«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2002-09-07 | #161, 2002-09-10 | #162, 2002-09-11


ԳՈՀԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ ԵՐԵՎԱՆԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սեպտեմբերի 9-ին, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր հանդիսապետությամբ կատարվեց գոհաբանական աղոթքՙ մասնակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանի, Տ. Փառեն եպս. Ավետիքյանի եւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի միաբան հայրերի։ Արարողությանը ներկա էին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու բարերարներից Լուիզ Սիմոն Մանուկյանն ու տեր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյանները, ինչպես նաեւ Հայ եկեղեցու բարերարներ տեր եւ տիկին Յակուբյաններն ու տեր եւ տիկին Հաճեթյանները։

Արարողության ավարտից հետո Վեհափառ հայրապետն իր օրհնության խոսքն ուղղեց ազգային բարերարներին եւ մեծաթիվ հավատավոր ժողովրդին, ի մասնավորի նշելով, որ հավատի այս տաճարը կառուցվել է հանգուցյալ ազգային հերոս եւ բարերար Ալեք Մանուկյանի միջոցներով ու իր զավակներ Ռիչարդ եւ Լուիզ Սիմոն Մանուկյանների ազնիվ նվիրատվություններով, որոնք իրենց հանգուցյալ ծնողների երազն իրականություն դարձրին իրենց եկեղեցանվեր ու ազգանվեր գործունեությամբ։

Ապա Վեհափառ հայրապետը արարողությանը ներկա եկեղեցաշեն բարերարներ Լուիզ Սիմոն Մանուկյանին եւ տեր եւ տիկին Նազարյաններին իրենց ազգանվեր գործունեության համար պարգեւատրեց 1700-ամյակի հոբելյանական շքանշաններով։

Արարողությունից հետո եկեղեցական թափորն ուղղվեց դեպի Սբ. Տրդատ արքայի մատուռըՙ կառուցված տեր եւ տիկին Նազարյանների բարերարությամբ։ Մատուռում կատարվեց հոգեհանգստյան կարգՙ ազգային բարերարների ընտանիքների եւ հայ ազգի ննջեցյալների հոգիների հանգստության համար։

Մայր Աթոռի մամլո դիվան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4