Այսօր լրանում է ռուսաստանցի ճանաչված քաղաքական գործիչ, Ռուսաստանի աշխատավորների ինքնակառավարման կուսակցության նախագահ Լեւոն Չախմախչյանի ծննդյան 50-ամյակը։ Փաստորեն նա միակ հայորդին է, որը Հայաստանի սահմաններից դուրս գլխավորում է Ռուսաստանում բավական ազդեցիկ եւ ճանաչված քաղաքական կուսակցություն։
Լ. Չախմախչյանը ծնվել է 1952 թ. Երեւանում, հայտնի գիտնական եւ մանկավարժ Խորեն Չախմախչյանի ընտանիքում։ Ընտանեկան հրաշալի դաստիարակությունը, մարդկային բարձր արժեքներին մանուկ հասակից հաղորդակցվելն իրենց կնիքն են թողել Լ. Չախմախչյան մարդու եւ քաղաքացու ձեւավորման վրա, եւ այսօր էլ բնութագրում են նրա բարոյական եւ հոգեւոր նկարագիրը։
Ավարտել է Երեւանի պետական համալսարանը եւ ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցը։ Աշխատանքային կենսագրությունն սկսել է «Կոմունիստ» թերթում, որպես մարզական լրագրող։ Այն ժամանակների գաղափարախոսական պարտադրանքներին տուրք չտալու, ազատ ու անկաշկանդ ստեղծագործելու շնորհիվ, նա շատ արագ դարձավ հանրապետության առաջատար մարզական մեկնաբաններից մեկը։ Այդ տարիներին նա գրեց «Օլիմպիական ակնթարթներ» գիրքը, հայ օլիմպիական մարզիկների նվաճումների մասին պատմող մի ընդգրկուն ժողովածու, որը լայն արձագանք գտավ հանրապետությունում եւ դարձավ ապագա գրողի եւ հրապարակախոսի առաջին լուրջ հայտը։
1981 թ. Լ. Չախմախչյանը հրավիրվում է աշխատանքի ՀԿԿ Կենտկոմ, սկզբում որպես հրահանգիչ, սեկտորի վարիչ, Կենտկոմի առաջին քարտուղարի օգնական, ապա բաժնի վարիչ։ 1990 թ. Լ. Չախմախչյանը տեղափոխվում է աշխատանքի ԽՄԿԿ Կենտկոմ։ Այնուհետեւ պատասխանատու պաշտոններ է վարում ԽՍՀՄ նախագահի եւ ՌԴ կառավարության աշխատակազմերում։ 1997 թ. նա գլխավորում է «ՏՎ-6 վոլնա» հեռարձակող կենտրոնը եւ «ՏՎ-6 մեդիա» գործակալությունը։
1996 թ. նա գլխավորում է ՌԴ նախագահության թեկնածու, անվանի ակնաբույժ, կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ, ակադեմիկոս Ս. Ֆյոդորովի նախընտրական շտաբը եւ նրա ողբերգական մահից հետո, 2000 թ. ստանձնում այդ պաշտոնը, կուսակցության արտահերթՙ 5-րդ համագումարում ընտրվելով բարձրագույն խորհրդի նախագահ։
2001 թ. ապրիլին «Ռոսիա» հասարակական շարժման անդրանիկ համագումարում նա ընտրվում է քաղաքական խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Գ. Սելեզնյովի առաջին տեղակալ։
2002 թ. փետրվարին Ռուսաստանի աշխատավորների ինքնակառավարման կուսակցության 6-րդ համագումարում Լ. Չախմախչյանն ընտրվում է կուսակցության նախագահ։
Քաղաքական հասունությունն ու պատասխանատվությունը, մարդկանց հետ աշխատելու, գաղափարակիցներին համախմբելու փորձը Լ. Չախմախչյանին հնարավորություն տվեցին ամրապնդել եւ ստվարացնել կուսակցության շարքերը, կայացնել որպես քաղաքական ինքնուրույն ուժ, որն այսօր իր արժանի տեղն ունի Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքում։
Լ. Չախմախչյանի կենսագրության մեջ, նրա հրատարակած բազմաթիվ գրքերի եւ աշխատությունների շարքում ուրույն էջ դարձավ վերջերս լույս տեսած «Հայաստան, 1988 դեկտեմբերյան փորձություն» մեծածավալ վավերագրական գիրքը։ Աղետի հենց առաջին օրերից աշխատանքի բերումով լինելով փրկարարական միջոցառումների անմիջական մասնակից, պրոֆեսիոնալ լրագրողը բազմաթիվ փաստաթղթեր ու հետաքրքրական տեղեկություններ է հավաքել, որոնք առանձնակի կարեւորել են գիրքը եւ ընթերցողի սեփականությունը դարձրել այդ ծանր օրերիՙ մինչեւ այժմ անհայտ շատ փաստեր։
Վերջին տասնամյակում ապրելով եւ գործելով Մոսկվայում, Լ. Չախմախչյանն ամենեւին չի խզել կապերը հայրենակիցների հետ։ Ավելին, օգտագործելով քաղաքական կուսակցական ղեկավար գործչի իր ազդեցիկ դիրքը, նա մեծապես աջակցում է Մոսկվայի հայ համայնքին, մշտապես կապ է պահպանում Հայաստանի իր մտերիմների, ընկերների եւ հասարակական-քաղաքական առողջ ուժերի հետ, ոգեւորվում հանրապետությունում կատարված ցանկացած դրական տեղաշարժով։
Լինելով հայ-ռուսական ռազմական, քաղաքական եւ տնտեսական ինտեգրման ջատագովը, նա իր լուման է ներդնում այդ կապերի խորացման եւ հզորացման գործում։ ՌԴ առաջատար լրագրերում եւ ամսագրերում Լ. Չախմախչյանի հրատարակած հոդվածներն ու ելույթները ցույց են տալիս, թե նա քաղաքական ինչպիսի սուր զգացողությամբ եւ հեռատեսորեն է ընկալում այդ ուղղությամբ ՀՀ ղեկավարության կատարած յուրաքանչյուր քաղաքական քայլը, նշելով, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագան տեսնում է Ռուսաստանի հետ սերտ համագործակցության մեջ։
ՌԱՖԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական