«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2002-08-30 | #155, 2002-08-31 | #156, 2002-09-03


«ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանի մեկնարկային տուրում առավել մեծ հետաքրքրություն էր ներկայացնում «Բանանցի» եւ «Փյունիկի» մրցավեճը։ Սակայն, ցավոք, սպասված գրավիչ խաղը չստացվեց։ Խաղադաշտում հիմնականում կոշտ, ուժային պայքար էր ընթանում։ Չնայած մրցակիցների ներդրած ջանքերին, ռեալ գոլային պահերը սակավաթիվ էին։ Հաշիվն էլ բացվեց բավական անսպասելի։ 9-րդ րոպեին հյուրերը տուգանային հարվածի իրավունք ստացան։ «Բանանցի» ֆուտբոլիստները «պատ» կազմեցին, եւ նրանցից մեկն Արտավազդ Քարամյանի հարվածը փորձեց կասեցնել ձեռքով, որի համար էլ թիմը պատժվեց 11 մ հարվածով։ Ինչպես միշտ, այս անգամ էլ Վարդան Մինասյանի հարվածն անկասելի էր։ Չեմպիոնի հետ խաղում «Բանանցի» կազմում իրենց նորամուտը նշեցին Արկադի Դոխոյանը, Վարազդատ Ավետիսյանն ու Ռաֆայել Նազարյանը, որոնք ակտիվություն էին մտցրել թիմի գործողություններում։ Սակայն գործը վճռական հարվածների չհասավ։ Թերեւս, ամենավտանգավոր պահը «Փյունիկի» դարպասին ստեղծվեց 55-րդ րոպեին, երբ Արթուր Մինասյանը մոտ 30 մետրից պարզապես գնդակոծեց դարպասը, սակայն գնդակը դիպավ ձողին։ «Փյունիկի» հարձակվողներն էլ առանձնապես չանհանգստացրին «Բանանցի» դարպասապահին։ Միայն խաղավերջում «Փյունիկը» կրկնապատկեց հաշիվը եւ կրկին ստանդարտ դիրքի խաղարկումից։ 85-րդ րոպեին ձախ թեւից Մինասյանը գնդակը փոխանցեց Աղվան Մկրտչյանին, վերջինս հարվածեց դարպասին, քիչ առաջ խաղադաշտ մտած Մամադու Դիավարան շեղեց գնդակի ուղղությունըՙ հանկարծակիի բերելով դարպասապահ Բաբայանին։

Այսպիսով, «Փյունիկն» առաջնությունում իր 11-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց։ Դա յուրօրինակ ռեկորդ է։ Մինչ այդ, մեկնարկում 9 անընդմեջ հաղթանակ էր տոնել «Շիրակը» (1994 թ.)։ Նշենք նաեւ, որ այդ ցուցանիշով «Փյունիկի» նախկին ռեկորդը սահմանվել էր անցյալ տարի, երբ թիմը մեկնարկում 8 անընդմեջ հաղթանակ տարավ, սակայն 9-րդ տուրում 0¬3 հաշվով պարտվեց «Շիրակից»։ Ո՞ւմ կհաջողվի կանգնեցնել «Փյունիկի» հաղթարշավը։ Գուցե կրկին «Շիրակին», որի հետ առաջին շրջանից հետաձգված հանդիպումը կայանալու է Գյումրիում, սեպտեմբերի 14-ին։

«Հրազդան» մարզադաշտում «Միկան» հյուրընկալել էր «Զվարթնոցին»։ Խաղն անցավ անհետաքրքիր պայքարում։ Երկու թիմերն էլ գործում էին դանդաղ տեմպովՙ հաճախակի սխալվելով պարզ իրադրություններում։ Հաշիվը բացվեց 29-րդ րոպեին։ «Դինամոյից» «Միկա» տեղափոխված Արտյոմ Ադամյանը մոտ 30 մետրից գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը։ Երկրորդ խաղակեսում գրեթե նույնանման իրավիճակում Անդրանիկ Թադեւոսյանը վերականգնեց հավասարակշռությունը։ «Զվարթնոցը» հաղթանակը կորզեց ավելացված ժամանակում, երբ փորձելով կասեցնել տուգանային հրապարակ Սարգիս Նազարյանի փոխանցած գնդակը, «Միկայի» պաշտպան Արսեն Սիմոնյանը ձեռքով խաղաց։ 11 մետրանոցը հստակորեն իրացրեց Նազարյանըՙ հաղթանակ պարգեւելով իր թիմին։

Աբովյանում «Արարատի» եւ «Սպարտակի» մրցավեճի ելքը վճռեց սպարտակցի Տիգրան Հովհաննիսյանիՙ 55-րդ րոպեին խփած միակ գնդակը։ «Դինամո»¬«Կոտայք» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի (1¬1)։ Հաշիվը 65-րդ րոպեին բացեց կոտայքցի Կարապետ Մանուկյանը, խաղավարտից 1 րոպե առաջ «Դինամոյին» պարտությունից փրկեց Սամվել Մարգարյանի խփած պատասխան գնդակը։ Գյումրիում «Շիրակը» 7 անպատասխան գնդակ անցկացրեց «Լոռու» դարպասը։ 2-ական գնդակ խփեցին Արտյոմ Հակոբյանն ու Արարատ Հարությունյանը, 1-ական անգամ աչքի ընկան Կարեն Ալեքսանյանը, Արման Տոնոյանն ու Արմեն Ղազարյանը։ Կապանում «Լեռնագործը» 2¬0 հաշվով հաղթեց «Արցախին»։ Թիմին հաղթանակ պարգեւեցին «Լոռուց» տեղափոխված Հակոբ Մամուլյանի խփած 2 գոլերը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4