Հայաստանի ԲԷՑ-երի սեփականատերը նաեւ կոչ արեց բնակչությանը տեսուչներին գումարներ չտալ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Սակագների բարձրացում մինչեւ 2004 թ. հունվարի 1-ը չի լինի։ Իսկ ընդհանրապես սակագները մենք չենք հաստատում։ Համաձայն մեզ տրված լիցենզիայի, ինքնակամ չենք կարող դրանք բարձրացնել։ Սակագները հաստատում է էներգետիկայի հանձնաժողովը։ Խնդիրն այստեղ ոչ թե մեզ է վերաբերում, այլ թե որքան կարժենա ատոմային էներգիան կամ գազը», երեկ Արմենպրեսի մամուլի սրահում տեղի ունեցած իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Միդլենդ ռիսորսըս» ընկերության ներկայացուցիչ Անդրեյ Զավրաժնովը։ Մինչ այդ նա ներկայացրեց Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականատեր ընկերության գործունեության մանրամասները։
Ընկերության տարեկան շրջանառությունը 600 մլն դոլար է։ Գործունեության հիմնական տեսակը սեւ մետաղների իրացումն է։ Ընկերության գլխավոր գրասենյակը Լոնդոնում է, մյուս գրասենյակները Մոսկվայում, Շանհայում, Ստամբուլում են։ Տարեկան վաճառվում է 3¬4 մլն տոննա սեւ մետաղ։ «Միդլենդ ռիսորսըս»-ը 1998 թ. ձեռք է բերել ուկրաինական «Զապորոժստալ» ձեռնարկության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, եւ այդ ընկերությունն այժմ արտադրության ծավալների աճ է արձանագրում։ «Զապորոժստալի» տարեկան շրջանառությունը 82 մլն դոլար է։ «Միդլենդի» սեփականատերերը երկուսն են. Ալեքս Շնայդերըՙ Կանադայից եւ Էդվարդ Շիֆրինըՙ Մեծ Բրիտանիայից։
Սակայն լրագրողներին առավել հետաքրքրում էին «Միդլենդ ռիսորսըս»-ի Հայաստանում գործունեության մանրամասները։ Անդրեյ Զավրաժնովը հայտնեց, որ, չնայած ընկերությունն էներգետիկ ոլորտում գործելու փորձառություն չունի, բայց արդեն հրավիրված է համապատասխան մասնագետը (Եվգենի Գլադունչիկը, որը մասնակցում էր մամուլի ասուլիսին), իսկ տեխնիկական մարկետինգի իրականացման նպատակով բանակցություններ են վարվում ոլորտում հայտնի ընկերության (անունը չնշվեց) հետ։ «Մենք նաեւ ճգնաժամային կառավարման փորձ ունենք», նշեց Անդրեյ Զավրաժնովը։ Նա Հայաստանի բաշխիչ ցանցերի ֆինանսական հոսքերի, վճարումների եւ նման հարցերի վիճակը շատ վատ համարեց, փոխարենը զարմացավ աշխատակիցների կողմից 24-ժամյա էներգամատակարարման տեխնիկական սպասարկման ապահովման համար։ ԲԷՑ-երի գնման գնի կանխիկ գումարն Անդրեյ Զավրաժնովը հույս հայտնեց վճարել որոշ հարցեր լուծելուց հետո, որը կտեւի մոտ 2 ամիս։ Բացի այս գումարից, ինչպես նաեւ աշխատավարձերի եւ պարտատեր կազմակերպությունների պարտքերը վճարելուց, ընկերությունը շրջանառու միջոցներ է ներդնելու։ «Որքա՞ն կլինեն ընկերության ներդրումները» հարցին թվային պատասխան չտրվեց։ Միայն նշվեց, որ, համաձայն Հայաստանի էներգետիկայի ինստիտուտի, անհրաժեշտ ներդրումների ծավալը 180 մլն դոլար է։ Նորոգման աշխատանքների ժամանակ, անշուշտ, համակարգում կլինեն նաեւ անջատումներ, որոնք սպառողների վրա չեն ազդի, քանզի այդ ընթացքում կմիացվեն փոխարինող հզորությունները։ «Միդլենդ ռիսորսըս»-ի ներկայացուցիչը հայտնեց նաեւ, որ անիմաստ կրճատումներ համակարգում չեն լինի, այլ կլինի ընկերության վերակառուցում։
Օֆշորային գոտում գրանցված լինելու փաստի առնչությամբ Անդրեյ Զավրաժնովը պարզաբանեց, որ տվյալ օֆշորային գոտին Մեծ Բրիտանիայի Գենսի կղզում է, որի միակ առավելությունը հարկային արտոնություններն են։ Այլապես, ընկերությունը ֆինանսական աուդիտ է անցել անգլիական աուդիտորական ընկերության կողմից, որը ներկայացվել է Հայաստանի կառավարությանը։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների բացասական արձագանքի կապակցությամբ «Միդլենդի» ներկայացուցիչն ասաց, որ ընկերությանը եւ անձամբ իրեն որեւէ նման տեսակետ չի ներկայացվել։ Մեկ այլ մտահոգությանՙ բաշխիչ ցանցերը վերավաճառելու հավանականության մասին ասվեց, որ «Միդլենդը» ԲԷՑ-երի բաժնետոմսերի 75 տոկոսը վաճառելու ցանկության դեպքում, համաձայն պայմանագրի, պետք է ստանա Հայաստանի կառավարության թույլտվությունը։ Ինչ վերաբերում է մենաշնորհային վիճակում հայտնվելուն, ապա Անդրեյ Զավրաժնովն ընդգծեց, որ էներգետիկ ոլորտը բնական մենաշնորհ է։
Նա նաեւ անդրադարձավ «Միդլենդ ռիսորսըսի» կողմից ԲԷՑ-երը գնելու դրդապատճառներին, այն դեպքում, երբ մյուս ընկերությունները հրաժարվել էին դրանից։ Որպես այդպիսիք նշվեցին ներդրումների համար Հայաստանի բարենպաստ օրենսդրությունը, տեխնիկական եւ գերնորմատիվային մեծ կորուստները նվազեցնելու հեռանկարները։ Տեղեկացվեց նաեւ, որ ընկերությունն արդեն 1 տարի գործում է Հայաստանում, սակայն մեկ այլՙ գյուղատնտեսության ոլորտում։
Եվ վերջապեսՙ գումարների հավաքման եւ գերկորուստների նվազեցման կամ վերացման վերաբերյալ Անդրեյ Զավրաժնովն այն կարծիքը հայտնեց, որ վարձավճարների հավաքման հայտնի մեխանիզմներ կան։ «Ոչինչ նոր այստեղ չի արվելու, նշեց նա, եթե ձեր խանութից ինչ-որ մեկը փորձի հաց վերցնել առանց վճարելու, դուք երկրորդը չեք տա նրան»։ Ընկերությունն ունի էներգետիկայի ինստիտուտի ուսումնասիրությունները, որտեղ հստակ արձանագրված են ըստ տեղամասերի անհետացած գումարները եւ կոնկրետ տեսուչների անունները։ Այդ կապակցությամբ Անդրեյ Զավրաժնովը փաստեց, որ այդ մարդիկ բավականին շահավետ աշխատանք են ունեցել։ Սակայն նա կոչ արեց բնակչությանը տեսուչների հետ համաձայնության չգալ եւ գումարներ նրանց չտալ, որովհետեւ դրանք կորած գումարներ են լինելու։
Ինչեւէ։ Երեկվա մամուլի ասուլիսում ԲԷՑ-երի նոր սեփականատերը փորձեց հնարավորինս մանրամասն պարզաբանել եւ ցրել առկա կասկածները։ Նման օպերատիվությունը, երբ գործարքից շատ քիչ ժամանակ է անցել, անշուշտ, դրական է։ Հուսանք, որ այդպիսին կլինի նաեւ ընկերության գործունեությունը Հայաստանում։