«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2002-08-29 | #154, 2002-08-30 | #155, 2002-08-31


ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՀՀՇ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ընդդիմադիր կուսակցությունների միավորումը կայացավ, քանի որ կար դրա հասարակական պահանջը։ Այսպես մեկնաբանեց Ժողովրդահայրենասիրական ուժերի միավորման ստեղծումը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը օգոստոսի 30-ին։ «Մենք քայլ ենք արել ճիշտ ուղղությամբ. հուսանք, որ հաջորդ քայլերը եւս ճիշտ կլինեն», նշեց Դեմիրճյանը։

Ժողովրդահայրենասիրական ուժերի միավորում ձեւավորելու մասին որոշումը վերջնականապես կայացվել է օգոստոսի 29-ի ուշ երեկոյան։ Ըստ ՀԺԿ գրասենյակից ստացված տեղեկությունների, միավորման մեջ ընդգրկվող 16 կուսակցությունների ղեկավարները նույն օրը պայմանավորվել են համատեղ հայտարարության տեքստի շուրջ, որը նախնական տարբերակների համեմատությամբ փոփոխվել է։

Ներկայումս հայտարարությունը ստորագրման փուլում է։ Այն արդեն ստորագրել են Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազգային միաբանություն» կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարական միությունը, Ազգային ժողովրդավարական կուսակցությունը, Հայաստանի սոցիալիստական կուսակցությունը եւ «Սոցիալիստական Հայաստան» միավորման մեջ ընդգրկված 7 կուսակցությունները։ Ազգային ժողովրդավարների դաշինքը եւ Սահմանադրական իրավունք միությունը կստորագրեն օգոստոսի 31-ինՙ կուսակցությունների վարչության նիստեր անցկացնելուց հետո։ Հայտարարության տեքստը կհրապարակվի բոլոր մասնակիցների ստորագրումից հետո։

Թեեւ ՀԺԿ նախագահը ոչ կոռեկտ համարեց փաստաթղթի պաշտոնական հրապարակումից առաջ դրա քննարկումը, սակայն հայտնի է դարձել, որ հայտարարության մեջ ասվում է առաջիկա նախագահական ընտրություններին նշված կուսակցությունների միասնական թեկնածուով հանդես գալու մասին։ Ըստ Դեմիրճյանի, բուն թեկնածուի մասին խոսելը վաղ է, քանի որ նման հարց դեռեւս չի քննարկվել։ Մասնավորապես նա ժամանակավրեպ եւ ոչ կոռեկտ համարեց միավորման որոշ անդամների հայտարարությունները Ազգային միաբանության ղեկավար Արտաշես Գեղամյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ։ Պատասխանելով միասնական թեկնածուի ընտրման ժամկետների մասին հարցին, ՀԺԿ նախագահը նշեց միայն, որ մինչեւ հերթական նախագահական ընտրությունները այնքան էլ շատ ժամանակ չի մնացել. հարցը արագ լուծում է պահանջում։

Ստեփան Դեմիրճյանը չհերքեց այն փաստը, որ հայտարարության տեքստից հանվել է «Ռուսաստան¬ Բելոռուս» դաշինքին վերաբերող հատվածը, ինչպես եւ այն, որ հայտարարությունը բաց է միավորման մեջ այլ քաղաքական ուժերի ընդգրկման համար։ Դեմիրճյանը, սակայն, հերքեց ՀՀՇ-ի հետ համագործակցության, ինչպես նաեւ նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր թեկնածությունը պաշտպանելու հնարավորությունը։

Ըստ ՀԺԿ նախագաի, համատեղ աշխատանքը ցույց կտա, կհաջողվի՞ արդյոք պահպանել միասնությունը եւ վստահությունը միմյանց նկատմամբ։ Միավորման վերաբերյալ քաղաքական հայտարարությունը, ըստ նրա, վկայում է նման մտադրության առկայության մասին։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք որոշումներ կայացնելիս հաշվի կառնվի՞ միավորման մեջ ընդգրկված քաղաքական տարբեր ուժերի ազդեցությունը, Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ համագործակցության ընթացքում «արհեստական ոչինչ չի լինելու»։ «Միավորման մեջ կան խոշոր եւ ավելի փոքր կուսակցություններ։ Մենք բոլորին էլ հարգանքով ենք վերաբերվում, սակայն կան հարցեր, որտեղ զուտ թվաբանական մոտեցումներ հնարավոր չեն», ասաց ՀԺԿ նախագահը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4