«Բիգոտրի մոնիտոր» («Մոլեռանդության հսկիչ») անվանումով նախկին Խորհրդային Միության հրեական խորհուրդների միության մարդու իրավունքների պաշտպան տեղեկատվական շաբաթաթերթի օգոստոսի 23-ի համարում «Ռասիզմն ու հակասեմականությունը աճում են անհավանական վայրերում» վերնագրով մի հոդված անդրադառնում է հայկական թերթերում հրեաների մասին գրված նյութերին։ «Հայկական թերթերն անհեթեթ ստեր են տպագրում հրեաների մասին» ենթախորագրով այդ անգլերեն հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար։ Այսուհանդերձ, չենք կարող առայժմ գոնե մեկ մատնանշում չկցել հոդվածի թարգմանությանը։ Ոչ մեր թերթը եւ ոչ էլ Հայաստանում մեզ հայտնի մի այլ թերթ երբեւիցե չեն գրել, թե «Հոլոքոսթի համաշխարհային ճանաչումը նվազեցնում է 1915 թ. Հայոց ցեղասպանության կարեւորությունը»։ Մենք ընդհանրապես դեմ ենք ողբերգությունների «մրցակցությանը», եւ հենց դրա համար էլ այնքան խիստ քննադատեցինք Հայաստանում Իսրայելի դեսպան տիկին Ռիվկա Կոհենի կողմից Հայոց ցեղասպանությունը հրեական Հոլոքոսթի հետ համեմատելու, հայերի ողբերգությունը հրեաների ողբերգությանը ստորադասելու նրա ձախավեր փորձը, ինչը, խոստովանենք, Հայաստանում առաջացրեց հակաիսրայելական, բայց ո՛չ հակահրեականության ալիք։
Չնայած բացահայտ հակասեմական հոդվածներ հազվադեպ են լույս տեսնում հայկական մամուլում, այնուամենայնիվ ժամանակ առ ժամանակ հայտնվում են դժգոհության արտահայտություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Իսրայելի բարեկամական հարաբերությունների վերաբերյալ եւ կտրուկ պնդումներ, որ Հոլոքոսթի համաշխարհային ճանաչումը նվազեցնում է 1915 թվի Հայոց ցեղասպանության կարեւորությունը։ Ընդհանուր առմամբ նույնիսկ այս թեմաների շուրջ հոդվածները զուրկ են բացահայտ հակասեմական տրամադրություններից, սակայն այս ամառվա ընթացքում երկու հայկական թերթեր հետեւողականորեն արատավորեցին հրեաներին մի երկրում, որը նախկին Խորհրդային Միության հրեաների համար հանգիստ ու խաղաղ անկյուն էր եղել։
Թերթերից ամենասուր բնույթ կրողըՙ «Ազգը», ազգայնական կազմակերպության օրգանն է, որը ճանաչված է իր առաջնորդի անունով1 որպես Ռամկավար Ազատական կուսակցություն։ «Ազգը» օրաթերթ է, մոտ 3500 օրինակ տպաքանակով։ (Երկրում երկու առաջատար պետական թերթերի տպաքանակը 15.000 եւ 5000 օրինակ է)։ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի բացահայտ հակահայ քաղաքականության մասին մայիսի 31-ի համարում տպագրված նյութում թերթի Մոսկվայի թղթակից Ռուբեն Հայրապետյանը մեղադրում է հրեաներին։ Հետեւյալ մեջբերումը հոդվածի անգլերեն տարբերակից է, որը հրապարակվել է «Ազգի» ինտերնետային ցանցում.
«Ռուս նացիոնալիստները ընդունում են իրենց բացարձակ անզորությունը պայքարելու հրեաների դեմ։ Նրանց քաջ հայտնի է, որ Ռուսաստանի 7 միլիարդատերերից 5-ը հրեա է։ Ասում են վեցերորդիՙադրբեջանցի Վագիթ Ալեքպերովի կինն էլ է հրեա, ընդ որում բոլորն էլ իրենց հարստությունները դիզել են ոչ թե ինչ-որ բան արտադրելով, այլ տիրանալով ռուսների ազգային հարստություններինՙ անմշակ նավթին ու գունավոր մետաղներին եւ վաճառելով դրանք Արեւմուտքին։ Ոչինչ չի փոխվում, երբ նրանց «ջհուդի մռութ» են անվանում։ Ոչինչ։ Բանն այն է, որ, որոշ տվյալներով, նահանգապետ Տկաչովի մայրն էլ է հրեա, չնայած ես բավարար հիմքեր չունեմ պնդելու այդ փաստը։ Բայց նրա կատարած շատ քայլեր դյուրությամբ կարելի է բացատրել այդ փաստով։ Հիշենք, որ 1917 թվի Հոկտեմբերյան հեղաշրջման պարագլուխները բոլորը հրեաներ էին, որոնք նոր Ռուսաստանը կառուցեցին դաժանորեն ոչնչացնելով ռուս ազնվականությանը, պրոֆեսիոնալ զինվորականությանը եւ ուղղափառ քրիստոնյաներին։ Այժմ հիանալի պայմաններ են ստեղծված թալանելու Ռուսաստանը եւ քավության նոխազ դարձնելու հայերին, ադրբեջանցիներին, քրդերին եւ մյուս փոքրամասնություններին։ Ի դեպ, Տկաչովի վարչության ներգաղթի ծառայության ղեկավարը զտարյուն հրեա է»։
Հակասեմական քարոզչությամբ նկարագրված դեպքերի այս զուգորդման մեջ հատկապես անհեթեթ է այն ենթադրությունը, որ հրեաներն են ղեկավարում Կրասնոդարի երկրամասի էթնիկական փոքրամասնությունների դեմ կառավարության որդեգրած քաղաքականությունը։ Մինչդեռ տարածաշրջանը բոլորի կողմից համարվում է Ռուսաստանի ամենահակասեմականը։
Հուլիսի 13-ի «Ազգի» Մոսկվայի թղթակից Հայրապետյանը պնդում էր, որ Ռուսաստանի առավել բարեկամական հարաբերությունները Իսրայելի հետ հետեւանք են տեղի «հրեականացված» ԶԼՄ-ների եւ ռուս-հրեական կազմակերպությունների երկար տարիների ճնշումների։ Այդ կառույցները, նրա ասելով, վերահսկվում են Իսրայելի հետախուզության կողմից։ Օգոստոսի 1-ի2 «Հիտլերը ծափահարում է Իսրայելի կառավարությանը» հոդվածում նա3 գրավյալ տարածքներում Իսրայելի զինվորականության գործողությունները համեմատում է նացիստական Գերմանիայի գործողությունների հետ («Հիտլերը եւս կենսական տարածքներ էր խոստանում գերմանացիներին») եւ Համաշխարհային հրեական կոնգրեսի հանգուցյալ նախագահ Նաում Գոլդմանին է վերագրում մի արտահայտություն, համաձայն որի հակասեմականները ատում են հրեաներին «մի փոքր ավելի, քան մենք արժանի ենք»։ Հոդվածը գրելու առիթ էր ծառայել Իսրայելը արեւմտյան ափից բաժանող պատի կառուցման նպատակով իսրայելական բանակիՙ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողատարածության գրավումը, որը բողոքի ալիք էր բարձրացրել հայկական ԶԼՄ-ների եւ կառավարական շրջանակներում։ Այնուամենայնիվ, հոդվածում քննադատությունն այնպես էր ձեւակերպված, որ չէր հետապնդում վիրավորել հրեաներին։
Հողազավթման այս թեման հուլիսի 23-ին նյութ էր ծառայել նաեւ «Գոլոս Արմենիի» թերթի համար, որը մոտ 5000 տպաքանակով անկախ հրատարակություն է։ «Անցյալի ուրվականները ոչ միայն գոյություն ունեն, այլեւ իշխում են աշխարհին» հոդվածի առաջին պարբերությունում հեղինակն ակնարկում էր, որ հայկական կառավարությունն Իսրայելի քաղաքականությունը պետք է կապեր Հայաստանի հրեական համայնքի հետ։ Մի՞թե կառավարությունը, ի պատասխան Իսրայելի հողազավթման, չպետք է առգրավի «Հայաստանի ռաբբունապետի շքեղ ջիպը», հարցնում է հոդվածագիրը, որը Իսրայելի հողազավթումը բացատրում էր «իսրայելցիների կամ, ավելի ճիշտ, հրեական քաղաքական եւ հասարակական շրջանակների հայատյացությամբ, որոնք իրենց վրա հրավիրեցին ուշադրությունը նախ բուռն հակազդելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, եւ ապա Իսրայելի բացահայտ թուրքամետ քաղաքականությամբ, որն ի վերջո ուղղված է հատկապես Հայաստանի դեմ»։
Հոդվածագրի համոզմամբ, կապ գոյություն ունի 1915 թվի հայոց կոտորածները չճանաչելու Իսրայելի ներկա կառավարության եւ այն ժամանակվա թուրք կառավարության մեջ իբր թաքնված հրեաների միջեւ։ Որպես վստահելի աղբյուր հեղինակը մեջ է բերում «Ավագ սիոնիստների արձանագրությունները» հակասեմական կեղծ փաստաթուղթը, որով ցանկանում է առնչություններ տեսնել Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի ներկա չարակամ դիրքորոշման եւ «երիտթուրքերի մի շարք առաջնորդների էթնիկական ծագման միջեւ։ Օսմանյան կայսրությունում զբաղեցնելով բարձր պաշտոններՙ նրանք անմիջականորեն ներգրավված էին հայերի հանդեպ թուրքական իշխանությունների չարագործություններում։ Բոլորն էլ գիտեն, որ պանթուրքիզմի գլխավոր գաղափարախոսներն ու ղեկավարները թուրքեր չէին», գրում է նա։
Այստեղ հանկարծակի ավարտվում է «Բիգոտրի մոնիտորի» հոդվածի ինտերնետային ցանցով մեր ձեռքն անցած տարբերակը, որի վերաբերյալ հարկ ենք համարում հետեւյալ ճշտումները կատարելՙ
1. «Ռամկավար ազատականը» առաջնորդի անունը չի կարող լինել,
2. Հոդվածը «Ազգում» լույս է տեսել հուլիսի 31-ին եւ ոչ թե օգոստոսի 1-ին,
3. Հոդվածագիրն այս դեպքում ոչ թե Հայրապետյանը, այլ Ռուբեն Բադալյանն է։