«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2002-08-21 | #148, 2002-08-22 | #149, 2002-08-23


«ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ՍՈՍԿ ԶԻՆՎՈՐ Է ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԻՆ»

Լեոնիդ Իվաշովի հոդվածը «Սովետսկայա Ռոսիա» թերթում

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի միջազգային հարցերով նախկին պատասխանատու, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը «Սովետսկայա Ռոսիա» թերթի օգոստոսի 8-ի համարում «Կովկասյան ռազմավարություն» հոդվածում անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին։ «Կարելի է անվերջ կշտամբել Շեւարդնաձեին չեչեն գրոհայինների հանդեպ հիմար դիրքորոշում ցուցաբերելու, հրապարակային հակառուսական քաղաքականության համար, համոզել, որ նրա որդեգրած գիծը վտանգավոր է, բայց, ավաղ, նա կովկասյան խաղատախտակին խաղացող չէ, այլ ընդամենը զինվորՙ ինքնակամ տրված «շախմատիստներից» մեկին ծառայելու։ Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ Վրաստանի քիչ թե շատ առանցքային պետական կառույցներում վաղուց նստած են ամերիկացի, թուրք եւ նատոյական այլ խորհրդականներ։ Օրինակ, պաշտպանության նախարար Թեւզաձեն ԱՊՀ-ի շրջանակներում, երկկողմ ֆորմատում, չի նախաձեռնում որեւէ քայլ, քանի դեռ չի ստանում խորհրդականների թույլտվությունը, որոնք նստած են ՊՆ շենքի չորրորդ հարկում», գրում է ռուս գեներալը։

Լեոնիդ Իվաշովը նկատում է, որ 1999 թ. ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովում, որտեղ վճռվում էր Վրաստանում տեղաբաշխված ռուսական ռազմակայանների դուրսբերման հարցը, վրացական կողմից գլխավոր խաղացողը Շեւարդնաձեն չէր, այլՙ տկն Օլբրայթը. «Հենց նա Իգոր Իվանովից պահանջեց տողերիս հեղինակին հեռացնել բանակցություններից»։

Ռուս գեներալը, անդրադառնալով վրացական բանակի աղետալի վիճակին, ամերիկացիների օգնությամբ վրացական չորս գումարտակների պատրաստմանը, վերլուծականում գրում է. «Վրաստանն ամերիկացիներին անհրաժեշտ է որպես ցատկահարթակ ռուսական եւ իրաքյան նավթի վրա հարձակում կատարելու եւ կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու, ինչպես նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ կամակոր Իրանի վրա ճնշում բանեցնելու համար»։

«Իսկ ի՞նչ է հակադրում Ռուսաստանն ամերիկյան ռազմավարությանը, ո՞րն է նրա հակառազմավարությունը եւ կա՞ արդյոք նման հակառազմավարություն ընդհանրապես։ Ռուսական իշխանությունները եւ քաղաքական էլիտան արդյոք հասկանո՞ւմ են, որ չեչենական պատերազմը, Վրաստանի քաղաքականությունը եւ մարդու իրավունքների մասին Արեւմուտքի մտահոգություններն ընդհանուր ռազմավարության էությունն են, որի վերջնական նպատակը Հյուսիսային Կովկասը Ռուսաստանից կտրելն է եւ դրանից հետո պետության մասնատումը ցինիկ «շախմատիստ» Բժեզինսկու նախագծով։ Այս տարվա մարտի 5-ին այդ «շախմատիստը», պատասխանելով իմ հարցին, թե հավատո՞ւմ է Ռուսաստանի մասնատման դրույթին, բացահայտ պատասխանեց. «Պարոն գեներալ, եղեք իրատես։ Ամեն ինչ դրան է գնում», գրում է Իվաշովըՙ Բորիս Ելցինի քաղաքականությունը համարելով հակառուսական։ «Պուտինի իշխանության գալով Ռուսաստանի վարքագիծը փոքր-ինչ փոխվեց, երեւան եկավ քաղաքականությանը նման ինչ-որ բան։ Այցագրային կարգ մտցնելը, Աբխազիայում ռուսական խաղաղարար ուժերի դիրքերի ամրապնդումը փոքր-ինչ սթափեցրին Վրաստանի սանձարձակ առաջնորդին։ Բայց իզուր չեն Շեւարդնաձեին ասում «ծեր աղվես», գրում է ռուս գեներալը։

Լեոնիդ Իվաշովը տալիս է բնական հարց. ինչո՞ւ ամերիկյան ռազմավարները, որոնք խաչակրաց արշավանք են հայտարարել իսլամական ահաբեկչությանը, ձայն չեն հանում Վրաստանի տարածքում ահաբեկիչների առկայության փաստի առթիվ եւ նույնիսկ չեն կշտամբում Շեւարդնաձեինՙ ահաբեկիչներին սիրահետելու համար։ Պատասխանը բավական հեշտ է գտնել. «Իսլամ արմատականները եւ հյուսիսկովկասյան մաֆիոզ կլաններն այսօր Կովկասում ամերիկյան խաղատախտակի թեթեւ ֆիգուրներ են։ Հենց նրանք պետք է հայտարարեն Մոսկվայի ենթակայությանը չենթարկվելու մասին։ Այնպես, ինչպես եղավ Չեչնիայի հետ Խասավյուրտի համաձայնագրից հետո»։

Իվաշովը զգուշացնում է, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չպետք է ներխուժի Վրաստան, ռմբահարի Պանկիսի կիրճը, եթե նույնիսկ ամերիկացիները խնդրեն։ Դա միայն կարագացնի Հյուսիսային Կովկասը Ռուսաստանից կտրելու գործընթացը, առաջ կբերի հակառուսական տրամադրություններ ոչ միայն Վրաստանում, այլեւՙ Ռուսաստանում, եւ 2003¬2004 թթ. ընտրություններում Ռուսաստանի արեւմտամետ ուժերին դրսեւորվելու լավ հնարավորություններ կտա։ «ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը «բոլոր ժամանակների եւ ժողովուրդների մեծագույն ռազմավար» Կվաշնինի գլխավորությամբ այնպես կկազմակերպի օպերացիան, որ ոչ մի գրոհային չսպանվի, իսկ ռուսական եւ համաշխարհային ԶԼՄ-ները օրերով կպտտեն սպանված ծերերի եւ երեխաների մասին պատմող տեսաերիզները», գրում է ռուս գեներալը։

Իվաշովի կարծիքով, Ռուսաստանն ամեն դեպքում Վրաստանում կներքաշվի արկածախնդրության մեջ, կովկասյան աշխարհաքաղաքական նախագծի հեղինակների ծափահարությունների ներքո եւս մի քայլ կկատարի դեպի ինքնակործանում։ «Ժամանակային առումով դա ըստ ամենայնի կհամընկնի Իրաքի եւ ողջ արաբական աշխարհի դեմ ամերիկա-իսրայելյան ագրեսիային։ Այդ ժամանակ Ռուսաստանը կրկին կհայտնվի «իսլամական ահաբեկչության դեմ պայքարող մարտիկների» շարքումՙ ավելի ու ավելի կորցնելով ինքնուրույն դերը համաշխարհային քաղաքականության մեջՙ դառնալով օբյեկտ օտար խաղում», այս հոռետեսությամբ է ավարտվում Իվաշովի վերլուծական հոդվածը «Սովետսկայա Ռոսիա» թերթում։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4