ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Երեւանի դպրոցներում ներկայումս սովորում են 150 հազար աշակերտներ, իսկ նրանց դասավանդում են 15 հազար ուուցիչներ։ Այս մասին օգոստոսի 30-ին կայացած մայրաքաղաքի դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը։ Ըստ վարչության պետի, նախաորդ տարվա համեմատ նվազել են դպրոցներում տեղ գտած խախտումները։ 18 դպրոցների տնօրեններ հեռացվել են աշխատանքից, որոնցից երկուսըՙ դիմելով իրավական ատյաններին, վերականգնվել են իրենց պաշտոնում, սակայն այսօր էլ շարունակում են աշխատել նախկին ոճով։
Մայրաքաղաքի 20 դպրոցներ մեծ աշխատանք են կատարել մայրենի լեզվի եւ գրականության իմացության զարգացման ուղղությամբ։ Օ. Վաթյանը մտահոգություն հայտնեց դպրոցներում մաթեմատիկա առարկայի դասավանդման շուրջ, քանի որ վերջին տարիներին դպրոցներում մաթեմատիկա են դասավանդում ոչ մասնագետ ուսուցիչները։ Նրանց մեծ մասը ինժեներներ են կամ այլ մասնագետներ։ Կրթության վարչությունը այս տարի անցկացնելու է ատեստավորում մաթեմատիկայի ուսուցիչների շրջանում։ Վարչության պետն անհանգստություն հայտնեց ռազմագիտություն եւ ֆիզկուլտուրա առարկաների ուսուցանման մեջ առկա բացթողումների վերաբերյալ (չեն գործում նախկին ռազմագիտության կաբինետները, չի ուսուցանվում զենքի օգտագործում եւ այլն)։
Նշվեց նաեւ, որ մայրաքաղաքի 40 դպրոցներում ամռան ընթացքում իրականացվել են 45 մլն դրամի շինարարական աշխատանքներ, ընդ որում շինարարները չեն ստացել պետական բյուջեից եւ ոչ մի լումա։ Օ. Վաթյանի գնահատմամբ, այդ աշխատանքները կատարվել են այն դպրոցներում, որոնց տնօրենները հեղինակություն եւ վստահություն ունեն ծնողների եւ աշակերտության շրջանում։ Վերանորոգման գումարները ներդրվել եւ աշխատանքները կատարվել են բացառապես ծնողների կողմից։