Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար, Էդուարդ Շեւարդնաձեին նախկինում հավատարիմ Իգոր Գեորգաձեն «Իզվեստիա» թերթի հինգշաբթի օրվա համարում հայտարարել է, թե վրացական հատուկ ծառայությունները չեչեն գրոհային Ռուսլան Գելաեւին նախազգուշացրել են Պանկիսի կիրճում սպասվող գործողությունների մասին։ «Վրաստանի պետանվտանգության ոմն աշխատակից Գելաեւին իրազեկել է գործողության ժամկետների մասին, պայմանավորվածություն է ձեռք բերվել գրոհայիններին տեղափոխել անվտանգ վայրեր։ Իսկ Շեւարդնաձեն, ձերբակալելով ինչ-որ անլեգալ արաբի, հայտարարեց, թե գործողությունը պսակվել է հաջողությամբ։ Վրաստանի նախագահը երկյուղեց Գելաեւին եւ նրա գրոհայիններին հանձնել Ռուսաստանին, քանի որ վերջիններս կարող էին Կոդորի կիրճի սադրանքին Վրաստանի իշխանությունների մեղսակցությունը հաստատող ցուցմունքներ տալ», հարցազրույցում ասում է Գեորգաձեն։
Հիշեցնենք, որ 2001 թ. հոկտեմբերին Թբիլիսիի իշխանությունների օժանդակությամբ Գելաեւի ավազակախումբը Պանկիսի կիրճից «արշավեց» Կոդորՙ Աբխազիա, իսկ հայկական Նաա գյուղի վրա հարձակման ժամանակ սպանվեցին 14 հայեր։
Գեորգաձեն խոստացել է պատռել Էդուարդ Շեւարդնաձեի դիմակը, փաստերով, ձայնագրություններով ապացուցել, որ Վրաստանի նախագահը մարդասպան է, նրա ցուցումով սպանվել են տասնյակ պաշտոնյաներ։
Իգոր Գեորգաձեն ամբաստանվում է Շեւարդնաձեի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ եւ արդեն յոթ տարի թաքնվում է վրաց իշխանություններից։ Ենթադրվում է, որ Գեորգաձեն թաքնվում է Ռուսաստանում։
Թ. Հ.