ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի տվյալները 2002 թ. առաջին կիսամյակում։
Ըստ ԱՎԾ տեղեկագրության, ԼՂՀ համախառն ներքին արդյունքը հունվար-հունիս ամիսներին կազմել է 9832.1 մլն դրամՙ 7.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի մակարդակը։ Այդ թվաճն ապահովվել է ապրանքների ու ներմուծման զուտ հարկերի, նյութական եւ ոչ նյութական արտադրության ոլորտների հաշվին։
Արդյունաբերության բնագավառում, նշված ժամանակում, փաստացի գներով հանրապետությունում թողարկվել է 3301.8 մլն դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվելՙ 3359.2 մլն դրամի պատրաստի արտադրանք։ 2000 թ. հունվար-հունիս ամիսների համեմատ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի եւ իրացման ինդեքսները կազմել են, համապատասխանաբար, 120.3 եւ 124.3 տոկոս։ Ավելացել է նաեւ արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակըՙ 2884 մարդ։
Իբրեւ նոր արտադրություններՙ սկսվել է թռչնամսի ու պոլիէթիլենային խողովակների արտադրությունը, իսկ ադամանդների վերամշակումը զգալիորեն ընդլայնվել է։
Գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքը կիսամյակի ընթացքում, փաստացի գներով, կազմել է 3482.0 մլն դրամ։ Թվաճն այստեղ համեմատաբար համեստ էՙ 1.1 տոկոս։ Համախառն արտադրանքի 77.1 տոկոսը կազմում է անասնապահությունը, 22.9 տոկոսըՙ բուսաբուծությունը։ Գյուղմթերքների արտադրության ծանրակշիռ բաժինը պատկանում է կաթի արտադրությանըՙ (52.3 տոկոս), իսկ նվազագույնըՙ ձվի (9.1 տոկոս)։
Շինարարության բնագավառում եւս աճի տեմպերը համեստ են. հունվար-հունիս ամիսներին Արցախում իրականացվել է 2314.2 մլն դրամի կապիտալ շինարարություն (104.1 տոկոս)։ Աշխատանքների այդ ծավալն ապահովվել է կազմակերպությունների, բնակչության, օտարերկրյա ներդնողների, մարդասիրական օգնության միջոցների հաշվին։ Միեւնույն ժամանակ, 37.6 տոկոսով կամ 405.7 մլն դրամով նվազել է պետբյուջեի միջոցներով իրականացված շինաշխատանքների ծավալը, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին շինարարական աշխատանքների ծավալը կրճատվել է 43.8 տոկոսով (197.4 մլն դրամ)։
Շոշափելի են ձեռքբերումները կապի ոլորտում։ Կիսամյակում կապի ձեռնարկությունների գործունեությունից ստացված գումարը, փաստացի գներով (ներառյալ ԱԱՀ-ն), կազմել է 376.9 մլն դրամ եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31.9 տոկոսով։ Հիմնական հեռախոսային ապարատների թիվն աճել է 2410-ով (17.0 տոկոս) եւ կազմել 16593 միավոր։ Անցած վեց ամսվա տվյալներով, բջջային ցանցի ապարատների թիվը ԼՂՀ-ում կազմել է 520 հատ, տաքսոֆոնների քանակըՙ 11 միավոր եւ ինտերնետ ցանցի բաժանորդների թիվըՙ 44։
Զբաղվածության առումով թվաճը մեծ չէՙ 3.7 տոկոս։ Տնտեսության տարբեր ճյուղերում զբաղվածների (վարձու աշխատողների) միջին ցուցակային թվաքանակը հունվար-հունիս ամիսներին կազմել է 27184 մարդ։
Տնտեսությունում զբաղված մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը 29.326 դրամ է, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավել է 1092 դրամով։
Աճել են նաեւ բնակչության դրամական եկամուտները եւ ծախսերը, համապատասխանաբար, 8.3 եւ 13.6 տոկոսով։ Դրամական եկամուտներում առկա է գրեթե բոլոր եկամտատեսակների աճ։
Համախմբված բյուջեի եկամուտները եւ պաշտոնական տրանսֆերտները 2002 թ. վեց ամսվա կտրվածքով կազմել են 1473.8 մլն դրամՙ 10.3 տոկոս համեմատական թվաճով։ Դրա 76.4 տոկոսը պետական եւ համայնքային բյուջեների եկամուտներն են, իսկ 23.6 տոկոսըՙ կենսաթոշակային հիմնադրամի։
Համախմբված բյուջեի ծախսերը հունվար-հունիս ամիսներին կազմել են 5180.8 մլն դրամՙ 4.3 տոկոս համեմատական թվաճով։
Պետբյուջեի ցուցանիշները 2002 թ. առաջին կիսամյակում այսպիսի պատկեր ունեն։ Բյուջեի մուտքերը, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ 20.5 տոկոսով աճելով, կազմել են 5505.9 մլն դրամ, իսկ ծախսերըՙ 4727.0 մլն դրամՙ համեմատական ցուցանիշը հասցնելով 6.3 տոկոս աճի։
Առեւտրային բանկերի վարկային ներդրումները (դրամով եւ տարադրամով) կազմել են 3562.8 մլն դրամ։ Վարկային ներդրումների 20.9 տոկոսը հուլիսի 1-ի դրությամբ իրականացվել է արդյունաբերությունում, 27.6-ըՙ գյուղատնտեսությունում, 18.4-ըՙ շինարարությունում, 9.3-ըՙ առեւտրում եւ 23.8 տոկոսըՙ այլ ճյուղերում։
Արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 15071.2 մլն դրամՙ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 72.7 տոկոսով։ Առավելապես ավելացել է արտահանումըՙ 3.7 անգամ։ Աճի նման բարձր մակարդակը, համաձայն ԱՎԾ տեղեկագրության, բացատրվում է վերաարտահանմամբ։
Քիչ այլ է վիճակը ժողովրդագրության ոլորտում։ Թեպետ տարեսկզբի համեմատ ԼՂՀ բնակչության թվաքանակը ավելացել է 0.8 հազարով (0.6 տոկոս), սակայն նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նոր ծնունդների թիվը նվազել է 125-ով (11.0 տոկոս)։ Բնակչության բնական հավելաճը 2001 թ. հունվար-հունիս ամիսների համեմատ նվազել է 216 մարդով։ Այդուհանդերձ, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բնական հավելաճը դրական էՙ 359 մարդ։
ԼՂՀ եկողների ու հանրապետությունից մեկնողների թվաքանակի հարաբերակցությունը հետեւյալն էՙ 848 եւ 375 մարդ։ Մեխանիկական հավելաճը կազմել է 473 մարդ, որը համեմատելի ժամանակահատվածում նվազել է 42.5 տոկոսով։
2002 թ. հունվար-հունիսին ԼՂՀ-ում ծնված 1012 երեխայիցՙ ընտանիքում երրորդ կամ հաջորդ հանդիսացող 285 երեխայի համար բացվել են 271600 ԱՄՆ դոլարի չափով ավանդներ։ Ի համեմատությունՙ 2001 թ. նույն ժամանակաշրջանում նման կարգավիճակի 334 երեխայի համար բացվել էին 301500 ԱՄՆ դոլարի չափով ավանդներ։
Իրավական ոլորտում, ըստ տեղեկագրության, պատկերը առաջին կիսամյակում այսպիսին է։
Գրանցվել է 347 հանցադեպ (1.5 տոկոսով ավելի), որոնց մեջ քրեական հանցագործության տեսակարար կշիռը կազմում է 64.3 տոկոս։ Մեկ դեպքով նվազել են շարժակազմի հետ կապված պատահարներըՙ 14 դեպք։
Գրանցվել է վարչական իրավախախտումների 1032 դեպք, որոնց առնչությամբ որոշում է կայացվել 981 անձանց նկատմամբ։
Դատական ակտերի բոլոր կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարները կազմել են 4470.9 մլն դրամ, որից վերականգնվել է 279.3 մլն դրամը, նշվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տեղեկագրության մեջ։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ