«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2002-09-05 | #159, 2002-09-06 | #160, 2002-09-07


ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԱՐԱՆԻ ԲԱՑՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Մ. Նահանգների պետքարտուղարության միջազգային թմրամոլության դեմ պայքարի եւ իրավապահ մարմինների հետ համագործակցության բյուրոյի աջակցությամբ ոստիկանական ակադեմիայում երեկ բացվեց վերապատրաստման դասարան։ Հայաստանում իրավապահ մարմինների վերապատրաստման նպատակով, իրավապահ մարմինների հետ համագործակցության բյուրոն Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ մշակել է ծրագիր, ըստ որի ոստիկանական ակադեմիան կստանա սարքավորումներ, իսկ դասախոսները հնարավորություն կստանան իրականացնելու ժամանակակից համակարգչային դասախոսություններ, կատարելու հետազոտություններ եւ ձեռք բերելու վերապատրաստման նյութեր ակադեմիայի ուսումնական ծրագրի համար։

Ծրագիրն իրականացրել է ֆեդերալ իրավապահ մարմինների վերապատրաստման կենտրոնը։ Սա Հայաստանի իրավապահ մարմինների համար ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարաններ ստեղծելու բազմամյա ծրագրի առաջին փուլն է։ Անցյալ տարի Մ. Նահանգների եւ Հայաստանի կառավարության ստորագրած համաձայնագրովՙ ակադեմիային կնվիրվեն թարգմանչական սարքավորումներ, բազմահամակարգ տեսաձայնագրիչ, օդափոխիչներ, ինչպես նաեւ կանցկացվեն անգլերենի եւ համակարգչային դասընթացներ ոստիկանական ակադեմիայի դասախոսների եւ կադետների համար։

Վերապատրաստման դասարանի բացմանը ներկա էին Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Օրդուեյը եւ ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արարատ Մարկոսյանը։ Երկուսն էլ կարեւորեցին արդի փուլում իրավապահ մարմինների մասնագիտական կատարելագործումը եւ հույս հայտնեցին, որ համագործակցությունն արդյունավետորեն կշարունակվի մինչեւ ծրագրի ավարտը։ Դեսպանը վկայականներ հանձնեց փորձնական մեկշաբաթյա դասընթացներ անցկացրած 20 դասախոսների եւ աշխատակիցների։ Ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է սարքավորված լսարաններ բացել ՆԳՆ Քանաքեռի վերապատրաստման կենտրոնում, ինչպես նաեւ գլխավոր դատախազության վերապատրաստման կենտրոնում։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4