«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2002-08-30 | #155, 2002-08-31 | #156, 2002-09-03


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՎԵԼՎՈՂ ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԸ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

Սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը տոնեց ԼՂՀ պետական անկախության հռչակման 11-րդ տարեդարձը։

1991-ի նույն այդ օրը ԼՂԻՄ մարզխորհրդի ու Շահումյանի շրջխորհրդի համատեղ նիստում ընդունված պատմական որոշումը ժամանակի պարտադրանքն էր։ Դրանից ընդամենը 3 օր առաջ Ադրբեջանի խորհրդարանիՙ անկախության մասին հռչակագիր ընդունելուց հետո, բախտի քմահաճույքին թողնված արցախահայությանն ուրիշ բան չէր մնում անել, քան ինքնուրույն որոշել իր հետագա ճակատագիրը։

Անշուշտ, այդ համարձակ քայլը, նախադեպը չունենալով նախկին ԽՍՀՄ ինքնավար կազմավորումների մեջ, մտահոգություն էր առաջացրել ոչ միայն Ադրբեջանում։ Վիճարկելիությամբ հանդերձ, ԼՂՀ-ի կազմավորման իրավական հիմքը լուրջ կռվան էր ղարաբաղցիների համար։ Այդ էր պատճառը, որ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը, սույն քաղաքական փաստի հանդեպ ծանրակշիռ հակափաստարկներ չունենալով, ստիպված եղավ դիմել «եղբայրական» մյուս երկու հանրապետություններիՙ Ռուսաստանի ու Ղազախստանի օգնությանը։ Սեպտեմբերի 21¬22-ը նախագահներ Բորիս Ելցինի ու Նուրսուլթան Նազարբաեւի Ստեփանակերտ ժամանելը, թերեւս, հենց դրանով է բացատրվում։ Ըստ էության, վերոհիշյալ այցը ղարաբաղյան հիմնախնդրի միջազգայնացման առաջին քայլն էր, որովհետեւ թե Ռուսաստանը եւ թե Ղազախստանը ավելի վաղ հայտարարել էին իրենց ինքնիշխանության մասին։

Ստեփանակերտյան հանդիպումը նպատակ ուներ «մեծ եղբոր» հորդորանքի միջոցով հետ պահել ղարաբաղցիներինՙ նրանց այսպես կոչված խիստ պատասխանատու քայլից։ Ակնհայտորեն, դա պատերազմի տանող ուղղակի ճանապարհ էր։ Մինչ այդ էլ ադրբեջանական պետական հեռուստատեսությամբ բացահայտ սպառնալիքներ էին հնչում Ղարաբաղի հասցեինՙ ինքնիշխան մարզը զենքի ուժով գրավելու վերաբերյալ։ Տողերիս հեղինակի հետ հարցազրույցի ժամանակ, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, Ժողովրդական ճակատի վարչության անդամ Ֆաիկ Բախշալիեւը, որը ադրբեջանական պաշտոնական խմբի կազմում նույնպես ժամանել էր Ստեփանակերտ, առանց այլեւայլության պնդում էր, որ Ադրբեջանը շուտով կունենա 20-հազարանոց ազգային բանակ եւ զենքի ուժով կհնազանդեցնի ըմբոստ ղարաբաղցիներին («Արցախ» հանդես, 1992 թ., թիվ 1, էջ 2¬3)։

Բնականաբար, Ստեփանակերտի եւ միջնորդների սպասված զրույցը չստացվեց։ Խռովելով այն բանից, որ նախկին մարզգործկոմի շենքի վրա փողփողում է Հայաստանի պետական դրոշը, Ա. Մութալիբովը չցանկացավ մասնակցել այդտեղ կայացածՙ ոչ ԼՂՀ ղեկավարության, ոչ էլ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներին։ Նա ծվարեց նախկին կուսմարզկոմի շենքում, որտեղ վերջին 2 տարում բնավորվել էր պոլյանիչկո-սաֆոնովյան ռազմա-քաղաքական տանդեմը։

Փոխադարձ համաձայնությամբ, բանակցությունները տեղափոխվեցին չեզոք վայր։ Սեպտեմբերի 27-ին Հյուսիսային Կովկասի Ժելեզնովոդսկ քաղաքում տեղի ունեցած բազմակողմ հանդիպումը եւս արդյունք չտվեց, որովհետեւ Ղարաբաղի բարձրագույն մարմնի որոշումը բխում էր բուն ժողովրդի շահերից, եւ նորաստեղծ ԼՂՀ-ի ղեկավարությունը, ի դեմս հանրապետության առաջին ղեկավար Լեոնարդ Պետրոսյանի, չէր կարող նահանջել հարազատ ժողովրդի պահանջախնդրությունից։

Քաղաքական ըմբռնումները ղարաբաղյան հիմնախնդրի հարցումՙ պաշտոնական Բաքվի ու Ստեփանակերտի միջեւ վերջնականորեն տարանջատվեցին։ Եվ դա արդեն պատերազմական գործողությունների նախաքայլը հանդիսացավ. սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի վրա պայթեցին Շուշիից արձակված «Ալազան» տեսակի առաջին հրթիռները։ Նույն օրը Աղդամի կողմից «ալազաններով» հրթիռակոծվեց նաեւ Ասկերան ավանը։ Պաշարված, կրակե օղակում հայտնված Արցախը բռունցքվեց ու դեմ հանդիման կանգնեց իրեն կուլ տալու պատրաստ հրեշին։

Եղավ ծանր ու տեւական գոտեմարտ հանուն գոյության։ Պատերազմից գրեթե ամբողջությամբ ավերվեց հանրապետության տնտեսությունը, հրի մատնվեցին 100-ից ավելի բնակավայրեր, ավերվեց նաեւ հանրապետության բնակֆոնդի շուրջ կեսը։

1994 թվականի մայիսի 12-ի հրադադարը յուրօրինակ հաղթանակ էրՙ փոքրիկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թեկուզ մեծ զոհերի գնով, կարողացավ կենաց ու մահու պայքարում պահպանել իր գոյությունը եւ աշխարհին ապացուցել ապրելու իր նվաճուն իրավունքը։

Պատերազմը, սակայն, սպառիչ կերպով հարց չի լուծում։ Այն պարզապես հակամարտող կողմերից յուրաքանչյուրին դնում է իր արժանի տեղը, ամեն մեկին ըստ ներունակության կամ ինչպես ընդունված է ասելՙ նրա թրի երկարությամբ։

Հրադադարից հետո, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում, ԼՂՀ-ն ձեռնամուխ եղավ ավերված տնտեսության վերականգնմանը։ Այս բնագավառում, անշուշտ, անցած 8 տարիները հրաշքներ չեն արձանագրել, սակայն ակնհայտ է մի բանՙ իրականացվող բարեփոխումները միակ ճիշտ ուղին են հանրապետության կենսական ռիթմը նորմալ շնչառության բերելու համար։ Համաչափ, վստահ շնչառություն ձեռք բերած Արցախն, անկասկած, մեծ վազքատարածություն ունի։

Առավել շոշափելին նորանկախ հանրապետությունում տեղի ունեցող այսօրվա ժողովրդավարական գործընթացներն են, որոնց աստիճանաբար ճանաչումն, Ադրբեջանում կատարվող քաղաքական ոչ ադրբեջանանպաստ իրողությունների զուգադրմամբ (դրա ամենավառ արտահայտությունը 2002 թ. սեպտեմբերյան հանրաքվեն է) ավելի ըմբռնելի է դարձնում արցախահայության պահանջախնդրության իրավական ու քաղաքական իմաստը։

Մի անվիճելի փաստ. 1991-ի սեպտեմբերի 2-ին մեզանից ոչ մեկը չէր կարող կանխագուշակել, որ 11 տարի հետո նորաստեղծ ԼՂՀ-ն ոչ միայն տարածաշրջանում կդառնա ռազմական կարեւոր գործոն, այլեւ ժողովրդավարական ընտրություններով ուսանելի օրինակ կհանդիսանա տարածաշրջանի շատ երկրների համար։ Ասել է թեՙ ընտրված ուղին անբեկ է, եւ հազիվ թե կասկածահարույց է այն ակնկալումը, որ դարձյալ տարիներ հետո անկախության նոր գումարելիները կհավելվեն այսօրվա ձեռբերումներինՙ մաքառող ժողովրդին ի վերջո հասցնելով իր մշտարթուն երազանքի իրականացմանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4