«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2002-08-28 | #153, 2002-08-29 | #154, 2002-08-30


ՆՇՎԵՑ ՀԵՆՐԻԿ ԼԻԼՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԸ

Հենրիկ Լիլոյանը (1932¬1999 թթ.)ՙ կարճ կյանքով ապրած, բայց հայրենիքին անսահմանորեն նվիրված պատմաբանը, դիվանագետը, լրագրողն ու հասարակական գործիչը, աշխարհին ու մարդկանց սիրահարված մարդը, այնպիսի հիշատակներ է թողել, մասնավորապես հայրենասիրական երանգներով, որ նրա ծննդյան օրն արտասահմանյան երկրների հետ կապի եւ համագործակցության հայկական ընկերության դահլիճն ի վիճակի չէր տեղավորելու բոլոր նրանց, ովքեր եկել էին ներկա գտնվելու նրա հոբելյանին նվիրված հանդիսությանը։

Հանդիսավարըՙ Հայաստանի արխիվային գործակալության տնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանը, հանգամանորեն ներկայացրեց Հենրիկ Լիլոյանի կյանքն ու գործը, նշելով, որ նա մամուլում աշխատելու տարիներին Հայաստանի Կոմկուսի կենտկոմի ապարատում աշխատելու շրջանում մեծ ավանդ է ներդրել Հայաստանի բարգավաճման գործում։

Արդյունավետ է եղել Հենրիկ Լիլոյանի դիվանագիտական աշխատանքը 1970¬75 թթ., երբ նա Խ. Միության դեսպանության առաջին քարտուղարն էր Ֆրանսիայում։ Հենց այս շրջանում է բացահայտվել Հենրիկ Լիլոյանի ժուռնալիստական-դիվանագիտական տաղանդը, որի ընթացքում սերտացան ֆրանսահայ գաղութի եւ Հայաստանի կապերը կյանքի բոլոր, հատկապես մշակութային ասպարեզներում, մոռացությունից ու կորստից փրկվեցին եւ Հայաստանի մշակութային կենտրոններ ի պահ տրվեցին խիստ արժեքավոր ձեռագրեր ու հրատարակություններ։

Հենրիկ Լիլոյան մարդու, քաղաքացու, կուսակցական եւ պետական գործչի մասին խոսեցին նրան ճանաչողներն ու գործընկերներըՙ «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Կիրակոսյանը, ՀԽՍՀ նախկին արտգործնախարար Անատոլի Մկրտչյանը, պատմաբան Ռեմ Ղազանչյանը, Արմենպրեսի լրագրող Վանիկ Սանթրյանը, նախկին կուսակցական գործիչ Ստեփան Վարդանյանը, լրագրող Էմանվել Մանուկյանը եւ ուրիշներ։

Վերջում շնորհակալության խոսք ասաց Հենրիկ Լիլոյանի որդինՙ ԻՏԱՌ¬ՏԱՍՍ գործակալության Հայաստանի թղթակից Տիգրան Լիլոյանը։

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ, Արմենպրեսի թղթակից «Ազգի» համար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4