Երբ մեծանում ես, սեպտեմբերի 1 թե 2 մեկ է դառնում։ Հաճախ նույնիսկ կորցնում ես օրերի հաշիվն ու, թերեւս, առանց ուշադրության են մնում շատ օրեր ու ամսաթվեր։
Սակայն եթե նույն սեպտեմբերի սկզբին գեթ մեկ առիթ ունենաս քաղաք դուրս գալու, հասկանում ես, որ աշնանային այդ օրերի հրճվանքն ինչ-որ շատ թաքուն ու խորը մի տեղում կամաց «խուտուտ» է տալիս հիշողություններդ։
Իսկ դրսում աշակերտներ են, ոմանք մենակ, ոմանք էլՙ ծնողների հետ գնում են դպրոց։ Գնում ենՙ խնդության անսահման զգացումը դեմքներին։ Եվ երբ նայում ես նրանց, չես կարողանում քողարկել ափսոսանքի ժպիտդ։
Այս ներդաշնակ ու աչք շոյող տեսարան կարող է այնքան գրավել ուշադրությունդ, որ, ասենք, փողոցն անցնելիս վթարի պատճառ դառնա։
Իհարկե, հատում ես փողոցը, դեռ շարունակում ես ժպտալՙ ոչ մի կերպ չգիտակցելով քիչ առաջվա սպառնալիքը։
«Առտուրիկ, նու, բիստրը...»։ Անմիջապես գիտակցում ես ե՛ւ փողոցում գտնվելդ, ե՛ւ աշակերտ հիշեցնող փոքրիկի ու նրա մոր ռուսահայերեն խոսակցության աններդաշնակությունը փողոցի այն կողմում գտնվելիս ծագած ոգեւորության հետ։
«Նի տրոգայ, կարող ա փչացնել», ականջիդ է հասնում երեխայի եւ նրա ծնողի խոսակցության շարունակությունը։ Ոգեւորությունդ մարում է, վառ ու լուսավոր երանգներն անհետանում են տեսադաշտիցդ։
Ակամա հարց է առաջանում. «Մի՞թե կրկին վերադառնում ենք ձեւամոլության նախկին վիճակին, երբ հայերեն խոսելն այնքան էլ ներկայացուցչական չէր»։
Ցանկալի կլիներ, որ վերոգրյալը եզակի դեպք լիներ։ Սակայն, ցավոք, այսպես չէ։
Վախենում էինք, թե կհայտնվենք անգլիախոսական ձեւամոլության ազդեցության տակ։ Սակայն պարզվեց, որ, թերեւս, անգլերենն ավելի դժվար ու անմատչելի է, քան ռուսերենը։
Այս ամենով հանդերձ, ամենավատն այն է, որ հայերենն էլ, պարզվում է, դժվար է եւ ոչ մատչելի ոմանց (որոնք փոքրամասնություն չեն) համար։ Հետո էլ դժգոհում ենք, թե հեռուստառադիոխոհերն ու թերթերը գրագետ հայերենով չեն մատուցում ասելիքը։
Իհարկե, չեն մատուցի, քանի դեռ մայրն, իր որդու ձեռքը բռնած դպրոց տանելիս, հայերենն իր զավակին պատգամելու փոխարեն, կասի. «Առտուրիկ, նու, բիստրը...»։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ