«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2002-09-03 | #157, 2002-09-04 | #158, 2002-09-05


ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՍԵՆՍԱՑԻՈՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿ ԴԱՌՆԱԼ

Հավանաբար շուտով Մենդելեեւի աղյուսակում կհայտնվի 118-րդ տարրը

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Մոսկվա

Սեպտեմբերի 3-ին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի նախաձեռնած հերթական այցը Ռուսաստանի մարզեր բավական հետաքրքրական ենթատեքստ էր պարունակում։ Այս այցը նպատակ չուներ տեղի հայ համայնքի խնդիրներին կամ տարածքի տնտեսական հնարավորություններին ծանոթանալու։ Այստեղ այլ հանգամանք կար. դեսպանն այցելել էր Դուբնա, որն աշխարհում միջուկային ֆիզիկայի Մեքքայի համբավ ունի, եւ որում աշխատող հայ գիտնականների ավանդը խորհրդային, իսկ հետագայումՙ նաեւ ռուսական միջուկային ֆիզիկայի հետազոտությունների ասպարեզում անուրանալի է։ Վերջերս լուր էր տարածվել, թե հավանաբար շատ շուտով Մենդելեեւի պարբերական աղյուսակում կհայտնվի 118-րդ տարրը։ Հայտնագործման հեղինակը կարող են դառնալ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ակադեմիկոս Գեորգի Ֆլերովի անվան լաբորատորիայի աշխատակիցները, որոնց գիտական ղեկավարն է պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանը։ «Ազգի» թղթակցի հարցերին պրոֆեսորը սիրով եւ մանրամասն պատասխանեց, ինչի մասինՙ քիչ անց։

Դեսպան Սմբատյանի եւ գիտական կենտրոնի ղեկավարների հանդիպման ընթացքում ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Վլադիմիր Կադիշեւսկին ներկայացրեց իրենց պատմությունը եւ ներկան։ Հետաքրքրություն ներկայացնող մանրամասներից նշեմ հետեւյալները. Միջուկային հետազոտությունների ինստիտուտը ստեղծվել է 1949 թվականին, բնականաբար, առաջին հերթին ռազմական նպատակներ հետապնդելով։

Ստալինի կարգադրությամբ ստեղծված այս գիտական օջախը այն ժամանակներում ունեցել է միակ մրցակիցը ի դեմս ամերիկյան Լիվերմորի կենտրոնի, եւ այդ պահից ծավալվել է սուր մրցակցություն միջուկային հետազոտությունների ասպարեզում։ Անցած տարիներին Դուբնայի կենտրոնը միշտ եղել է առաջատար, եւ նույնիսկ խորհրդային կարգերի փլուզումն ի վիճակի չի եղել սասանելու ինստիտուտի հեղինակությունը։ Անցած 12 տարիներին Դուբնան շարունակել է գիտական նվաճումների իր փառավոր շարքը, եւ, ինչպես նշեցինք, հասել ակնառու արդյունքների։ Այս բոլոր մանրամասները դեսպանին ներկայացրեց ակադեմիկոս Նորայր Սիսակյանի որդին, նույնպես ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանը, որը ներկայումս զբաղեցնում է գիտական կենտրոնի փոխտնօրենի պաշտոնը։

Նշենք եւս մեկ մանրամասն. Վլադիմիր Պուտինը Դուբնայի կենտրոնի եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների կարգավորման օրենքը ստորագրել է 2000 թ. հունվարի 2-ինՙ իր պաշտոնավարման առաջին իսկ օրը։ Այս փաստը, թերեւս, մեկնաբանության կարիք չի զգում։

Ընդգծվեց նաեւ Հայաստանի դերը միջուկային հետազոտությունների ասպարեզում։ 1992 թվականից Հայաստանն անդամակցում է Դուբնայի կենտրոնի աշխատանքներին իսկական անդամի կարգավիճակով, իսկ եթե հաշվի առնենք, որ խորհրդային ժամանակներում էլ հայ գիտնականները ավելի քան զգալի ավանդ են ունեցել այս ասպարեզում, կարելի է ասել, որ Հայաստանի մասնակցությունը Դուբնայի կենտրոնի աշխատանքներին երբեւէ չի դադարել։ Բավական էր միայն Ալիխանյան եղբայրների մասին հիշատակումը։ Իսկ 2003 թվականին կենտրոնը պատրաստվում է բարձր էներգիաների ֆիզիկայի թեմայով միջազգային գիտական կոնֆերանս կազմակերպել Հայաստանում։

Հանդիպման ավարտին ինստիտուտի տնօրենը դեսպանին խնդրեց, որ Արմեն Սմբատյանը ՀՀ նախագահին տեղեկացնի իրենց նախաձեռնության մասին, որի իմաստը հետեւյալն է. կազմակերպել ԱՊՀ երկրների նախագահների արտագնա նիստ Դուբնայում, որի թեման զուտ հիմնարար գիտությունն է լինելու։ Սմբատյանը խոստացավ անպայման տեղեկացնել Ռոբերտ Քոչարյանին։ Կադիշեւսկին հայտնեց, որ այս թեմայի շուրջ ինքը զրուցել է Ղազախստանի նախագահի հետ եւ դրական պատասխան ստացել, իսկ ՌԴ նախագահի աշխատակազմը հարցը քննարկում է ամենաշահագրգիռ ձեւով։

Իսկ այժմ ամենահետաքրքիրը, գիտական աշխարհում սպասվող սենսացիան, որի հեղիակը կարող է դառնալ Յուրի Հովհաննիսյանը։ Նա բացառիկ հարցազրույց տվեց «Ազգի» թղթակցին։

¬ Դուք պատրաստվում եք աշխարհին ներկայացնել Մենդելեեւի աղյուսակի 118-րդ տարրը, որի կյանքի տեւողությունը մեկ վայրկյանից կարճ է։ Կարո՞ղ եք հանրամատչելի լեզվով բացատրել, թե ի՞նչ է դա նշանակում մարդկության եւ մասնավորապես հիմնարար գիտությունների համար։

¬ Այո, մենք կարողացանք այդ տարրը գրանցել, այո, դրա կյանքի տեւողությունը վայրկյանից կարճ է, սակայն, զուտ գիտական տեսանկյունից, այս հայտնագործության նշանակությունն ահռելի է։ Մինչ այս գիտնականներին հաջողվել էր հայտնաբերել 92 տարր, որոնք ստացվում էին բնական եղանակով։ Հաջորդ ութ տարրերը ստացվեցին արհեստական եղանակներով, եւ ամեն մեկի կյանքի տեւողությունը կրճատման միտում ուներ մինչեւ միկրովայրկյաններ։ 114-երորդների շարքից սկսած, տարրերի կյանքի տեւողությունը սկսում է երկարել, իսկ 118-րդը այդ օրինաչափությունը հաստատում է։ Այս իմաստով ապագա հայտնագործության գիտական իմաստը անգնահատելի է։ Տեսականորեն ստացվում է, որ պետք է գոյություն ունենա այսպես կոչված կայունության կղզյակ, որին պատկանող տարրերը կարող են գոյատեւել անվերջ։ Սա է առավել սենսացիոնը այս հայտնագործության ենթատեքստում, եւ գիտափորձը համոզում է, որ այս հայտնագործությունն էլ սարերի հետեւում չէ։

¬ Ժամանակին ամերիկացիները հայտարարեցին, թե հայտնաբերել են 118-րդը։

¬ Այո, բայց նույնքան արագ էլ հերքեցին իրենց ասածը, համոզվելով, որ ստացված արդյունքը գիտականորեն կոռեկտ չէ։

¬ Կարելի՞ է ասել, որ Ձեր հայտնագործությունը, հասկանալի լեզվով ասած, հեղափոխական քայլ է գիտության մեջ։

¬ Անշուշտ։ Մենք հասնում ենք մի սահմանագծի, որը փոխում է նախկինում եղած կարծիքները, այսինքն, եթե առաջ գտնում էին, որ տարրերի կյանքի տեւողության կրճատումը նշանակում է, թե բնության մեջ գոյություն ունեն սահմանափակ քանակի տարրեր, ապա նոր տվյալները գալիս են հաստատելու, որ այդ տարրերի քանակը կարող է լինել անսահման։ Սրանից կարելի է ենթադրել, որ անհրաժեշտ է վերանայել մեզ շրջապատող բնության ծագման մասին նախկինում եղած բոլոր վարկածները։ Ի դեպ, կայունության կղզին այս օղակում կարող է ոչ թե վերջնական, այլՙ սկզբնական գիտելիքի ակունքի վերածվել։ Այդ իսկ պատճառով մենք ձեռնարկեցինք այս չափազանց սուր գիտափորձը, եւ, բարեբախտաբար, հասանք հուսադրող արդյունքի։ Իսկ եթե պարզվի, որ ստացված արդյունքը չի համապատասխանում ներկա գիտության առաջադրած չափանիշներին, ստիպված կլինենք ընդունել փաստը եւ հետազոտությունների սլաքն ուղղել այլ կողմ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4