Ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները շարունակում են նախապատրաստությունն ուկրաինացիների հետ սեպտեմբերի 6-ին եւ 7-ին կայանալիք Եվրո-2004¬ի ընտրական մրցաշարի անդրանիկ հանդիպումներին, որոնց արդյունքը մեր ֆուտբոլիստների համար հսկայական նշանակություն ունի թե՛ մարզական, թե՛ հոգեբանական առումով։ Երկու հավաքականներում էլ գործնական մթնոլորտ է տիրում. ֆուտբոլիստները բարեխղճորեն են կատարում մարզիչների ցուցումները, մարտականորեն են տրամադրված։
Ազգային հավաքականն իր անդրանիկ մարզումն անցկացրեց սեպտեմբերի 3-ինՙ «Փյունիկի» մարզաբազայում։ Հավաքի հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում էին միայն լեգեոներներ Արմեն Համբարձումյանն ու Ալբերտ Սարգսյանը, որոնք պետք է ժամանեին մի փոքր ուշ։ Ավելի քան 2 ժամ տեւած հագեցած մարզման ժամանակ կատարվեցին ֆուտբոլիստների ընդհանուր ֆիզպատրաստության բարելավմանն ուղղված տարբեր վարժություններ, մշակվեցին տակտիկական զանազան տարբերակներ։ Ֆուտբոլիստների ընդհանուր խմբից միայն Խոսե Բիլիբիոն էր մարզվում անհատական ծրագրով (կրոսավազք)։
Ինչպես «Ազգի» թղթակցի հետ զրույցում նշեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Լոպեսն, առաջին մարզումն ավելի շատ ճանաչողական բնույթ էր կրում, որի նպատակն էր ծանոթանալ լեգեոներների մարզավիճակին, նրանց խաղային ունակություններին, կողմնորոշվելու, թե ֆուտբոլիստներից ում ինչպիսի՞ դիրքում է նպատակահարմար խաղացնել։ Ըստ Լոպեսի, ուսումնամարզական հավաքն անցնում է նախապես մշակված ծրագրին համապատասխան, տղաները ջանասիրաբար են մարզվում, կատարում մարզիչների ցուցումները։ Առաջիկա խաղի կապակցությամբ Լոպեսը նշեց, որ պետք է ձգտեն լավ խաղ ցուցադրել եւ հաճույք պատճառեն հանդիսականներին։ Ինչ խոսք, Անդրեյ Շեւչենկոյի բացակայությունը մեզ համար շատ լավ է, սակայն, ըստ Լոպեսի, Ուկրաինայի հավաքականում բարձրակարգ այլ ֆուտբոլիստներ էլ կան, այնպես որ մրցակիցը բավական մեծ ներուժ ունի։ Ընդհանրապես, գլխավոր մարզչի կարծիքով, Հայաստանի հավաքականին լուրջ մրցակիցներ են բաժին ընկել եւ պետք է ձգտել պատվով կատարելու թիմի առջեւ դրված առաջադրանքը։
Երեկ ազգային հավաքականը հերթական մարզումն անցկացրեց «Հանրապետական» մարզադաշտում, իսկ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները հանգրվանել են «Նաիրի» մարզադաշտում։ Այստեղ էլ մարզումներն ընթանում են նորմալ հունով։ Հուսանք, որ մեր հավաքականները կազմ ու պատրաստ կներկայանան առաջին հանդիպմանը։