ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուսուցիչների երեւանյան օգսոստոսյան խորհրդակցությունում, որը տեղի ունեցավ այսօր, ամփոփվեցին անցած ուստարվա արդյունքները, նշվեցին առաջիկա խնդիրներըՙ կապված դպրոցի նոր կանոնադրությունը գործողության մեջ դնելու հետ, որի համաձայն դպրոցը դառնում է պետական ոչ առեւտրային կազմակերպություն, ինչն էապես փոխում է նրա կարգավիճակը։ Դպրոցների կառավարումն անցկացվում է ապակենտրոնացման եղանակովՙ կառավարում խորհուրդների միջոցով։։
Իր ելույթում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը որպես նոր ուստարվա հիմնական խնդիր նշեց հանրակրթության որակի եւ աշակերտների համակողմանի դաստիարակության ապահովումը, սոցիալական ու նյութատեխնիկական վիճակի բարելավումը։ Անդրադառնալով կրթական համակարգի փոփոխություններինՙ նա հայտարարեց, որ մեդալակիր աշակերտները հետայսու զրկվում են նախկին որոշակի արտոնություններից, այսինքն նրանք կստանան մեդալ, նվերներ, դրամական պարգեւներ, բայց բուհական ընդունելության քննություններին կմասնակցեն ոչ մեդալակիրների հետ հավասար հիմունքներովՙ ըստ անցողիկ բալերի։
Խորհրդակցությունում նշվեց, որ նոր ուստարին ընդունված կարգի համաձայն, կսկսվի «Գրչի օր»-ովՙ առաջին դասարանցիներին այբբենարանների հանձնման արարողությամբ։ Ընդ որում, այս տարի այբբենարանները, երկրորդ դասարանի մայրենի լեզվի եւ մաթեմատիկայի, երրորդ դասարանի մաթեմատիկայի դասագրքերը աշակերտներին են տրվելու անվճար։