«Զվարթնոց»-«Պրիմորիե» 2-0
Առաջին խաղում 1¬6 հաշվով կրած պարտությունը փաստորեն վճռել էր մրցակցության ելքը։ Մնում էր հուսալ, որ գոնե երեւանյան խաղում «Զվարթնոցը» արժանապատիվ խաղ կցուցադրի։ Համենայն դեպս, թիմի մեկնարկային կազմը հուսադրող էր. շիրակցիներ Արարատ Հարությունյանն ու Կարեն Ալեքսանյանը պետք է որ սրություն հաղորդեին «Զվարթնոցի» գրոհներին։ «Պրիմորիեն», բնականաբար, շեշտը դրել էր հակագրոհների վրա եւ մրցակցի գրոհների ժամանակ ամբողջ թիմով քաշվել էր սեփական կիսադաշտըՙ խիստ հսկողության տակ առնելով մրցակցի ֆուտբոլիստներին։ Նման պայմաններում առաջին խաղակեսում դաշտի տերերը չկարողացան քիչ թե շատ վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասին։ Հյուրերի հակագրոհներն իրենց մեջ ավելի մեծ վտանգ ու սրություն էին պարունակում։ Առաջին վտանգավոր պահն էլ ստեղծվեց հենց «Զվարթնոցի» դարպասին։ 29-րդ րոպեին Կարեն Ալեքսանյանը, փորձելով կանխել մրցակցի սուր հակագրոհը, վայր գցեց Տանչիչին։ Լավ էր, որ ողջ խաղի ընթացքում իրեն գերազանց դրսեւորած դարպասապահ Գեւորգ Կասպարովը իր բարձրության վրա գտնվեցՙ հետ մղելով Գրեգորիչի 11 մետրանոց հարվածը։ Կարծես ոգեւորվելով իրենց դարպասապահի վստահ խաղից, դաշտի տերերը զգալիորեն ակտիվացան եւ մի քանի անգամ սպառնացին հյուրերի դարպասին։ Հիշարժան էին Կարեն Ալեքսանյանի, Լեւոն Մկրտչյանի հեռահար հարվածները, որոնք որսաց «Պրիմորիեի» դարպասապահը։ 45-րդ րոպեին երկու անգամ հաջողությանը մոտ էր Տիգրան Դավթյանը, սակայն չկարողացավ օգտագործել Ալեքսանյանի եւ Հարությունյանի վտանգավոր փոխանցումները։
Հանգստից հետո խաղի պատկերը կտրուկ փոխվեց։ Դաշտի տերերը տիրեցին նախաձեռնությանը եւ ակտիվ գրոհներով ստիպեցին մրցակցին հիմնական ուշադրությունը դարձնել սեփական դարպասի պաշտպանությանը։ Բայց «Պրիմորիեին» չհաջողվեց անառիկ պահել դարպասը։ 53-րդ րոպեին Մհեր Ավանեսյանը տուգանային հրապարակում փորձեց շրջադարձ հարվածով խոցել դարպասը, սակայն պաշտպան Տրգոն նրան վայր գցեց։ Թիմի ավագ Սարգիս Նազարյանի հարվածը 11 մետրանոց նշակետից դիպուկ էր։ 3 րոպե անց Վոգրիչը մեն-մենակ հայտնվելով Կասպարովի դիմաց, կարող էր վերականգնել հավասարակշռությունը, բայց կրկին գերազանց խաղաց «Զվարթնոցի» դարպասապահը։ Ողջ երկրորդ խաղակեսը գրոհների նշանաբանով անցկացրած «Զվարթնոցը» 78-րդ րոպեին հասավ նոր հաջողության։ Ձախ թեւում օգտվելով մրցակցի պաշտպանի սխալից, գնդակին տիրեց Կարեն Ալեքսանյանը եւ լայնակի փոխանցում կատարեց տուգանային հրապարակում գտնվող Մհեր Ավանեսյանին, որն էլ ընթացքից գնդակն ուղարկեց դարպասը։ 2¬0 հաշիվը պահպանվեց մինչեւ խաղավերջ։ «Զվարթնոցը» համոզիչ հաղթանակ տոնեց։ Ափսոս միայն, որ առաջին հանդիպումը թիմն անց էր կացրել թերի կազմով եւ խոշոր հաշվով պարտություն էր կրել։ Անկեղծ ասածՙ Երեւանում ցուցադրած խաղով դժվար էր հավատալ, որ «Պրիմորիեն» սեփական դաշտում նման արդյունքի էր հասել։ Ինչեւէ, «Զվարթնոցը» դուրս մնաց ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունից։