Անվանակոչում. կարեւոր է՞, թե՞ ոչ։ Որեւէ ծնող պատահական անուն կընտրի՞ իր նորածնի համար։ Անվանակոչությունը երբեմն օրեր է տեւում, ընտանիքի անդամներով խորհրդի են նստում, մինչեւ իսկ վեճեր են լինում, անհամաձայնություններ։ Անհաջող անվանակոչության դեպքում տարիներ անց դժգոհ անվանակոչյալը հաճախ բազմաթիվ խոչընդոտներ է հաղթահարում անվանափոխության համար։ Կան դեպքեր էլ, երբ «տառապում» են իրենց անվան համարՙ հոգեբանական բարդույթներ ունենումՙ հաճախ հեգնանքի կամ ծաղրանքի արժանանալով հասակակիցներից։ Այնպես որ անուն դնելն էլ պատասխանատու գործ է։ Երբեմն այս երեւույթը մեզանում մոդայիկ մի բան է դառնում, ինչպես հագուստի կամ սանրվածքի նորաձեւությունը։ Եթե տարածվում է մի անուն, 10-ից 7-ը կրում է դա։
Սա անձնանունների պարագայում։
Ապրանքատեսակների անվանումն էլ այսօր պակաս կարեւոր չէ, որակը, դիզայնը, փաթեթավորումը, ներկայացնելու եղանակը, ամեն մանրուք ազդում է գնորդի վրա։ Ընտրության լայն հնարավորության դեպքում ավելի բծախնդիր ես դառնում։ Իսկ ինչ գովազդին է վերաբերում, այն ավելի ազդեցիկ է, եթե խոսքը կարճ է, հստակ եւ դիպուկ։ Ճաշակով գովազդի մասին է խոսքը, մանավանդ անվերջ կրկնվելու դեպքումՙ գլուխ չցավեցնող։ Իսկ մեր հեռուստատեսային, հատկապես ալկոհոլային խմիչքների գովազդները առնվազն տարակուսանք են առաջացնումՙ երկար-բարակ օղիները, գինիներն ու հանքային ջրերը գովազդող հայրենաշունչ տեքստերով։ Լեռների գլխով անցած հողմերի շառաչյունի, վայրկյանի պես անցնող դարերի իմաստնության, ցորյանի հասած արտերի ծփանքի, հայկական շատ զուլալ երկնքի եւ մեր հավերժ լինելիությամբ տոգորված, ազգային-հայրենասիրական բովանդակությամբ ու պաթոսով արտասանվող խոսքերով պիտի ներշնչվես ու գնաս խանութՙ գնելու օղիներ, արեւահամ գինիներ, հանքային ջրեր կամ ասենք... «Տիգրան Մեծ» մածուն։ Ի դեպ, այս մածունների մասին։ Ամեն օր լսում ենք կաթնամթերքի «կայսերապաշտական» գովազդները, ապա վաճառքում հանդիպում «Տիգրան Մեծ» կաթնաշոռ, թթվասեր, կամ ասենք «Նոյ» մակարոն։ Սիրում ենք, չէ՞, հպարտանալ մեր փառահեղ անցյալովՙ ծովից ծով Հայաստան, Տիգրան Մեծի հզոր թագավորություն։ Բայց պատկերացնո՞ւմ եք «Պետրոս I», «Լյուդովիկոս XIV» Կեֆիր կամ յոգուրտ։ Մածնի կամ մակարոնի որակի կամ վաճառքի վրա «Տիգրան Մեծ» անվանումը ազդեցություն կունենա՞։ Կասկածում եմ։ Մեկ էլ ու Տիգրան արքան շրջեր ու տեսներՙ ինչպես են պատվում իրեն «արժանի» հետնորդները։
«Աշտարակ կաթ» պաղպաղակներից մեկի թղթի վրա (ընկույզի միջուկով, շոկոլադով պատված) կարդում եսՙ ջնարակված։ Բառարանային նիրհող բառՙ արխայիկ նշանակությամբ. հոմանիշային արժեքներովՙ ջրդեղված, վերնիճված, փայլեցված (Ա. Սուքիասյան «Հայոց լեզվի հոմանիշների բառարան»)։
Ջնարակ-1. Որոշ ծառերից հոսող սպիտակ-դեղնավուն ռետինային խեժ։ 2. Ապակենման ձուլվածք (սովորաբար այդ խեժից պատրաստվող), որով պատում, ձուլում են խեցեգործական առարկաները, վերնիճ, ապակեներկ (Էդ. Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան»)։
Զարմանում եսՙ պաղպաղակի ի՞նչն է ջնարակված, եթե հոմանիշային արժեքով վերցնենք փայլեցված բառը, այդ ինչով է փայլեցվածՙ շոկոլադո՞վ։ Եվ վերջապես, բառերն էլ իրենց գործածման տեղերն ունեն։ Ամեն բառ չէ, որ ամեն տեղ կարելի է կիրառել, բառարանից վերցնել ու շրջանառու դարձնել հատկապես խոսքի կենցաղային մակարդակներում։ Ծիծաղելի չդառնանք։ Սա բառիմաստի չիմացությո՞ւն է, թե՞ անհաջող գովազդի միջոց։
Մանրուքներ են, ուշադրության անարժան, շատերը կասեն։ Բայց ամեն ինչ տեղին գործածության մեջ է ճիշտ ընկալելի, արդյունավետ, ազդեցիկ եւ վերջապես շահավետ։ Իսկ թե ինչու որոշ արտադրանքների պիտակների վրա հայերեն տառերն իսպառ բացակայում են, սա առանձին քննարկման թեմա է։ Ինչ է, կխախտվի՞ բարձրաճաշակ ձեւավորումը, թե՞ հայերեն գիրն է անվայել։
Մեկ ուրիշ հարց է պիտակների, գովազդային պաստառների եւ ավտոմեքենաների վրա տվյալ ապրանքն արտադրող իրավաբանական անձի տեսակի նշումը կամ առհասարակ հապավումային արտահայտությունըՙ ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԹՏԽՏ ԲԲԸ։ Սպառողի ինչին է պետք, թե դու ՍՊԸ ե՞ս, թե՞ այլ բան։ Դրանք կարելի է գրել պաշտոնաթղթերի վրա կամ պիտակի հետեւի մասումՙ շատ մանր տառերով։
Մեկ այլ հիվանդություն է ապրանքների պիտակների վրա Made in Republic of Armenia կամ Product of Republic of Armenia գրելը։ Made in Armenia-ն բավարար չէ՞։ Տեսե՞լ եք երբեւէ, օրինակ ֆրանսիական որեւէ արտադրանք, որի վրա գրված լինի Republique Francaise։ Կարիք կա՞ հանրապետություն բառը նշել։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ