«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2002-08-29 | #154, 2002-08-30 | #155, 2002-08-31


ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԿՈՍՄԵՏԻԿ ՇՏԿՈՒՄՆԵՐ

Օգոստոսի 2-ը պատմական կարելի է համարել Թուրքիայում, քանի որ այդ օրը Եվրամիությանն անդամակցելու համար խորհրդարանն ընդունեց մի շարք որոշումներ։ Դրանց նախորդեցին մամուլում ծավալված բուռն վիճաբանություններն ու քննարկումները։ Պահանջված բարենորոգումների յուրաքանչյուր կետ կամ բանաձեւ թուրքերը կապում էին կոնկրետ անհատի կամ փոքրամասնության հետ։ Մահապատժի վերացումը, օրինակ, նշանակելու էր խնայել Օջալանի կյանքը, որն այժմ թուրքական բանտում կտտանքների է ենթարկվում։ Նրանց չէր բավարարում բանակի կողմից հարյուր հազարավոր քրդերի ոչնչացումը։ Նրանք պահանջում էին նաեւ ղեկավարի ոչնչացումը։ Մարդու իրավունքները հարգելու բանաձեւերը դարձյալ հիմնականում առնչվում էին քրդերի հետ, որոնք Թուրքիայի 65 մլն բնակչության մեկ չորրրորդն են կազմում։ Նրանց չէր թույլատրվում օգտագործել իրենց լեզուն, երգել իրենց երգերը կամ հիշատակել ազգային պատկանելությունը։ Նրանց «լեռնցիներ» էին կոչում, եւ քրդերը պարտավոր էին անխոս կրել այդ պիտակը։

Հայերիս հետաքրքրողն առավելաբար այն օրենքն է, որով վաքըֆներին (կրոնական բարեգործական միություններ) թույլատրվում է կալվածքներ սեփականացնել։ Դրանք հիմնականում եկամտաբեր կալվածքներ են, որոնցով ֆինանսավորվում են դպրոցներ, հիվանդանոցներ, եկեղեցին եւ ծերանոցներ։ Այս նոր օրենքը, որի ջատագովն էր նախկին վարչապետ Մեսութ Յլմազը, իրականում սոսկ վերականգնում է փոքրամասնությունների կալվածքեր գնելու կամ որպես ժառանգություն նվեր ստանալու իրավունքները։

Խորհրդարանի անդամներից Մեհմեդ Գյուլը «դավաճանություն» անվանեց այս զիջումը, որով «հայրենիքի հողակտորները տալիս ենք օտարներին»։

Իսկ ովքե՞ր են այդ «օտարները», եթե ոչ այդ հայրենիքի բնիկներըՙ հայերն ու հույները, որոնցից բռնի խլվել է ամեն ինչ։ Լրատվամիջոցների քննարկումներում թուրքական ռասիզմն իր իրական դեմքը ցույց տվեց։ Լուտանքներ ու վիրավորական խոսքեր արձակվեցին փոքրամասնությունների եւ հատկապես հայերի հասցեին։

Հակառակ 1923 թվի Լոզանի պայմանագրին, որով ճանաչվում էին Թուրքիայի փոքրամասնությունների իրավունքները, կառավարությունը 1936-ին մի օրենք ընդունեց (բայաննամե), որով փոքրամասնություններից պահանջվում էր գրանցել իրենց սեփականությունը։ Այն եկեղեցիները կամ բարեգործական ընկերությունները, որոնք ուշ արձագանքեցին սույն հրամանին, կորցրեցին իրենց կալվածքների սեփականության իրավունքը։ Դրանք առանց մեկնաբանությունների բռնագրավվեցին։ Հայկական շատ բարեգործական ընկերություններ մեծապես տուժեցին այս խտրական օրենքի կիրառումից, որի նպատակն էր թուլացնել հայկական համայնքը։ 50 հայկական արժեքավոր կալվածներ «զոհ» գնացին թուրքական այս խորամանկությանը։ Հունական համայնքը կորցրեց ավելի շատ։ Այս խարդախ ծրագրի կիրառմամբ, ընդհանուր առմամբ 206 կալվածքներ անցան թուրքական կառավարության ձեռքը։

1936-ից հայերին արգելվեց նոր կալվածքներ ձեռք բերել։ Վնասների ծանրությունն ու մնացած կալվածքները եւս կորցնելու վախը ստիպեցին հայերին հրաժարվել նոր կալվածներ ձեռք բերելու մտադրությունից։

Այժմ նոր օրենքի հրապարակումով հայերն զգուշավոր լավատեսություն են ապրում, որ կկարողանան 1936-ից հետո ձեռք բերված եւ այլ անուններով գրանցված կալվածքները գրանցել համապատասխան միությունների կամ ընկերությունների անունով։

Նոր օրենքը, սակայն, իրավական լուրջ խոչընդոտ է պարունակում։ Փոքրամասնությունները կարող են կալվածքների սեփականատեր դառնալ միայն ներքին եւ արտաքին գործերի նախարարությունների համաձայնությունից հետո։ Ովքեր ծանոթ են թուրքական բյուրոկրատությանըՙ քաջատեղյակ են, թե ինչպիսի ծանր փորձություն է որեւէ թուրքական կառավարական հիմնարկից կամ գրասենյակից որեւէ բանի համար թույլտվություն ստանալը։

Թուրքական օրենքները առանձնահատուկ են իրենց երկսայր բնույթով։ Ժամանակին թուրքական կառավարությունը մի օրենք ընդունեց, համաձայն որի քաղաքացիների ինքնությունը հաստատող քարտերի վրա չպետք է նշվեին նրանց կրոնական պատկանելությունը։ Օրենքը քաղաքակիրթ հասարակությանը ներկայացվեց որպես ժողովրդավարական մի քայլ, որով իբր վերացվում էր կրոնական խտրականությունը հասարակության բոլոր խավերում։ Արտաքնապես դա իրոք այդպես էր եւ կարելի էր ժողովրդավարական առաջընթաց համարել։ Բայց, ինչպես ասում են, «թխվածքի մասին գաղափար կազմելու համար հարկավոր է ուտել»։ Օրենքի հետեւում թաքնված գաղտնիքը երեւան եկավ, երբ հայ ծնողներ փորձեցին իրենց զավակներին կրթության տալ հայկական դպրոցներում։ Համաձայն մեկ ուրիշ օրենքի, հայկական դպրոց դիմած ծնողները պետք է նախ ապացուցեին, որ իրենք հայ քրիստոնյաներ են։ Իսկ քանի որ ինքնությունը հաստատող քարտերի վրա կրոնական պատկանելությունը չէր նշված, ծնողները պետք է մեկ կառավարական գրասենյակից մյուսը վազեին, մինչեւ ապացուցեին կամ, որն ավելի հաճախ էր տեղի ունենում, հուսահատված իրենց երեխաներին ուղարկեին թուրքական դպրոցներ։ Որպես հետեւանք հայկական դպրոցները մեկը մյուսի ետեւից փակվեցին։ Իսկ երբ որեւէ դպրոց աշակերտության թվի պակասի դեպքում փորձեց այլ ելքեր որոնել, կառավարությունն արգելեց այլ թաղամասերից աշակերտների ավտոբուսով դպրոց հասցնելը, ստեղծելով մի նոր բյուրոկրատական արգելք։ Ընդունված նոր օրենքով դպրոցի փակման դեպքում չի թույլատրվում շենքը վարձով տալ։

Հայկական դպրոցներում թուրք փոխտնօրենների նշանակումն իրավական մեկ այլ պարոդիա էր։ Ստացվում էր, որ Թուրքիայի հայ քաղաքացիները, որոնք իբր հավասար իրավունքներից են օգտվում, ի վիճակի չեն կառավարելու իրենց դպրոցները։

Կառավարությունը թուրք փոխտնօրեններ (իրականումՙ պաշտոնական լրտեսներ) է նշանակում, որպեսզի նրանք հետեւեն, որ դպրոցները գործեն առավելապես որպես թուրքական քարոզչության կենտրոններ եւ ոչ որպես հայկական ուսումնական հաստատություններ։

Հայկական համայնքը, որն այս բոլոր մեքենայություններին ծանոթ է Թուրքիայի Հանրապետության ստեղծման օրվանից, չի կարող շատ հավատ ընծայել այս նոր օրենքին։ Նախՙ որովհետեւ այս օրենքը չի ապահովում փոքրամասնությունների հաստատությունների ծանր բեռի ցանկալի թեթեւացումը։ Դա պարզապես արջի ծառայություն է Եվրոպային եւ նպատակ ունի նրան հիմարացնելով ապահովել Թուրքիայի մուտքը Եվրամիություն։

Մնում է սպասել եւ տեսնել, թե ինչ արդյունավետությամբ են գործելու այդ օրենքները։ Եվ նաեւ, թե Եվրամիությունն ինչքան խորը կկարողանա թափանցել թուրքական երկերեսանիության ակունքները եւ պարզել այդ «արտոնությունների» իրական նպատակները։

Հիշեցնենք, որ քրդերին առանց խտրականության ջարդած, իսկ մյուս փոքրամասնություններին իր բյուզանդական օրենքներով ամորձատած Թուրքիան վերջերս գովասանքի արժանացավ ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի տեղակալ Փոլ Վոլֆովիցի կողմից, որը «օրինակելի» համարեց փոքրամասնությունների հանդեպ նրա վերաբերմունքը։

Հուսով ենք, որ Եվրոպայի առաջնորդներն ավելի խելամիտ կգտնվեն եւ ավելի խորաթափանց մոտեցում ցուցաբերելով կպարզեն ռասիստական Թուրքիայի իսկական դեմքը։ Նրանք, ինչպես նաեւ Թուրքիայի հայկական համայնքի անդամները, իրավունք ունեն իմանալու, թե իրականում ինչ են նշանակում նոր օրենքները. դրանք դեպի ժողովրդավարություն առաջընթացի քայլե՞ր են, պարտավորությունների անկեղծ կատարո՞ւմ, թե՞ կոսմետիկ շտկումներՙ ծածկելու հասմար թուրքական հասարակության իսկական դեմքը։

ՎԱՉԵ ՍԵՄԵՐՋՅԱՆ, Լոս Անջելես, «Նոր օր» թերթի խմբագիր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4