«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2002-08-23 | #150, 2002-08-24 | #151, 2002-08-27


ՎԱՂՎԱ ՀԱՄԱՐ

30 նորագիրներ եւ ՀՌԱԿ նոր ակումբ Տավուշի մարզում

Եթե օտար քաղաքից, օտար երկրից ելածդ գոնե մեկ-երկու շաբաթով գալիս, հասնում ես Դիլիջան ու Իջեւանՙ հանգստանալու, զգում ես, որ էս հրաշք երկրին 10¬12 տարի տեր չենք կանգնել, էս հարուստ երկիրը 10¬12 տարի թողել ենք մեր ցորենի մեջ մեծացած, մեր ցորենով մեծացած մկանը, որը տռզել-մեծացել է ու մեր բաժին հատիկը ինքն է ուտում, իսկ ինչ չի հասցնում ուտել, փչացնում-ծախում է։ Էսպեսՙ Դիլիջանի «Իմպուլս» գործարանի նախկին բանվոր Ռազմիկ Ալեքսանյանը պիտի կարոտն ունենա մինչեւ 3 հազար բանվոր ունեցող իր ավերված-ավերակված գործարանի, էսպես Իջեւանի գորգագործական ֆաբրիկայի նախկին բանվորուհի Սվետլանա Գրիգորյանը պիտի կարոտն ունենա հարյուրավոր ընտանիքներ պահող-կերակրող իր նախկին ֆաբրիկայի, էսպես ազատամուտցի Լարիսա Հակոբյանը պիտի ցավ զգա, որ գրագետներով ու բանիմաց մարդկանցով լի իր գյուղում այսօր գրեթե աշխատատեղ չկա։ Ու «Ծիծաղի տան» տնապետ Արամայիս Սահակյանին պիտի զարմացնի, որ դիլիջանցին ոչ միայն չի ծիծաղում, այլեւ չի ժպտում։ Ինչի՞ համար ժպտա։ Դեռ լավ է, որ խենթացած չի ծիծաղում։

10¬12 տարում մեր երկրի այս ծաղկուն մարզը գործած ու որոշ տեղերում դեռեւս գործող իշխանավորներն ամայացրին, դարձրին ծիծաղելի մի հովիտ, ուր մնացել են միայն նրանք, ովքեր իրենց տունն ու տեղը չեն լքել, ովքեր իրենց մեջ մի քիչ հավատ են պահել, որ էս քաղաքը, էս գյուղը, էս երկիրը կշենանա։

Մի քանի ամիս առաջ Իջեւանում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ։ Եթե նախկին քաղաքապետը վերընտրվեց, ապա ոչ միայն այն պատճառով, որ նրան սատարում էր Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը (իսկ ՀՌԱԿ-ն այստեղ արդեն մեծ հեղինակություն ունի), ապա նաեւ այն պատճառով, որ որոշակի աշխատանք կար արված։ Դիլիջանցիները դառը հումորով ասում են. «Դիլիջանի ներկայիս քաղաքապետն էլ է ցանկանում ամեն կերպ վերընտրվել, որովհետեւ ցուցադրելու բան կաՙ ավերված Դիլիջանը»։ Երրորդ ամիսն էՙ շատ ու շատ դիլիջանցիներ թոշակ չեն ստանում։ «Իմպուլս» գործարան կար, հիմա չկա, կաթի գործարան կար, կահույքի, տրիկոտաժի ֆաբրիկաներ կային, թատրոն կար... Հիմա չկան։ Էս «չկա»-ների շարանն այնքան երկար է, որ դժվար է շարունակել։ Ժամանակին 23 հազար բնակիչ ունեցող Դիլիջանն ամռան ամիսներին մինչեւ 100 հազար հովեկ ու հանգստացող էր ընդունում։ Հիմա քաղաքում հազիվ 8¬9 հազար մարդ է մնացել... Ահա եւ քեզՙ «ցուցադրելու, հպարտանալու բան» քաղաքի ներկայիս իշխանավորների համար։

Մարդկանց աշխատանք է պետք, առաջին հերթինՙ աշխատանք, որպեսզի դիլիջանցի Ռազմիկ Ալեքսանյանը ցավով ու վրդովմունքով չխոսի, որպեսզի գրագետ ու կիրթ ազատամուտցի Լարիսա Հակոբյանը չափսոսա իր գյուղում մեռնող գաղափարների ու ձգտումների համար, որպեզի...

Մի քանի օր առաջ ՀՌԱԿ Տավուշի մարզային շրջանակի ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած ՀՌԱԿ Հանրապետական վարչության արտագնա նիստի ժամանակ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, փոխատենապետ Հարություն Առաքելյանը, ատենադպիր Գառնիկ Հովակիմյանը, Հանրապետական վարչության անդամները սոսկ լսողի ու պարապ խոսք ասողի դերում չէին։ Իրենք պարզ մի բան էին ասում. տվեք արտադրություն կազմակերպելու կոնկրետ, հաշվեկշռված, հաշվարկված ծրագրեր, գտեք տեղացի մի հովանավոր, որ ի վիճակի լինի կատարել արտադրության կազմակերպման ծախսերի գոնե 10 տոկոսը, եւ մենք կգտնենք սփյուռքահայ ու օտարերկրյա գործարարներ, ովքեր կգան Դիլիջան, Իջեւան, Նոյեմբերյան, ու արտադրություն կկազմակերպեն։ Ռիսկ, իհարկե, կա արտասահմանցի ներդնողների համար, բայց եթե ընդամենը երկու ամիս հետո տեղական իշխանության մարմիններում իրենց քաղաքը, իրենց գյուղը սիրող, մկան ձգտումից հեռու մարդիկ լինեն, ապա քիչ-քիչ ոտքի կկանգնենք, կսկսենք մարդավայել ապրել։ Այս ամենը դժվա՞ր է իրականացնել Տավուշի մարզում։ Իհարկե, դժվար է, եթե դիլիջանցին, իջեւանցին, նոյեմբերյանցին հեռու կանգնեն, եթե չպայքարեն արդար ընտրությունների անցկացման համար։

Հանդիպումների ընթացքում շատ բանի մասին խոսվեց, շատ բան ասվեց։ Ու նույնիսկ ռամկավարության գաղափարախոսությանը դեռեւս նորածանոթ մարդիկ եկան լրացնելու մարզի ՀՌԱԿ 200-ից ավելի անդամների շարքերը։ 20 նորագիրներ Դիլիջան քաղաքում ստեղծեցին ՀՌԱԿ եւս մեկ ակումբ, իսկ 10-ը համալրեցին արդեն գործող «Դիլիջան» եւ «Ազատամուտ» ակումբները։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4