված։ Սակայն հազիվ թե նորաստեղծ այս կազմակերպությունը համակերպվի այդ «կարգավիճակի» հետ։ Եթե ոչինչ չի պահանջում, դա դեռ չի նշանակում, թե ՀՀԿ-ի հետ ներքին պայմանավորվածությունները բացառվում են։ Այս պահին, սակայն, դժվար է ասելՙ կա՞ն նման պայմանավորվածություններ, թե՞ ոչ։
Սակայն վերջնական արդյունքում ԺԴԿ թե ՀՀԿ, ՀՀԿ թե ԺԴԿՙ էական տարբերություններ չկան, դրա համար էլ այս կտրվածքով սթրեսներ ունեցողներ, հիստերիաներից տառապողներ չեղան։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ