«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2002-08-23 | #150, 2002-08-24 | #151, 2002-08-27


ՀԵՆՐԻԿ ԼԻԼՈՅԱՆ. ԼՐԱԳՐՈՂԸ, ԴԻՎԱՆԱԳԵՏԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆ

Ծննդյան 70-ամյակի առթիվ

Հայրենասիրությունը մեծ ու փոքր կշռաքարեր չունի։ Պարզապես, հիվանդության պես անշոշափելի այդ երեւույթը երկերեսանի մեդալի նման մի բան է. մի երեսը կարող է անգամ պառլամենտականի ճղճղոցի չափ թմբկահարել իր «հայրենասիրական լարերը» ու ոչինչ չանել, մյուսըՙ պարզապես գործել, որովհետեւ պետք է գործելՙ անլուր, անշշուկ։

Այս «մյուսը», անշուշտ, կարելի է վերագրել շատերին, այդ շատերի թվումՙ լրագրող, պատմաբան, դիվանագետ, մանկավարժ Հենրիկ Լիլոյանին (1932¬1999 թթ.), որի ծննդյան 70-ամյակը լրանում է այսօր, օգոստոսի 27-ին։

1956 թվականին, ավարտելով Երեւանի պետական համալսարանը, նա անմիջապես ձեռքն առավ լրագրողի թղթապանակը ու, որպես «Կոմունիստ» (ռուսերեն) հանրապետական պաշտոնաթերթի թղթակից, երկու տարի չափչփեց այն ժամանակվա Նոր Բայազետի, Մարտունու եւ Բասարգեչարի շրջանները։

Հետոՙ «Մեդիցինսկի ռաբոտնիկ» կենտրոնական թերթի թղթակից աշխատեց, ու նորիցՙ «Կոմունիստ» թերթի խմբագրություն. այսպես, վազվզոցի տարիներ, որ այնուհետեւ շարունակվեցին կուսակցական, դիվանագիտական ուսմամբ ու ծառայությամբ։ (Ավարտել է Մոսկվայի հասարակագիտության ակադեմիան եւ բարձրագույն դիվանագիտական դպրոցի դասընթացները, մի շարք պաշտոններ վարել Հայաստանի կոմկուսի կենտկոմում, ընդհուպ լինելով կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի օգնականը)։

Հենրիկ Լիլոյանի համար քննության նման մի բան դարձան այն հինգ տարիները, որ նա անցկացրեց Ֆրանսիայում, որպես Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար. մի ծառայություն, որ մինչ այդ (1970¬1975 թվականներ) եւ դրանից հետո եւս որոշ ժամանակ հանձնարարվում էր միայն հայ դիվանագետի։

Այդ պաշտոնը վարած 5 հայ դիվանագետների շարքում Լիլոյանը 3-րդն էր։ Բայց առաջինն էր մի շարք նախաձեռնություններում։ Նրա ջանքերով էր, որ Փարիզից հայրենիք «մշտական բնակության» տեղափոխվեցին սփյուռքահայ մշակութային մի շարք գործիչների ձեռագրերն ու արխիվները, Մատենադարանն ստացավ թանկագին ձեռագրեր, Ֆրանսիայում անցկացվեցին Հայաստանի տուրիզմի օրերը, հայկական կինոյի փառատոնը։ Լիլոյանն էր, որ աշխատանք տարավ Լուվրում հայկական խաչքար տեղադրելու համար։ 1974 թվականին, երբ Լիլոյանին ներկայացնում են Փարիզ այցելած Լեոնիդ Բրեժնեւին, խորհրդային առաջնորդը մի պահ կանգ է առնում ու ուրախ հարցնում. «Արեւային Հայաստանի դեսպա՞նն է»։

Աշխատելու տարիներին նա հոգ է տարել այդ քաղաքն այցելած Արամ Խաչատրյանի ու Վիլյամ Սարոյանի, մարշալ Բաղրամյանի ու Մարիետա Շահինյանի, Առնո Բաբաջանյանի ու Կոնստանտին Սիմոնովի, Սերգեյ Միխալկովի ու Վիկտոր Համբարձումյանի, ուրիշ շատերի հանդեպ։ Մտերմություն է ունեցել Գառզուի ու Ժանսեմի, Անրի Վեռնոյի ու Ժերանյանի, Միշա Ազնավուրյանի (Շառլ Ազնավուրի հայրը) ու Ֆրդերիկ Ֆեյդիի, շփումներ ունեցել Մարկ Շագալի, Լուի Արագոնի, այլ անվանիների հետ։

Որտեղ էլ աշխատելիս է եղել Հենրիկ Լիլոյանը (նորիցՙ ՀԿԿ կենտկոմ, արտասահմանյան տուրիզմի վարչություն, ազգային գրադարան, արտգործնախարարություն), նա ժուռնալիստ էր, հրապարակախոս էր, գրող էր եւ երբեք ձեռքից վայր չդրեց գրիչը։ Ու այդ գրչի արդյունք եղան ոչ միայն բազմաթիվ հոդվածները, այլեւՙ «Ազգային հարցը հայ բոլշեւիկյան հրապարակախոսության մեջ 1904-1914 թ.թ.», «Հանդիպումներ ճանապարհին», «Լեւոն Կարախան», «Վերածնված Հայաստանի մշակույթը» (հրատարակվել է Կիեւում, ուկրաիներեն) եւ այլ աշխատություններ։ Հիմա էլ տպագրության է սպասում հայ իրականության մեջ իր բնույթով առաջինը «Դիվանագիտական բառարանը», որը հեղինակի տքնաջան տարիների աշխատանքի արդյունքն է։ Վերջին շրջանում համաշխարհային իրադարձությունների շուրջ բազմաթիվ հոդվածներ է ստորագրել «Ազգ» օրաթերթում։

Կյանքի վերջին շրջանում պատմագիտության թեկնածու, պրոֆեսոր Հենրիկ Լիլոյանը «Դիվանագիտության պատմություն եւ միջազգային հարաբերություններ» առարկան էր դասավանդում Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում, բայց սրտի անբավարար աշխատանքը, որը նաեւ կնոջ մահը ծանր տանելու հետեւանք եղավ, ստիպեց ենթարկվել վիրահատության։ Եվ հաղթանդամ ու գեղեցկատես Հենրիկ Լիլոյանը չդիմացավ բժշկական փորձություններին, վախճանվեց իր 67-ամյակից մեկ շաբաթ առաջ։

Արտակարգ հումորով մարդ էր Հենրիկ Լիլոյանը, բարի, մարդամոտ ու պարկեշտ անձնավորություն, որ իր ամբողջ ջանքն ու ձիրքը նվիրեց հայրենիքինՙ նրա օրերը լուսավոր տեսնելու համար։

Մենքՙ նրա սերնդակիցներս, ավագ թե կրտսեր, Հենրիկ Լիլոյանի անունն ու գործը միշտ էլ սիրով ենք հիշում, սիրով արտասանում ու սիրով փոխանցում սերունդներին, որովհետեւ նա արվեստագետ էր, արտիստ էր, ինչպես գիտեն մարդուն գնահատական տալ ֆրանսիացիները, մարդ ու քաղաքացի, որոնց նմանին այսօր այնքան էլ հեշտությամբ չես գտնի...

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ, Արմենպրեսի թղթակից, «Ազգի» համար

Այսօր, 27 օգոստոս 2002 թ., ժամը 15-ին, ԱՕԿՍ-ի (Աբովյան 3) դահլիճում տեղի կունենա հուշ-երեկո նվիրված Հենրիկ Լիլոյանի ծննդյան 70-ամյակին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4