ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Օպտիկական մալուխի վնասման պատճառով «Արմինկո» ընկերությունը մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի վնաս է կրել։ Այս մասին տեղեկացրեց ընկերության տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը։ Ըստ նրա, բացի նյութական վնասից ընկերությունը կրում է լուրջ բարոյական վնասներ. տուժում է նրա վարկանիշը, առկա է բաժանորդների վստահությունը կորցնելու վտանգը։ Հայաստանի խոշորագույն ինտերնետային պրովայդեր հանդիսացող ընկերության տնօրենը համոզված է, որ նման ճանապարհով «Արմինկոյին» փորձում են դուրս մղել բիզնեսի այս ոլորտից։
Հիշեցնենք, որ այս ընկերության օպտիկական մալուխը սեպտեմբերի 2-ին միտումնավոր վնասել էին ինչ-որ անձինք։ Ա. Ալեքսանյանը համոզված է, որ դա պատահական մարդիկ չեն արել, քանի որ հանցագործները քաջատեղյակ են եղել ոչ միայն մալուխների անցման ուղուց, այլեւ անսխալ ընտրել-կտրել են հենց այս ընկերությանը պատկանող մալուխըՙ այն էլ քաղաքի երկու տարբեր մասերում։
Ա. Ալեքսանյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 5-ի դրությամբ երկու վնասված հատվածներից հաջողվել է մասնակիորեն վերականգնել միայն մեկը։ Օպտիկական մալուխի զոդումը բավականին թանկ եւ աշխատատար է, հատուկ սարքավորում եւ մասնագետ է պահանջում։ Ներկայումս «Արմինկոյի» բաժանորդները սպասարկվում են ռադիոմոդեմային կապի միջոցով, որի որակը եւ հնարավորությունները սահմանափակ են։
Ըստ Ա. Ալեքսանյանի, «Արմինկոն» մրցակցության «ծովահենական» մեթոդներին գերադասում է պատասխանել քաղաքակիրթ մեթոդներով եւ դեպքի կապակցությամբ դիմել է իրավապահ մարմիններին։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է Արաբկիրի ՆԳ բաժանմունքի վարույթում։ Սակայն, նույնիսկ եթե հանցագործները հայտնաբերվեն եւ պատժվեն ըստ օրենքի, «Արմինկոյի» ղեկավարությունը վստահ չէ, որ նման միջադեպեր չեն կրկնվի։ Ըստ Ա. Ալեքսանյանի, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեծ ֆինանսական ներդրումներ պահանջող այս բիզնեսը պաշտպանված չէ մրցակիցների անօրինական ոտնձգություններից։