Շանթ Խայալյանի լուսանկարների ցուցահանդեսը
Երիտասարդ սիրիահայ լուսանկարիչ Շանթ Խայալյանն առաջին անգամ իր աշխատանքների ցուցահանդեսը բացեց Հայաստանումՙ երեկ Թեքեյան կենտրոնումՙ կազմակերպությամբ «Ազգ» օրաթերթի։
Ինքն իրեն կես սիրիացի, կես լիբանանցի համարելով (բնիկ Տիգրանակերտից), Շանթ Խայալյանը ուսանել է Սիրիայում, Զվարթնոց դպրոցում, ապաՙ տեղի ազգային ճեմարանում, հետո ուսումնասիրել ռեկլամային մարկետինգ, ապա լուսանկարչական արվեստ սովորել է սիրիահայ լուսանկարիչ Եսայի Թումանյանի մոտ, աշխատել նրա ստուդիայում։ Այժմ ապրում է Հայաստանում, բազմաթիվ ծրագրեր ու մտահղացումներ ունի, այստեղ սովորում է դիզայնՙ միաժամանակ շարունակելով լուսանկարչական աշխատանքը։ «Հայաստանը շատ գեղեցիկ գտա, մեջը լավն էլ կա, վատն էլ, բայց ամենը մերն է, մենք պետք է այստեղ մնանք, մեր սխալները շտկենք,¬ ասում է Շանթը։ ¬ Ուզեցի, որ Հայաստանում լիներ իմ առաջին ցուցահանդեսը։ Սեպտեմբերի 15-ին հրավեր ունեմ Սիրիայիցՙ աշխարհի 20 պրոֆեսիոնալ հայտնի լուսանկարիչների հետ մասնակցելու կազմակերպվող մի ցուցահանդեսի»։
Ցուցադրված լուսանկարները Շանթի առաջին հայացքն է Հայաստանինՙ իրեն բնորոշ մոտեցումներով։ Ուշագրավ են երեխաների եւ ծերերի լուսանկարները. կյանքի սկիզբն ու ավարտը, հաջորդաբար ժպիտն ու թախիծը, «այս խենթ մոլորակի» շատ արագ պտույտներըՙ խորհրդանշվող ծեր կնոջ դեմքի խորշոմների, աչքերի փշրված զարմանքի մեջ։ Տպավորիչ են «Իմ հայրենիք», «Փողոցներ», «Գինեմոլը», «Տեր Կյուրեղ», «Հայացք պատուհանից», «Մաեստրո Գեորգի Յարալյան», «Նարնջագույն» աշխատանքները։
«Ես շատ ուրախ եմ այս ցուցահանդեսի համար։ Սա սփյուռքահայի մի հայացք է, որ ողջ կյանքում լսել է հայրենիքի, Հայաստանի մասին։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ ոգով են նրանք դաստիարակվում։ 25 տարեկանում տեսավ Հայաստանը եւ սրանք իր տպավորություններն են։ Ինձ շատ հոգեհարազատ է։ Շանթը պրոֆեսիոնալ է, կոմպոզիցիոն խնդիրները լուծված են իր մոտ։ Ամենակարեւորըՙ չի օգտագործում այսօր շատ մոդայիկ համարվող էֆեկտները, այլ փորձում է բնական ձեւերով, լույսի ու ստվերի միջոցներով ստանալ իր ցանկացածը։ Եվ դա նրան հաջողվում է»,¬ իր ոգեւորությունը կիսեց նկարչուհի Ագնես Ավագյանը։
Ցուցահանդեսը բացեց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանըՙ ողջունելով լուսանկարչի աշխատանքների մտահղացումները. «Շանթը տեսնում է հետաքրքիր դրվագներ, որ շատերս չենք տեսնում»։
Իր խոսքում երգիծանկարիչ Գեորգի Յարալյանը, շնորհավորելով լուսանկարչին, հաջողություններ մաղթեց նրան. «Մոտեցումը գեղանկարչային է, գույնի, կոմպոզիցիայի ուժեղ զգացում կա Շանթի մոտ, որի շնորհիվ լուսանկարները գեղանկարչական տպավորություն են թողնում։ Այս մեկ լուսանկարում պատկերված փողոցն այնքան իրական է թվում, իսկ այսօր այնքան շատ են աբստրակտ գործերը, որ կարոտ ենք նման աշխատանքների։ Այստեղ կան նաեւ աբստրակցիաներ, սակայն արված են ճաշակով եւ այսօրվա պահանջով»։
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ