Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց ուզբեկական ըմբշամարտիՙ կուրաշի աշխարհի առաջնությունը։ Տղամարդկանց չորս եւ կանանց երեք քաշային կարգերում աշխարհի չեմպիոնի կոչումն էին վիճարկում 35 երկրների շուրջ 170 մարզիկ-մարզուհիներ։ Մասնակիցներից ամենաներկայացուցչականն Ուզբեկստանի, Թուրքիայի, Բրազիլիայի հավաքականներն էին, որոնք քաշային բոլոր կարգերում էլ մարզիկներ էին ներկայացրել։ Արժանին պետք է մատուցել Հայաստանի ներկայացուցիչներին, որոնցից 3-ը դարձան աշխարհի առաջնության մրցանակակիրներ։ Գերազանց ելույթ ունեցավ սամբոյի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնուհի, բազում մրցաշարերի մրցանակակիր Քրիստինե Նաջարյանը։ Նա 52 կգ քաշային կարգում հաղթող դուրս եկավ 2 գոտեմարտերում էլ եւ հռչակվեց աշխարհի չեմպիոնուհի։ Բացարձակ քաշային կարգում Կարինե Ղեւոնդյանն արժանացավ արծաթե մեդալի, իսկ Հարություն Ղարիբյանը (90 կգ) նվաճեց բրոնզե մեդալ։