Սեպտեմբերի 1-ին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացան ութ սարկավագներ։
Նախորդ օրը, երեկոյան ժամերգությունից առաջ Մայրավանքում կատարվեց նորընծաների ուղղափառ հավատքի հրապարակային քննություն։ Սարկավագների քահանայության կոչման արարողության ընթացքում խարտավիլակ հոգեշնորհ Տ. Թորգոմ աբղ. Տոնիկյանը վկայեց նորընծաների հոգեւոր-իմացական պատրաստվածության եւ արժանիքների մասին, իսկ ընծայացուները միաբերան մերժեցին եւ նզովեցին հերետիկոսներին ու հերձվածողներինՙ ուխտելով հետեւել սուրբ առաքյալների եւ հայոց երանաշնորհ հայրապետների հավատքին։
Կիրակի, հընթացս Ս. պատարագի, 8 ուխտյալները սաղմոսների փոխասացության ներքո ծնկաչոք բարձրացան Ավագ Ս. խորան։ Դառնալով դեպի հավատացյալ ժողովուրդըՙ ընծայացուները բարձրացրին իրենց ձեռքերըՙ ի նշան աշխարհիկ կյանքից հրաժարման։ Մեծ հանդիսավորությամբ Ս. խորան բերվեց սրբալույս մյուռոնը, եւ ձեռնադրող սրբազան հայրը մեկառմեկ օծեց ընծայացուների ճակատները, աջ եւ ձախ ձեռքերի ափերըՙ նոր անուններով կոչելով նրանց։
Ձեռնադրությունից հետո Ավագ Ս. Խորան բարձրացան վեհափառ Հայրապետը, սրբազան հայրերն ու միաբանները եւ համբուրելով քահանաների սրբալույս մյուռոնով օծված ճակատներն ու ձեռքերըՙ շնորհավորեցին նրանց։