Ասում է Ռագըփ Զարաքոլուն
Հայտնի հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան եւ հասարակական գործիչ Ռագըփ Զարաքոլուն այն հազվագյուտ թուրք մտավորականներից է, որոնք համարձակվում են հրապարակավ դատապարտել ինչպես Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը, այնպես էլ պետականորեն Հայոց ցեղասպանության ուրացումը։ Հայ հասարակայնությունը Զարաքոլուին ճանաչում է իբրեւ մեր ժողովրդի ջերմ բարեկամի, նրա հանգուցյալ տիկին Այշե Նուր Զարաքոլուինՙ առավել եւս։
Տողերիս հեղինակը մասնավոր այցով Ստամբուլում գտնվելիս պարոն Զարաքոլուի հետ հանդիպելու հաճույքն ունեցավ եւ, օգտվելով առիթից, խնդրեց պատասխանել «Ազգի» հարցերին։ Ի դեպ, «Ազգի» էջերում սա նրա առաջին հարցազրույցը չէ։ Պարզապես անցկացվել է «Գյունդեմ» թերթի խմբագրությունում։
¬ Դուք «Գյունդեմ» թերթի գլխավոր խմբագիրն եք։ Ի՞նչ կասեք «Գյունդեմի» մասին։
¬ «Գյունդեմ» թերթը տնտեսական ճգնաժամի պայմաններում ծնվեց։ Ճգնաժամը ստիպեց օրաթերթից հրաժարվել եւ այն դարձնել շաբաթաթերթ։ Մեր թերթի կողմնորոշման հիմքում ընկած է Թուրքիայի ժողովրդավարացման պայքարին նպաստելու գաղափարը, ինչի հետեւանքով մենք պարտադրված ենք անդրադառնալ ընդհանրապես մարդու իրավունքներին, իսկ մասնավորապեսՙ քրդական հարցին եւ ազգային փոքրամասնությունների խնդիրներին։
Հարազատ մնալով համաշխարհային լրագրության սկզբունքներին, նախընտրում ենք ոչ թե պետական արգելքներով կամ տաբուներով առաջնորդվել, այլ առանց գրաքննության եւ ինքնագրաքննության հրապարակել ամեն կարգի լուրերը, ինչպես նաեւ արտացոլել ընդդիմադիր բոլոր շրջանակների տեսակետները։ Թերեւս դա է պատճառը, որ մեր թերթը հաճախակի արգելվում է եւ ենթարկվում դատական հետապնդումների։ Քաղաքական այն պայմանները, որոնց մեջ հայտնվել է Թուրքիան, անհրաժեշտ են դարձրել օրաթերթի հրատարակումը։ Այդ իսկ պատճառով սեպտեմբերի 2-ից պատրաստվում ենք մեր թերթը «Օզգյուր գյունդեմ» անունով որպես օրաթերթ հրատարակել։
¬ Ի՞նչ կասեք Ձեր թերթի լսարանի մասին։
¬ Մեր լսարանը գլխավորապես թուրք հասարակության ընդդիմադիր շրջանակներն են։ Քուրդ ընթերցողների զգալի մասը այդ լսարանում է ընդգրկված։ Թուրքահայ համայնքում ունենք զգալի թվով ընթերցողներ։ Արհեստակցական միությունները, ժողովրդավարական կազմակերպությունները, մարդու իրավունքների պաշտպանության միությունները նույնպես ընթերցողների շարքերում են։
¬ Թուրքիայում տեղի են ունենում ներքաղաքական լուրջ զարգացումներ։ Կարո՞ղ եք ընդհանրացնել։
¬ Պատմականորեն Թուրքիան հայտնվել է ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական խոր ճգնաժամի մեջ։ Ճգնաժամային այս իրավիճակը բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ նաեւ առիթ է, որ Թուրքիան ժողովրդավարական հասարակություն ձեւավորելու լուրջ քայլեր կատարի։ Թուրքիան կամ անհրաժեշտ բարեփոխումներ պիտի անցկացնի, կամ էլ պետք է խրվի ավելի ծանր ճգնաժամերի մեջ։ Ներկա պահին երկրում լուրջ պայքար է ծավալվում մութ ուժերի եւ բարենորոգչական շրջանակների միջեւ, որոնք ներկայացնում են բոլոր հոսանքները։ Ապագան այս պահին անորոշ է։ Անորոշությունը հաղթահարվելու է երկրի հեղափոխական եւ հայրենասեր ուժերի միասնությամբ ու համերաշխությամբ։
¬ Թուրքիան պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների։ Ինչպիսի՞ն է լինելու Ձեր թերթի վերաբերմունքը։
¬ Մեր թերթը կողմնակից է, որ Ժողովրդի ժողովրդավարական կուսակցության գլխավորությամբ ձեւավորվի աշխատավորության իղձերն արտահայտող ձախակողմյան կուսակցությունների դաշինք։ Թուրքական մեջլիսում նման դաշինքի առկայությունը բարերար ազդեցություն կունենա երկրում ժողովրդավարացման վրա։
¬ Ստամբուլում հրատարակվում են այնպիսի հայկական թերթեր, ինչպիսիք են «Մարմարան», «Ժամանակը», «Ակօսը»։ Ինչպիսի՞ն են Ձեր թերթի հարաբերությունները նրանց հետ։
¬ Մենք Ստամբուլում հրատարակվող հայկական թերթերի հետ ջերմ հարաբերությունների մեջ ենք։ Թուրքերեն հրատարակվելու պատճառով հատկապես «Ակօս»-ից ենք օգտվում։
¬ Ինչպե՞ս։
¬ Օրինակ, երբ հայ համայնքի մասին աշխատանքներ ենք կատարում կամ անդրադառնում ենք հայկական մշակույթին եւ արվեստին։ Նրանք էլ ժամանակ առ ժամանակ արտատպում են Հայկական հարցի առնչությամբ մեր թերթում լույս տեսած հոդվածները։
¬ Որո՞նք են Հայկական հարցի մասին Ձեր գնահատականները։
¬ Իմ հոդվածներում, տեղեկատվություն թե մեկնաբանություն, ցեղասպանության վերաբերյալ որեւէ գրաքննություն չի կատարվում։ Մենք ցեղասպանության հասկացության առնչությամբ բարդույթ չունենք։ Կարեւորը եղբայրական հայ ժողովրդի պատմական ողբերգությունը անվարան արտացոլելն է, ներողություն խնդրելու եւ փոխհատուցման հարցերը բարձրացնելը, ինչը աշխատում եմ անձամբ անել։
¬ Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը։
¬ Անկախ արդյունքից, կողմերի որոշակի շփումների առկայությունը դրանց իսպառ բացակայությունից անհամեմատ նախընտրելի է։ Ինձ համար պաշտոնական կամ կիսապաշտոնական շփումներից ավելի կարեւոր են մարդկանց եւ ժողովուրդների շփումները։ Գաղտնիք չէ, որ պաշտոնական կամ կիսապաշտոնական շփումներում որեւէ առաջընթաց չի արձանագրվում, որովհետեւ մտայնության փոփոխություն է անհրաժեշտ, իսկ հորիզոնում դեռեւս փոփոխության նախանշաններ չեն երեւում։ Որքան էլ պատմության գիրկն անցնի, այսօր չի կարելի արդարացնել եւ օրինականացնել որեւէ պետությանՙ իր քաղաքացիների նկատմամբ կատարած անարդարությունն ու բնաջնջման քայլերը, ընդ որում առանց տարբերակելու կանանց, տղամարդկանց, ծերերին, երեխաներին, երիտասարդներին։ Որոշակի ժողովրդի արտաքսումը այն տարածքից, որտեղ նա հազարավոր տարիներ գոյատեւել է, չի կարող իրավական եւ օրինական հիմքեր ունենալ։ Ես կարծում եմ, որ առանց այդ իրողությունը դատապարտելու անհնար է ծավալել իրական եւ անկեղծ որեւէ երկխոսություն։ Չեմ կասկածում, որ դատապարտման այս քայլը ոչ այնքան հայ ժողովրդին է անհրաժեշտ, որքան թուրք եւ քուրդ ժողովուրդներինՙ ազատելու համար նրանց ծանր բեռից։
¬ Հայերի եւ Հայաստանի նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունի թուրք հասարակությունը։
¬ Հին սերունդը տեղյակ է հայ ժողովրդի ողբերգությանը։ Որքան էլ պաշտոնական տեսակետների ազդեցության տակ ընկնի կամ որոշ պատճառաբանություններ առաջ քաշի, միեւնույն է, այդ սերունդը գիտակցում է, որ ժամանակին չափազանց դառը եւ ամոթալի իրադարձություններ են կատարվել։ Ցեղասպանության ուրացումով հիմնական վատությունը արվում է երիտասարդ թուրք սերունդներին։ Նրանց զանազան ստերով ապակողմնորոշում են, այսպիսով նրանք ճշմարտությունն իմանալու իրավունքից են զրկվում եւ երբեմն անպատշաճ մոտեցում են դրսեւորում։
Չի կարելի ասել, թե թուրք հասարակությունը Հայաստանի հարցում տեղեկացված է։ Մեր հասարակության մեջ Հայաստանի մասին հիմնականում հիշատակվում է այն ժամանակ, երբ Թուրքիան բախվում է Ցեղասպանության խնդրին, եւ իշխում է այն կարծիքը, թե հայերը գրավել են ադրբեջանական հողերը։ Սա ոչ այլ ինչ է, քան երկակի ստանդարտների կիրառում։ Ես նկատի ունեմ Կիպրոսի խնդիրը։ Ղարաբաղյան հիմնահարցը, ինչ խոսք, էապես տարբերվում է Կիպրոսի խնդրից։ Պարզապես ես երկակի ստանդարտների կիրառումը ցույց տալու նպատակով դրանք համեմատեցի։
¬ Ինչպիսի՞ն պետք է լինեն հայ-թուրքական հարաբերությունները, դրանց ապագան։
¬ Թուրքիայի եւ Հայաստանի խնդիրները չպետք է պայմանավորվեն մեկ այլ երկրի խնդիրներով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրներն ու տարաձայնությունները պետք է որ չանդրադառնան թուրք-հայկական հարաբերությունների վրա։ Կարծում եմ, նորմալ հարաբերություններից երկու կողմն էլ կշահի։ Եթե Թուրքիայում բառիս բուն իմաստով ժողովրդավարություն հաստատվի, ապա, կարծում եմ, կբարելավվեն նաեւ թուրք-հայկական հարաբերությունները։ Թեեւ ես բնավորությամբ լավատես եմ, բայց եւ այնպես համարում եմ, որ թուրք-հայկական հարաբերությունների առումով դեռեւս համբերատար պետք է լինենք։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Ստամբուլ-Երեւան