«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2002-09-07 | #161, 2002-09-10 | #162, 2002-09-11


ԿՐԱՍՆՈԱՐՄԵՅՍԿՈՒՄ ԽՄԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆԱՑԸ

ԼՈՒՍԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ, Մոսկվա

Տխրահռչակ Կրասնոարմեյսկն օրերս նշեց հիմնադրման 55-ամյակը։ Այդ առիթով քաղաքային «Զենիթ» մարզադաշտում հավաքվել էին հազարավոր քաղաքացիներ եւ հյուրեր, որոնց թվում էր նաեւ քաղաքապետ Վիտալի Տարանցեւի հյուրըՙ ՀՀ դեսպանության աշխատակից, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Աշոտ Մանուկյանը։ Նրա շնորհավորական խոսքը ներկաներն ընդունեցին ոգեւորությամբ։ Դատելով ամեն ինչից, Աշոտ Մանուկյանի 29 տարվա դիվանագիտական ծառայությունն իզուր չի անցել։ Ելույթ ունենալով հանդիսավոր ընդունելության ժամանակ, նա պատմեց Նովոռոսիյսկում (հայազգի ծովակալ Լազար Սերեբրյակովի հիմնած քաղաքում) ծնված իր մոր մասին, որն իրեն շատ լավ բաներ էր պատմել ռուսների մասին։ Վերհիշեց նաեւ երկու հայ հերոս գեներալներիՙ Դոխտուրովի եւ Մադաթովիՙ 1812 թ. պատերազմի մասնակիցների, ինչպես նաեւ այն մասին, որ Կրասնոարմեյսկի բազմաթիվ բնակիչների նման Մեծ հայրենականից հետո Հայաստան չվերադարձան 250 հազար անձինքՙ հանրապետության բնակչության 1/8-րդը։ Որպես նամականիշների մոլի հավաքորդ, Մանուկյանը պատմեց նաեւ, որ շուտով Հայաստանում թողարկվելու է Ռուսաստանի նշանավոր հայերինՙ Վախթանգովին, Թարիվերդիեւին, Սիմոնովին եւ ուրիշներին նվիրված նամականիշների շարք։

Վերհիշելով մերձմոսկովյան այդ քաղաքում վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքերը, նա հույս հայտնեց, որ դրանք այլեւս չեն կրկնվի, ընդգծելով, որ հանցագործները, անկախ ազգությունից, պետք է պատժվեն։

Նա ներկաներին նաեւ հիշեցրեց, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ակնարկելով, որ Ռուսաստանի ամենաբարձր քաղաքական շրջանակների աղբյուրներից անմիջականորեն տեղեկացել է, որ հայերին համարում են ամենակարեւոր բարեկամներ։

Հայ դեսպանորդի ելույթը ներկաներին այնքան դուր եկավ, որ «հիպ-հիպ ուռա, Հայաստանի եւ ռուս-հայկական բարեկամության կենացը» բացականչություններով նրանք համերաշխորեն դատարկեցին իրենց գավաթները։ Աշոտ Մանուկյանը Կրասնոարմեյսկի քաղաքապետին հրավիրեց Հայաստանի Անկախության օրվա առթիվ կազմակերպվելիք հանդիսավոր ընդունելությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին «Պրեզիդենտ-հոթելում»։

Մոսկովյան այդ շքեղաշուք հյուրանոցի վրա ժամանակն է կախելու հայկական դրոշը։ Երկու օր առաջ այնտեղ շուքով իր 50-ամյակը նշեց ՌԴ Աշխատավորների ինքնորոշման կուսակցության (հանգուցյալ Սվյատոսլավ Ֆյոդորովի կուսակցությունը) ղեկավար Լեւոն Չախմախչյանը։ Նրան շնորհավորելու էին եկել Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովը, Անատոլի Կարպովը, Կիրսան Իլյումժինովը, Արթուր Չիլինգարովը, Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, Վլադիմիր Ժիրինովսկին, Ալլա Պուգաչովան եւ շատ ուրիշներ։ Հյուրերի մեջ էր նաեւ Արա Աբրահամյանը, որի կազմակերպությունըՙ Ռուսաստանի հայերի միությունը նույն «Պերզիդենտ-հոթելում» հանդիսավոր համագումար կանցկացնի ՌՀՄ հիմնադրման երկրորդ տարեդարձի առթիվ։ Այս ամիս նույն հյուրանոցը կընդունի հայ-ռուսական բիզնես-համաժողովի մասնակիցներին։

Թե ինչով է բացատրվում այդ հյուրանոցի նկատմամբ հայերի մեծ հակումը (ի դեպ, այստեղ իջեւանում են նաեւ բազմաթիվ հայ պետական այրեր, որոնք Մոսկվա են ժամանում գործերով կամ պարզապես խաղատանը զվարճանալու նպատակով), դժվար է ասել։ Այդ հյուրանոցում ամենից հաճախ տարբեր հանդիպումներ են անցկացնում միջազգային հարուստ նավթագործներն ու արդյունաբերողները։ Տարբեր տարիներին այստեղ ապրել են Հեյդար Ալիեւը եւ Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերի գլխավորած պատվիրակությունը, դերասան Պիրս Բրոնսոնը (007 գործակալը) եւ ուրիշներ։

Բայց հյուրանոցում անցկացված հայկական թերեւս ամենաարտառոց «միջոցառումը» մի քանի տարի առաջ հայ գործարարներից մեկի որդու ամուսնությունն էր։ Այն ժամանակ օտարերկրացի հյուրերը լրջորեն վախեցան, երբ արտասահմանյան ավտոմեքենաներից հյուրանոցի մուտքի մոտ իջած հայերի ամբոխը զուռնայի հնչյունների ներքո սկսեց պարել ուրախ աղաղակներով, ճոճելով կարմիր ժապավեններով կապված խնձորակիր թրերը եւ սինիները։ «Ափսոս, աքլորը հոգնած էր եւ վիզը հարկ եղածի պես չէր պահում, ինչպես անցյալ անգամ», հետագայում դժգոհում էր երջանիկ ծնողը։ «Անցյա՞լ անգամ»։ «Այո, ինչպես աղջկաս հարսանիքի ժամանակ»։ Ինչպես ասում են, մեկնաբանությունն ավելորդ է։

Ի դեպ, «Պրեզիդենտ-հոթելը» (ինչպես մոսկովյան շատ ուրիշ նշանավոր հյուրանոցներ) մոտ ժամանակներս կունենա լուրջ մրցակից։ Մեկ ամիս հետո Կրեմլից երկու քայլի վրա, «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, կբացվի նոր, հինգաստղանի «Արարատ» հյուրանոցը։ Դրա կառուցումն ավարտում է մոսկովյան «Լուսինե» հայտնի շինարարական ընկերությունը (նախագահՙ Մուրադ Սարգսյան)։ Հյուրանոցն արտաքուստ եւ ներքին հարդարանքով ցնցում է պերճությամբ։ Մոսկվայի փաստորեն բոլոր հայերն արդեն երազում են այստեղ աշխատանքի ընդունվել։ Բայց հազիվ թե հնարավոր լինի դա հեշտությամբ իրականացնել. «Արարատ» հյուրանոցի կառավարմամբ զբաղվում է անգլիական HAYATT ընկերությունը, որի հյուրանոցների ցանցը լայնորեն հայտնի է աշխարհում։ Այնպես որ, հայերը, ըստ երեւույթին, ստիպված կլինեն սահմանափակվել շինարարական ծանր աշխատանքներով, որոնք այս օրերին մոտենում են ավարտին։ Հայերից քչերը կկարողանան գոնե հարկաբաժին վարձակալել «Արարատում»։ Ասում են, թե մեկ քմ-ի տարեկան վարձակալությունը (օրինակ, ճեմասրահում) կարժենա 10.000 դոլար։

Ի դեպ, սա տխրելու առիթ չէ, Մոսկվայում հայկական ընկերությունների համար նոր հնարավորություններ են բացվում։ Նրանք արդեն վարձակալել են նախկին ԺՏՆՑ-ում Հայաստանի մշտական ցուցահանդեսային առեւտրային կենտրոնի փաստորեն ամբողջ մակերեսը, որը բացվելու է արդեն հոկտեմբերին։ Դարձյալ հոկտեմբերին Ռուսաստանի մայրաքաղաքում կանցկացվի Ռուսաստանի հայերի միության կազմակերպած «Աշխարհի հայերը դարերի սահմանագծին» միջազգային խորհրդաժողովը, որի շրջանակներում տեղի կունենա նաեւ հայ-կորեական տնտեսական համաժողով։

Մի խոսքով, Մոսկվայում բուռն կերպով սկսված «հայկական աշունը» հետաքրքրական է լինելու։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4