ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանում վաճառվող սննդամթերքների գրեթե 90%-ի փաթեթների վրա բացակայում են արտադրող ձեռնարկության, արտադրանքի թողարկման եւ նրա պիտանիության ժամկետների, զտաքաշի եւ այլՙ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով պահանջվող, տվյալներից առնվազն մեկը։ Ինչպես հայտնեց Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, 1,5 տարի տեւած ուսումնասիրությունների արդունքում, մասնավորապես, պարզվել է, որ մի շարք սննդամթերքների բաղադրությունը չի համապատասխանում փաթեթավորման վրա նշվածին։ Այսպես, վաճառքի հանված սուրճի որոշ տեսակների մեջ կոֆեինի, իսկ շաքարավազի մեջ սախարոզի պարունակությունը շատ դեպքերում նորմայից պակաս է եղել։
Նշվեց, որ Միության նախաձեռնությամբ «Երկրհանքջուր» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայում, ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնում եւ Առողջապահության ազգային ինստիտուտի Հիգիենայի ամբիոնի սանիտարա-հիգիենիկ լաբորատորիայում փորձագիտական քննության են ենթարկվել 7 ընկերությունների կողմից արտադրվող «Ջերմուկ» հանքային ջրերը։ Ըստ լաբարոտարիաների եզրակացության, «Սուպեր գրուպ», «Վայոց-Ջուր», «Վարանցով եւ որդիներ» եւ «Արվա» ընկերությունների թողարկած արտադրանքը չի համապատասխանում դրանց պիտակներին նշված բաղադրությանը։
Ըստ Ա. Պողոսյանի, Երեւանում կատարված ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ վաճառվող հացի գինը չի համապատասխանել քաշին եւ տեսակին. արտադրանքի քաշը մինչեւ 30% պակաս է եղել պահանջվածից։