ՄՈՍԿՎԱ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը երկուշաբթի օրը քննարկել են ՌՀՄ հովանու ներքո հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում «Աշխարհի հայերը դարերի սահմանագծին եւ միջազգային հարաբերությունների հրատապ խնդիրները» միջազգային խորհրդաժողովի անցկացման նախապատրաստումը։
Խորհրդաժողովին, ինչպես հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը, ծրագրվում է աշխարհի տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Ռուսաստանի հայտնի քաղաքագետների, տնտեսագետների եւ գիտնականների մասնակցությունը։
Ալեքսանդր Վոլոշինը դրական գնահատական է տվել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխշահավետ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հումանիտար հարաբերությունների ընդլայնման գործում հայկական սփյուռքի ներդրմանը։ Ըստ նրա, խորհրդաժողովի անցկացումը կարեւոր է նաեւ այն առումով, որ հայկական սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է նպաստել երկու երկրների ժողովուրդների բարեկամական կապերի զարգացմանը։