Նշեցին 16 կուսակցությունների ներկայացուցիչները
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երեկ ՀԺԿ գրասենյակում էին հավաքվել 16 քաղաքական կուսակցությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, որոնք հերթական անգամ հայտարարեցին քաղաքական միավորում ստեղծելու մասին, հետո պատասխանեցին լրագրողների հարցերին։ Հայտարարության տեքստը, որ զարդարված էր 16 կնիքներով, ինչպես մեր ծաղրանկարում, ընթերցեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը։ Նա եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկվա մամուլի ասուլիսի հիմնական բանախոսներն էին։
Հայտարարության մեջ հեղինակները վերստին նշում էին «Ռոբերտ Քոչարյանի եւ նրա վարչակազմի» իշխանափոխության անհրաժեշտության, միավորումը նախընտրական դաշինքի վերաճելու ուղղվածության, նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով եւ ծրագրով մասնակցելու մասին։ Սակայն կուսակցություններիՙ երկրի նախագահ դառնալու հավակնություններ ունեցող ղեկավարների խոսքից ակնհայտ դարձավ, որ, ըստ էության, հիմնականՙ նախագահի միասնական թեկնածուի հարցը հեշտ լուծվողներից չի լինելու։
Ալբերտ Բազեյանը հնարավոր համարեց անգամ 17 թեկնածու, նշելով, որ «հետո կորոշենք», թե ով է լինելու միասնական թեկնածուն։ Ստեփան Դեմիրճյանի կարծիքով եւսՙ «առայժմ վաղաժամ է դրա մասին խոսելը»։ Վազգեն Մանուկյանը չբացառեց իր առաջադրվելը որպես նախագահի թեկնածու, ասելով, թե «ինչ կլինի հետո, ժամանակը ցույց կտա»։ Փոխարենը Ալբերտ Բազեյանը հայտարարեց, որ իրենք բոլորը պատասխանատվություն են կրելու միասնական թեկնածուի համար, հպարտորեն ավելացնելով, որ իրենց հնարավորություններն ավելի լայն են, քան իշխանությանը, որն ունի ընդամենը մեկ թեկնածու։ (Ինչքան շատ, այնքան լա՞վ)։ Ի դեպ, իրեն նախագահի հավանական թեկնածու համարողներից Արտաշես ԳԵղամյանը ներկա չէր մամուլի ասուլիսին։ Դա «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչը «արդարացրեց» նրանով, որ «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում իր ասելիքն արդեն ասել է։ Միասնական թեկնածուի վերաբերյալ «Սոցիալիստական Հայաստան» միավորման նախագահը նշեց, որ իրենք ունեն սեփական թեկնածու, բայց կպաշտպանեն միասնական թեկնածուին։
Միասնական ծրագրի առնչությամբ ասվեց, որ քննարկումներից հետո այն կընդունվի։ Դա, ըստ միավորման ներկայացուցիչների, խոսում է այն մասին, որ նրանց միավորողը միայն իշխանափոխությունը չէ։ Ստեփան Դեմիրճյանի հավաստմամբ, միավորող ուժերը կատարել են հասարակական պատվեր։ Դա է պատճառը, որ միավորման մեջ ընդգրկված են ե՛ւ աջ, ե՛ւ ձախ ուժեր։ Դրանք, ՀԺԿ ղեկավարի կարծիքով, կարող են համագործակցել մի շարք կարեւոր խնդիրների շուրջՙ ազատ եւ արդար ընտրությունների ապահովում, սոցիալական տարբեր խավերի պաշտպանություն եւ այլն։
Ալբերտ Բազեյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը որպես երկրի ընդհանուր վիճակի պատասխանատու, չի կատարում իր սահմանադրական պարտականությունները, ինչի հետեւանքով դատական մարմիններն անկախ չեն, քաղաքացիները հավասար չեն օրենքի առաջ, տնտեսական արդար մրցակցությունը բացակայում է եւ այլն։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը երկրի նախագահին մեղադրեց նաեւ հոկտեմբերի 27-ի համար, համարելով նրան պետական մարմնում կատարված հանցագործության համար քաղաքական պատասխանատվություն կրող։ Ստեփան Դեմիրճյանն իր հերթին իշխանություններին մեղադրեց «կամա թե ակամա» հոկտեմբերի 27-ի ոճրագործներին հովանավորելու մեջ։ Սակայն նա նշեց, որ կոնկրետ մեղադրանքը շատ պատասխանատու հարց է եւ ինքը չի կարող հիմա դա անել։ Վազգեն Մանուկյանի կարծիքով, իրեն դուր չի գալիս ոչ թե Ռոբերտ Քոչարյանի անձը, այլ այն մթնոլորտը, որ տիրում է Հայաստանում։ Ներկաներից միակը լինելով, նա խոստովանեց, որ «Երեւանում կյանքը լավացել է», բայց անմիջապես նշեց, որ ներկայիս ուղին Հայաստանը զարգացման չի կարող տանել։ ԱԺՄ նախագահին մասնավորապես դուր չի գալիս ՀՀ նախագահի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի նկարները դպրոցներում դնելը, արտասահմանում ուսանելու համար 15 հազար դոլարի գրավը եւ այլն։
Լեւոն Տեր¬Պետրոսյանի վերադարձի եւ նախագահի միասնական թեկնածու դառնալու մասին հարցին ելույթ ունեցողները բացասական պատասխաններ տվեցին։ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ ներկա իշխանության այլընտրանք չի կարելի համարել նախկին իշխանությանը։ Ալբերտ Բազեյանն ավելի մանրամասնեց։ Նա նախ նշեց, որ Լեւոն Տեր¬Պետրոսյանի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ նա հայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին։ Այնուհետեւ «Հանրապետության» ղեկավարը կրկնեց ՀԺԿ իր գործընկերոջ միտքն այլընտրանքի մասին։ Նրա կարծիքով, չի կարելի ասել, թե Հայաստանում Ռոբերտ Քոչարյանից եւ Լեւոն Տեր¬Պետրոսյանից բացի այլ թեկնածու չկա։ Բազեյանն ընդգծեց, որ Լեւոն Տեր¬Պետրոսյանի իշխանության օրոք էլ եղել են օրինախախտումներ, բռնություններ եւ ճնշումներ, որոնք, ըստ նրա, այժմ առավել ցայտուն են։
Բացի հիմնական ելույթ ունեցողներից, ժամանակ առ ժամանակ իրենց խոսքն ասացին երկրի միակ «մաքուր ձեռքերով» կուսակցության ղեկավար Հրանտ Խաչատրյանը, «սիրելի ռադիոլսողների» միակ սիրելի Արշակ Սադոյանը, թիվ 1 ռուսամետ, ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը, «Հայրենիք ու պատիվ» անվամբ կուսակցություն ստեղծած, բայց, ի տարբերություն մյուս բանախոսների, չգիտես ինչու ընտանիքի մասին ելույթովՙ թիվ 1 խանութպան Մանուկ Գասպարյանը եւ ժողովրդի շահերով «մտահոգ» այլ անձինք։