Երեկ «Թեքեյան» կրթահամալիր էր այցելել Դետրոյթից (ԱՄՆ) ժամանած ՌԱԿ պատվիրակությունըՙ ատենապետ Հակոբ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Դպրոցի մուտքի առջեւ հյուրերին ծափողջյուններով դիմավորեցին աշակերտները եւ կրթահամալիրի տնօրեն Անահիտ Խալաթյանը։ Նման ջերմ ընդունելությունը պայմանավորված էր նրանով, որ տարիներ շարունակ ԱՄՆ-ի ՌԱԿ տարբեր շրջանակներ Հայաստան այցելելիս միշտ հետաքրքրվում են կրթահամալիրի առօրյայով, հարկ եղած դեպքում ցուցաբերում անհրաժեշտ աջակցություն, որը կրում է շարունակական բնույթ։
Մեծ էր հյուրերի ոգեւորությունը տարրական դասարանի աշակերտների հետ հանդիպումից հետո, քանի որ վերջիններս հայրենի երգով ու ասմունքով հիացրել էին նրանց։
Աշակերտներին նվերներ բաժանելուց հետո իր խոսքում Դետրոյթի ՌԱԿ շրջանակի ատենապետ Հակոբ Ալեքսանյանը նշեց, որ 13 հյուրերից 12-ն առաջին անգամ են հայրենիքում, եւ, հուրախություն բոլորիս, օժանդակությունը կրթահամալիրին լինելու է շարունակական։
Կրթահամալիր այցելությանը Դետրոյթի խմբին ընկերակցում էր ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ