«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2002-08-30 | #155, 2002-08-31 | #156, 2002-09-03


ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕՐԸ ԵՊՀ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

Երեկ հանրապետության բուհերում ուսանողական տարվա առաջին օրը հատկապես առաջին կուրսեցիների համար պիտի որ հիշարժան լիներ։ Դպրոցական կյանքից անցումը համալսարանականին, այնուամենայնիվ, զգալի տարբերություններ ունի եւ ուսանողին ընտելանալ նոր կրթահամակարգին, նոր միջավայրին պետք է հենց առաջին օրերից։

Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետն այս տարի նախորդ տարիների համեմատությամբ ավելի մեծ հետաքրքրություն էր առաջացրել դիմորդների շրջանակներում։ Սա, անշուշտ, ուրախալի է, քանի որ նախորդ տարիներին հայ բանասիրության նկատմամբ թուլացող հետաքրքրությունը հուսահատեցնող էր ինչ-ինչ առումներով։ Այս տարի նկատելիորեն բարձր էր ե՛ւ դիմորդների քանակը ե՛ւ անցողիկ մրցութային բալը։

ԵՊՀ-ն այն միակ կրթօջախն է, որ առանձնանում է մյուս բուհերիցՙ գիտական մտքի իր վաստակով, ուսանողությամբ։ Համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է բանասիրական ֆակուլտետը։ Հայ բանասիրության մասնագետների պատրաստման գծով ֆակուլտետը եզակի է հանրապետությունում, որ տվել է հայագիտության երախտավորների մի մեծ խումբՙ Էդ. Աղայան, Գ. Ջահուկյան, Մ. Աբեղյան, Ա. Տերտերյան, Մ. Մկրյան, Էդ. Ջրբաշյան, Հր. Թամրազյան եւ ուրիշներ։

Այսօր պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում սովորում են շուրջ 600 ուսանողներՙ Հայաստանից, սփյուռքից, ԱՊՀ երկրներից։ Գործում են 7 ամբիոններՙ հայոց լեզվի, ընդհանուր լեզվաբանության, լեզվի պատմության, հայ գրականության, հայ նորագույն գրականության, արտասահմանյան գրականության, մանկավարժության։

Իր 100-ից ավելի պրոֆեսորա-դասախոսական կազմով, շարունակելով նախորդ շրջանի լավագույն ավանդները, ֆակուլտետն այսօր առաջատարներից մեկն է բուհում։

Երեկ բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսեցիների համար շնորհավորանքների ու բարեմաղթանքների օր էր։ Ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը շնորհավորեց ուսանողներին եւ ծանոթացրեց նրանց ֆակուլտետի պատմությանը, կառուցվածքին, ուսանողների իրավունքներին եւ պարտականություններին։ Առաջին կուրսեցիներին բարեմաղթանքներ հղեցին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վազգեն Գաբրիելյանը, Լեւոն Եզեկյանը, Սամվել Մուրադյանը, փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու Արտաշես Սարգսյանըՙ ընդգծելով հայ բանասիրության, հայ գրականության դերը մեր պատմության բոլոր ժամանակներումՙ իբրեւ հայապահպանման, սերունդների հայեցի դաստիարակության համար հիմնական գործոնՙ Մաշտոցից ցայսօր, եւ ցանկացան երիտասարդներին ուսանողական գեղեցիկ առօրյայի եւ ուսման ներդաշնակ զուգակցում։

Հանդիպումից հետո կազմակերպվեց ուսանողների այցը Կոմիտասի անվան պանթեոն։

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4