«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2002-09-06 | #160, 2002-09-07 | #161, 2002-09-10


ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸՙ ԵԹԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ

Օգոստոսի 24-ին «Աբովյան» հեռուստախմբագրության հիմնադիր Արտաշես Մեհրաբյանի եւ գործադիր տնօրեն Ազնիվ Չիզմեչյանի ծեծվելուց հետո գործը ոչ միայն չի գնում բացահայտման ճանապարհով, այլեւ հակառակըՙ բոլոր զարգացումներն առայժմ ի վնաս «Աբովյանի» են։ Սեպտեմբերի 6-ից «Աբովյան» հեռուստախմբագրության ծրագրերը չեն հեռարձակվում։ Սա արվել է Արտաշես Մեհրաբյանի կարգադրությամբ, երբ «Աբովյանի» հիմնադիրը սպառնալիքներ է լսել իր ընտանիքի, հեռուստախմբագրության աշխատակիցների հասցեին։

Հիշեցնենք, որ օրերս ժուռնալիստների միության նախագահին էր զանգահարել Ազնիվ Չիզմեչյանը եւ ասել, որ ինքը թաքստոցում է, շենքը շրջապատել են ինչ-որ տղամարդիկ։ Հեռուստախմբագրության հիմնադիրն էլ առեւանգված է։ Երեկ Ազնիվ Չիզմեչյանը հաստատեց իրեն ահաբեկելու փաստը եւ դարձյալ մատնանշեց Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանին։ Արտաշես Մեհրաբյանի առեւանգման փաստն էլ երեկ հերքվեց վերջինիս հայտարարությամբ, որը նա ուղղել է ՀՀ նախագահին, Ազգային ժողովի նախագահին, ազգային անվտանգության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին, ՆԳ նախարարին։

Հայտարարությունում նա խնդրում է համապատասխան միջոցներ ձեռնարկել իր ընտանիքի, հեռուստախմբագրության աշխատակիցների անվտանգությունն ապահովելու եւ հեռուստախմբագրության աշխատանքը վերսկսելու համար։ Նրա խոսքերով, պաշտպանություն խնդրելու հիմք է այն, որ սեպտեմբերի 6-ի առավոտյան դարձյալ սպառնալիքներ է լսել մի խումբ տղամարդկանցից, որ «Աբովյան» հեռուստախմբագրությունը պետք է գովազդի միայն քաղաքապետ Կարո Իսրայելյանին։ Պահանջը կատարելու դեպքում նրան մեծ գումարներ են խոստացել, հակառակ պարագայում հեռուստախմբագրությունը չպետք է աշխատի մինչեւ տեղական ընտրությունների ավարտը։ Արտաշես Մեհրաբյանից պահանջել են նաեւ ընտրությունների ընթացքում բացակայել Աբովյան քաղաքից, այլապես նրա, ընտանիքի անդամների եւ հեռուստախմբագրության աշխատակիցների հետ հաշվեհարդար կտեսնեն։ Սա էր պատճառը, որ Արտաշես Մեհրաբյանը զանգահարել է գործադիր տնօրենին եւ ասել, որ դադարեցնի եթերը։

Հակված չենք մեղադրելու Կարո Իսրայելյանին կատարվածի մեջ, դիմացն ընտրություններ են, կարելի է նաեւ ենթադրել, թե սա էլ նախընտրական անազնիվ քաշքշուկի մասը կարող է լինել։ Սակայն իրավապահ մարմինների պասիվ կեցվածքն է անհանգստացնող, որ դարձյալ լրագրողներին ահաբեկելու, ծեծելու դեպքը չբացահայտված մնա ու գալիք ընտրություններին նախադեպ դառնա հանրապետությունում։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4