«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2002-08-30 | #155, 2002-08-31 | #156, 2002-09-03


ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԶԵՐԿԱԼՈ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Հարգելի գործընկերներ.

Ձեր թերթի 06.08.02 թ. համարում «Հայերը կրկին ցանկալին ներկայացրել են որպես իրականություն» վերնագրով հոդվածում վկայակոչվում է մեր նյութըՙ կապված ՀՀ հնարավոր ապաշրջափակման, իսկ ավելի ճիշտՙ Կարս (ԹՀ) եւ Գյումրի (ՀՀ) քաղաքների միջեւ հաղորդակցության վերականգնման հետ։ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի խորհրդական, Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ պրոֆեսոր Հասան Քյոնին, ինչպես գրել էինք մենք, արտահայտվել էր ընթացիկ տարվա մեջ երկաթուղային հաղորդակցության հնարավոր վերականգնման օգտինՙ դրա համար որոշակի նախադրյալների առկայության դեպքում, մասնավորապես, 03.11.02 թ. Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում սոցիալ-դեմոկրատների հաջողությունը եւ տարածաշրջանային պետությունների փոխադարձ ինտեգրացումը։ Վերջինի առումով, անշուշտ, պետք է հասկանալ առաջին հերթին հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների կարգավորումը։

Սակայն անչափ մեծ էր մեր զարմանքը, երբ «Զերկալո» թերթի վերը նշված հոդվածում պրն Քյոնին հերքեց իր արտահայտած, իսկ ավելի ճիշտՙ մեր վերարտադրած դիրքորոշումը։ Քանի որ ս. թ. հուլիսի 26¬30-ն Անկարա այցելած մեր խումբը մինչեւ վերջերս գտնվել է արձակուրդում, մեզ միայն այժմ որոշ ուշացումով հաջողվել է համաձայնեցնել եւ պարզաբանել մեր դիրքորոշումը եւ իրականում տեղի ունեցածը։

Մեր զրույցը պրն Քյոնիի հետ կայացել է ս. թ. հուլիսի 28-ին, Անկարայից ոչ հեռուՙ «Փաթալյա» ժամանցի կենտրոնում։ Մեր հարցազրույցն ամբողջությամբ ձայնագրվել է երկու ձայնագրիչներով եւ ձայնագրության տեւողությունը կազմում է շուրջ 20 րոպե։ Ձայներիզն առկա է եւ անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել Ձեզ։ Հենց միայն այդ փաստն արդեն իսկ հերքում է Ձեր վարկածն, իբր», «պարոն Քյոնիի հետ կայացած մեկ-երկու րոպե տեւողությամբ զրույցի» մասին, ինչի ընթացքում նա «նույնիսկ չի հիշատակել Կարս-Գյումրի երկաթգծի մասին»։

Հարկ է նշել, որ 15.07.02 թ. ԱՄՆ Կոնգրեսը բանաձեւ է ընդունել ՀՀ-ին 2003 թ. հատկացվելիք տնտեսական օգնության փաթեթի ծավալների մասին, որի համատեքստում կոչ է արվում թուրքական կողմին վերագործարկել Կարս-Գյումրի երկաթգիծը։ Պարոն Քյոնիին ուղղված հարցը տրվել է հենց այս համատեքստումՙ հնարավոր հեռանկարները մեկնաբանելու խնդրանքով։ Նշենք, որ միեւնույն հարցը ուղղվել է նաեւ այլ թուրք ներկայացուցիչների, մասնավորապես, տիկին Գյոնուլ Սարային։ Վերջինս հերքել է ապաշրջափակման մասին վարկածը, ինչը եւս հրապարակվել է հայկական ԶԼՄ-ներում («Հայաստանի Հանրապետություն», 02.08.02 թ., Noyan Tapan Highlights։

Հարգելի գործընկերներ.

Թուրքական կողմից ՀՀ հնարավոր ապաշրջափակման հեռանկարը թուրքական ԶԼՄ-ների եւ 9-ամյա շրջափակման վերացման օգտին նմանապես հանդես եկող ԹՀ մի շարք հասարակական-քաղաքական գործիչների քննարկումների օրակարգում է։ Սույն հիմնախնդրի օբյեկտիվ լուսաբանումը համարում ենք մեր պրոֆեսիոնալ պարտքը եւ հուսով ենք, որ «Զերկալոն» առանց աղավաղման կարտացոլի իրական իրադարձությունները եւ, մասնավորապես, կհրապարակի մեր ուղերձը։ Գտնում ենք, որ ԶԼՄ-ները տարածաշրջանում առկա հիմնախնդիրների կարգավորման գործում անգնահատելի դեր եւ նշանակություն ունեն։ Մեր կարծիքով, առավել գերադասելի եւ կառուցողական է տեղեկատվության ազատ փոխանակումը, քան ռազմաշունչ հրապարակումները, որոնք, ցավոք, գերակշռում են կենցաղում։

Հարգանքներովՙ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԽՈՒՄԲ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4