«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2002-09-06 | #160, 2002-09-07 | #161, 2002-09-10


ԾԱՂԿԵՓՈՒՆՋ ԲԱՐԵԿԱՄԻ ՇԻՐԻՄԻՆ

Սեպտեմբերի 7-ին Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ Ռաֆայել Մաթեւոսյանի երկու գրքերի շնորհանդեսի եւ նրա մահվան տարելիցին նվիրված միջոցառումը։ «Այն պահին, երբ նրա պես մեկը հեռանում է մեր կողքից, միայն հուզմունքն է գերիշխում,¬ իր խոսքում ասաց ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը։ ¬ Սակայն հետո ենք զգում, թե որքան մեծ է այդ կորուստը»։

Ռաֆայել Մաթեւոսյանը քսան տարի եղել է ԵՊՀ միջազգային կապերի գծով պրոռեկտորը։ Այդ ընթացքում նա բազմաթիվ կապեր է ստեղծել արտերկրի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, ինչի շնորհիվ մինչեւ այսօր էլ 80-ից ավելի կրթական, գիտական ծրագրերին մասնակցում են ԵՊՀ ուսանողներ, դասախոսներ ու գիտաշխատողներ։ Ըստ ԵՊՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Արա Ավետիսյանիՙ Մաթեւոսյանը վերջին տասը տարիների ընթացքում, չնայած վատառողջությանը, կարողացել է բարելավել ինչպես պետհամալսարանի սոցիալ-տնտեսական վիճակը, այնպես էլ նկատելիորեն բարձրացնել օտարերկրյա ուսանողների ֆակուլտետի վարկը։

Պրոֆ. Հակոբ Հակոբյանը ներկայացրեց Ռաֆայել Մաթեւոսյանի երկու գրքերըՙ «Կուբան ապագայի որոնումներում» եւ «Byntuhfwbjyyst ghjwtccs d Kfnbycrjq Fvthbrt yf he,t;t dtrjd b nsczxtktnbq»։ Ռ. Մաթեւոսյանը, սովորելով ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Լատինական Ամերիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում, ուսումնասիրել է Կուբայի պատմությունը եւ գրքում ներկայացրել Կուբայական հեղափոխության սոցիալ-տնտեսական ու քաղաքական նախադրյալները, ինչպես նաեւ հետհեղափոխական շրջանի հասարակական ու տնտեսական փոփոխությունները։

«Byntuhfwbjyyst ghjwtccs d Kfnbycrjq Fvthbrt yf he,t;t dtrjd b nsczxtktnbq» գրքում հեղինակը խոսում է գլոբալացման մասին, հանդես գալով փոքր ժողովուրդների դիրքերից, ուր մեծ տերությունները փոքրերին օգտագործում են իրենց շահերի համար։

Պարոն Հակոբյանն իր խոսքն այսպես ավարտեց. «Ռաֆայել Մաթեւոսյանը երազում էր այս գրքերը հրատարակել։ Այսօր իր երազանքն իրականացել է, եւ այս երկու գրքերը հավերժական անթառամ ծաղկեփունջ են, որ դնում ենք մեր բարեկամի շիրիմին»։

Միջոցառման վերջում ԵՊՀ ռեկտորը հայտնեց, որ գիտխորհուրդը հերթական նիստում Ռաֆայել Մաթեւոսյանին կշնորհի պատվավոր պրոֆեսորի կոչում։

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ, ԱԼՎԻՆԱ ԱՂԱԲԱԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4