«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2002-08-23 | #150, 2002-08-24 | #151, 2002-08-27


ԹՈՒՐՔԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ԻՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ

Կարսի Ս. Առաքելոց մայր եկեղեցին մզկիթի է վերածվել

Ավելի քան յոթ տասնամյակ փակ մնալուց հետո Կարսի հռչակավոր Սրբոց Առաքելոց մայր եկեղեցին վերաբացվել է որպես... մզկիթ։

Անցյալ տարի եկեղեցու շրջակայքը շինհրապարակային պարսպով էր շրջապատվել։ Կարս այցելող հայերին եւ օտարներին արգելվել էր մուտք գործել շինհրապարակից ներս։ Այսուհանդերձ, նրանք նկատել էին, որ եկեղեցու ներսում եւ բակում շինարարական ինչ-որ աշխատանքներ են կատարվում։ Այս տարի պարզվեց, որ այդ աշխատանքների նպատակն էր հայոց եկեղեցին թուրքական մզկիթի վերածել։

Հայկական գրավյալ տարածքներ այս ամառ այցելած ուխտագնացների վկայությամբ, արտաքինից նկատվող հիմնական փոփոխությունը մինարեթի կառուցումն է եկեղեցու անմիջական հարեւանությամբ, բակում։ Թե ի՞նչ թուրքավարի փոփոխություններ են կատարվել եկեղեցու ներսում, հասկանալի է, չենք կարող տեղյակ լինել (մզկիթ մուտք գործել թույլատրվում է միայն մուսուլմաններին)։

Կարս գետի ափին, Կարսի բերդի ստորոտին կառուցված Ս. Առաքելոց եկեղեցին, ինչպես նշում է նրանում վերջին պատարագներից մեկը մատուցած Գարեգին եպս. Հովսեփյանցը (հետագայում Կիլիկիո կաթողիկոս) Կարսի անկման մասին իր հուշագրության մեջ, «փոփոխական կեանք է ունեցել իւր շինութեան օրերից սկսած, հայ ժողովրդի նման» («Ոգուն չապաւինելու արդիւնքը», Երեւան, 2002, էջ 30)։

Տաճարը 10-րդ դարի երկրորդ կեսինՙ կառուցել է Կարսի թագավոր Աբասը։ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու նման, նրա արտաքին պատերը հարուստ են հայկական զարդանախշերով եւ բարձրաքանդակներով։ Ս. Առաքելոցի ճարտարապետական յուրահատկություններից է համեմատաբար մեծածավալ գմբեթը, որն առանձին գեղեցկություն է հաղորդում այս ճարտարապետական կոթողին։

Օտարները հենց առաջին օրից ձգտել են յուրացնել հայի մտքի թռիչքի ու հմուտ ձեռքերի այս ստեղծագործությունը։ Եկեղեցու կառուցումը դեռ չավարտած, Աբասի մոտ է գալիս դեպի Հայաստան արշավող աբխազների Բեր թագավորի սուրհանդակը. Բերը «խորհուրդ է տալիս» Աբասինՙ եկեղեցին չօծել Հայ առաքելական եկեղեցու ծեսով, քանի որ ինքը շուտով հասնելու է Կարս ու եկեղեցին օծելու է քաղկեդոնական ծեսով։ Գոռոզ Բերը, սակայն, հայոց զորքերի հետ ճակատամարտում պարտվում է եւ գերի ընկնում։ Հայոց արքան Բերին տանում է եկեղեցու մոտ եւ նրան «խորհուրդ տալիս» լավ նայել քաղկեդոնական ծեսով օծել ցանկացած եկեղեցուն, որովհետեւ այլեւս չի տեսնելու։ Բերը չի հասկանում հայոց արքայի ասածը, մինչեւ որ Աբասը հրամայում է փորել նրա աչքերը... Արժանի պատասխան հայոց գոռոզ թշնամիներին։

Թուրքմենների դեմ մղված Չլդրանի ճակատամարտից հետո օսմանյան սուլթան Սելիմ Ա-ն 16-րդ դարի առաջին քառորդին գրավում է նաեւ Կարսը։ Թուրքերը, ըստ իրենց սովորության, մզկիթի են վերածում հայոց չքնաղ եկեղեցին։ Դա տեւում է մինչեւ 1877 թ., երբ ռուսական բանակները, հայ զորահրամանատարների առաջնորդությամբ, թուրքերից խլեցին Կարսը. քաղաքն ու համանուն մարզը Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի Կոնգրեսի պայմանագրերով անցան ռուսական կայսրությանը։ Ռուսները հայ զորահրամանատների ու աշխարհազորայինների նվիրվածությանը «երախտագիտություն» հայտնեցինՙ մզկիթի վերածված Ս. Առաքելոց եկեղեցին վերածելով... ռուսական եկեղեցու (ռուսները քաղկեդոնական լինելովՙ իրականացրին Բեր թագավորի ցանկությունը 9 դար հետո, նույնը հայ եկեղեցիների հետ անում են քաղկեդոնական վրացիները մեր օրերում)։ Այդպես տեւեց չորս տասնամյակ, մինչեւ որ 1919 թ. ապրիլին Հայաստանի առաջին հանրապետության գերիշխանությանն անցան քաղաքն ու մարզը, եւ Ս. Առաքելոցը, հինգ դար օտարությունից հետո, վերադարձավ իրեն կերտող ժողովրդի գիրկը։ Դա տեւեց ընդամենը մեկուկես տարի։ 1920 թ. հոկտեմբերի 30-ին, անառիկ ամրությունների համալիրով եւ ահռելի քանակությամբ ռազմամթերքով Կարսը, հայոց պարտվողական քաղաքականության պատճառով, համարյա առանց դիմադրության հանձնվեց Կարաբեքիրի թուրք ասկյարներին եւ քուրդ հրոսակներին։ Եվ նորից լռեցին հայոց եկեղեցու զանգերը։ Դրանց փոխարեն, մի քանի ամիս է, հայոց այս սրբարանից օրական հինգ անգամ հնչում է թուրք մոլլայի ազանը (աղոթքի կանչ)։

Գալու է օրը, երբ Ս. Առաքելոցն, արդեն քանիերորդ անգամ, վերագտնելու է իր իսկական տիրոջը եւ այս անգամՙ հավիտյան։ Հայոց արեւելից կողմանց ազատագրված տարածքներըՙ վկա։

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4