Վայոց ձորի մարզի ամենահայտնի ընկերությունՙ «Ջերմուկ գրուպ», նախագահն այցելեց այստեղ գտնվելու երկրորդ օրը։ «Ջերմուկ գրուպը» հիմնադրվել է 1999 թ.։ Գտնվում է հանքային ջրի անմիջապես ակունքի մոտ, հագեցած է նորագույն սարքավորումներով։ Այս ընթացքում ընկերությունում աշխատողների թիվը եռապատկվել էՙ 50-ից հասնելով 150-ի, որոնք ստանում են 100 դոլարին համարժեք միջին աշխատավարձ։ Ձեռնարկությունում ընդհանուր առմամբ 3 մլն դոլար է ներդրվել։ Այժմ այստեղ արտադրվում է բնական գազով շշալցված «Ջերմուկ» հանքային ջուր եւ «Բյուրեղ» աղբյուրի ջուր, որոնք, բացի ներքին շուկայում սպառվելուց, արտահանվում են Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքմենստան, մերձբալթյան երկրներ, Բելգիա, Չեխիա, Լիբանան, ԱՄԷ։ «Ջերմուկ գրուպը» լավագույն որակի համար արժանացել է մի շարք պարգեւների եւ միջազգային մրցանակների։
Շաբաթ օրը ձեռնարկության արտադրամասերում շրջելուց հետո նախագահը մարզկենտրոն Եղեգնաձորում անցկացրեց խորհրդակցություն, որի ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում իր տպավորությունները հայտնեց լրագրողներին։
Մարզի գլխավոր խնդիրը Ռոբերտ Քոչարյանը համարեց ոռոգման եւ խմելու ջրի մատակարարումն ինքնահոս դարձնելը, որովհետեւ նախկինՙ խորհրդային ժամանակաշրջանում տեղադրված պոմպակայաններն այլեւս հնարավոր չէ օգտագործել։ Հիշեցնենք, որ այս նպատակով Համաշխարհային բանկից եւ գերմանական KfW կազմակերպությունից արդեն ստացվել են վարկեր ու դրամաշնորհներ։ Նախագահը նշեց, որ ներդրված գումարը կազմելու է 10¬12 մլն դոլար։
Ինչ վերաբերում է մարզի տնտեսության աշխուժացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը, ապա, նախագահի հավաստմամբ, այստեղ որոշ հարցերի լուծումներ կտրվեն։ Խոսքը մասնավորապես գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունների զարգացման մասին է։ Հեռանկարներ կան գինեգործության զարգացման համար։ Վայոց ձորում է աճում հայկական գինիներից թերեւս ամենաճանաչված «Արենի» գինու նույնանուն խաղողը։ Նկատի ունենալով «Արենի» գինու արտահանման հնարավորությունները, որի մասին նշեցին «Վեդի Ալկոյի» եւ մյուս գինեգործական ընկերությունների ղեկավարները, կարելի է եզրակացնել, որ մոտ ապագայում այս ճյուղը զարգացման լայն հեռանկարներ է ձեռք բերում։
Գյուղատնտեսության զարգացմանը նպաստող լուրջ գործոն Ռոբերտ Քոչարյանը համարեց ճանապարհաշինության ծավալումը, որին ականատես եղան պատվիրակության անդամներն ու լրագրողները մարզ ժամանելիս։ Դա, ըստ նախագահի, հրապուրիչ կդարձնի մարզը ձեռնարկատերերի համար։
Մարզպետարանում եւ Ջերմուկի քաղաքապետարանում քննարկման առանձին նյութ է եղել Ջերմուկըՙ որպես առողջարանային քաղաք։ Նախագահի հաղորդմամբ, այստեղ տեղաշարժ կա, յուրաքանչյուր տարի աճը կազմում է մոտ 20 տոկոս։ Սակայն նա իր դժգոհությունը հայտնեց, ասելով, որ աճը կարող էր լինել ավելի մեծ, բայց լուրջ ներդրումներ այստեղ չեն արվում։ Ճիշտ է, առողջարանները ծանրաբեռնված են գրեթե 95 տոկոսով, բայց դա միայն ամառային ամիսներին է, եւ պետք է ձգտել, որ այդ համալիրն աշխատի ոչ միայն ամռանը, այլեւՙ ամբողջ տարին։
«Ազգի» հարցը վերաբերում էր «Ջերմուկ» հանքային ջրի աղբյուրի տնօրինմանը։ Այն պատկանում է «Ադամանդ Կ» ընկերությանը, որը զբաղվում է պետության սեփականություն հանքային ջուրը շշալցնող ձեռնարկություններին վաճառելով։ Դրա հետեւանքով տուժում են ե՛ւ սպառողը, ե՛ւ արտադրողը։ Նախագահը, պատասխանելով այս հարցին, նշեց, որ 1,5¬2 տարի առաջ վիճակն այլ էր, եւ հարցն իր տեղեկություններով կարգավորված է։ Սակայն նա ավելացրեց, որ քանզի հարցադրումը կա, ապա պետք է եւս մեկ անգամ անդրադառնալ խնդրի էությանը։ Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, հանքի համար պատասխանատու կազմակերպություն պետք է լինի, եւ մասնավորն ավելի լավ կիրականացնի այդ գործը, քան պետական կազմակերպությունը։
Մեր կողմից կցանկանայինք նշել, որ այդ դեպքում հարկ է նաեւ հստակ ամրագրել հանքի տնօրինման հանձնման կանոններըՙ սահմանել որոշակի մարժա. մրցույթ հայտարարել այդ կապակցությամբ եւ այլն։
Բացի զուտ Վայոց ձորի խնդիրները ներկայացնելուց, նախագահն անդրադարձավ երկրի ընդհանուր տնտեսական ցուցանիշներին, նշելով, որ այս տարվա առաջին 7 ամսվա արդյունքներով համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 9,7 տոկոս։ Արդյունաբերության աճը եղել է 22 տոկոս։ Աճել է նաեւ արտահանումը։
Անդրադառնալով Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու խնդիրներին, մասնավորապես կապված գյուղատնտեսության հարկման հետ, Ռոբերտ Քոչարյանը նախ նշեց, որ դրան մենք անցնելու ենք 2009 թ.-ից, ապա հայտնեց, որ կիրառվելու են գյուղատնտեսությունը խթանելու այլ ձեւերՙ մասնավորապես սուբսիդավորման եղանակով։ Իսկ ընդհանուր առմամբ ԱՀԿ-ին անդամակցելը կբերի արտահանման ծավալների աճ։
Նախագահը, պատասխանելով լրագրողների վերջին հարցին, հայտնեց նաեւ, որ կադրային փոփոխությունների վերաբերյալ ինքը չի մտածել եւ չի քննարկել որեւէ մեկի հետ։ Այդ լուրերը, նրա կարծիքով, տարածվում են, որպեսզի խաթարեն հարկային եւ մաքսային մարմինների (որոնց ղեկավարների փոփոխության մասին խոսվում էր) նորմալ աշխատանքը։ Իսկ ընդհանրապես մինչեւ ընտրությունները նվազագույնի են հասցվելու կադրային փոփոխությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ հնարավոր չէ չփոխել։ Այսինքնՙ երբ տվյալ ոլորտում աշխատանքները տապալվել են։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ