«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2002-08-21 | #148, 2002-08-22 | #149, 2002-08-23


ՀԱԶԱՐԱՎՈՐՆԵՐ ՎԵՐՀԻՇՈՒՄ ԵՆ ԷԼՎԻՍԻՆՙ ՉԻՄԱՆԱԼՈՎ, ՈՐ ՆԱ ԱՊՐՈՒՄ ՈՒ ՇՆՉՈՒՄ Է... ԵՐԵՎԱՆՈՒՄ

Տասնյակ հազարավոր երկրպագուներ անցյալ ուրբաթ օրվանից մինչեւ կիրակի Գրեյսլենդում (Մեմֆիս) հավաքվել էին նշելու ռոքի արքա Էլվիս Փրեսլիի մահվան 25-ամյակը։ Աննպաստ եղանակը, որի պատճառով մեկ ժամով հետաձգվել էր միջոցառումը, չէր խանգարել մարդկանց հոծ բազմությանը վառած մոմերով այցելել նրա շիրիմին եւ առանձնատուն, որը նա վերջին անգամ թողել էր 1977 թ. օգոստոսի 16-ին եւ 42 տարեկանում թմրադեղերի ազդեցության տակ սրտի կաթվածից մահացել։ Ըստ ինտերնետային տեղեկությունների, այս օրերին ավելի քան 75 հազար մարդ այցելել է Մեմֆիս։ Նրանց թվում Էլվիսի կինըՙ Պրիսիլան, դուստրն ու միակ ժառանգըՙ Լիզա Մարին, որը վերջերս ամուսնացավ դերասան Նիկոլաս Քեյջի հետ։

Բացի Մեմֆիսից, Ֆիլիպիններում եւ այլ երկրներում ու քաղաքներում Փրեսլիի տոնակատարություններ, կրկնօրինակումների մրցույթներ են տեղի ունեցել ռեկորդային թվով մարդկանց ներկայությամբ։ Նրա լավագույն եւ մտերիմ ընկեր Ջո Էսպոսիտոն գիրք է հրատարակել նրա մասին։ Ֆոքս, Յունվերսալ եւ Ռայնո ընկերությունները թողարկել են նրա մասնակցությամբ ֆիլմերի նոր DVD տարբերակներ եւ այլն։

Մինչ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններում նրա մասին հուշերով են ապրում, այստեղՙ Երեւանում ապրում է մի երիտասարդ, որը «շնչում» է նրանով։ «Սերս դեպի Էլվիսը սկսեց նրան երկրպագելուց։ Այժմ նա դարձել է իմ կյանքի փիլիսոփայությունը։ Երբ դու խորանում ես եւ լուրջ ուսումնասիրում նրան, Էլվիսը կուռքից վերածվում է մտերիմ անձնավորության», ասում է 18-ամյա Նարեկ Մակարյանը, որը ոչ միայն արտաքուստ է նման 60¬70-ականների ռոք արքա Էլվիս Փրեսլիին, այլեւ ներքուստՙ հոգեպես։ «Ես իրոք զգում եմ իրեն եւ փորձում կատարելագործել ինչպես իմ շարժումներն, այնպես էլ երգի տոնայնությունը», ավելացնում է Նարեկը։ Նրա սենյակը Փրեսլիին նվիրված մատուռի է նման։ Ամեն մի անկյունում ինչ-որ բան հիշեցնում է 1977-ին մահացած ռոք գերաստղին, որն այս տարվա հունվարին 67 տարեկան էր լինելու։ Մակարյանի սերը սկսվել է մի շատ վատ որակի տեսագրություն դիտելուց։ Մինչ այդ «Քուին» («Queen») խմբին է շատ հավանել։ Այժմ նա երազում է համախոհներ գտնել եւ Երեւանում մի ակումբ հիմնել Էլվիսի անունով։ Դրա համար նա բավականաչափ նյութեր հավաքել էՙ հոդվածներ, նկարներ, երիզներ, տեսագրություններ, մի խոսքովՙ այն ամենը, ինչ ձեռքն է ընկել Էլվիսի մասին։ Նարեկն ապրել է Մոսկվայում, հետո տեղափոխվել Երեւան։ Սկզբում այստեղ վերաբերմունքն իր նկատմամբ այնքան էլ նպաստավոր չի եղել։ Ամաչել է իր արտաքինից, որովհետեւ մարդիկ սեւեռուն հայացքով են նայել, բայց այժմ, հատկապես երիտասարդների շրջանում, մեծ համակրանք է վայելում։ «Տես ով է գալիս, ռոքի արքան։ Ո՞վ է ասում, որ Էլվիսը մահացել է», ասում են նրանքՙ հավաքույթների ընթացքում խնդրելով, որ մի երգ երգի իրենց համար։ Նրանք հիացական բացականչություններով են լսում Էլվիսի երգերի նրա կատարումները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4