ՀՌԱԿ նոր ակումբ Նոր Նորք համայնքում
1992-ին Լաչինի միջանցքում մղված մարտերի ժամանակ զոհվեց 26-ամյա Կարեն Մանվելյանը։ Դեռ կյանքը չվայելած, բազմաթիվ երազանքների տեր տղան արդյոք հասցրե՞ց սեր խոստովանել հրաշալի մի աղջկա, խորհրդավոր խոսքերն ասա՞ց։ Մայրըՙ Ամալյա Գեւորգյանը, չիմացավ։ Գիտեր միայն, որ 1988-ին Երեւանի Ազատության հրապարակի ռոմանտիկայով ոգեւորված որդին 1988-ի դեկտեմբերին Գյումրիում էրՙ ավերակված քաղաքում, որ Երկրապահ կամավորական ջոկատի կազմում կռվել է Կրասնոսելսկում, հատկապեսՙ Վահան գյուղի մատույցներում։ Ապա հատուկ ծառայություններով աչքի ընկած մարտական ջոկատը, որի ղեկավարը Կարեն Մանվելյանն էր, ուղարկվում է Լաչինի «միջանցք»։ Եվ այստեղ էլ իր մահկանացուն է կնքում Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության «Արմենական» ուսանողական ակումբի առաջին անդամներից մեկը։
¬ Վերջին տասը տարիներին, ինչ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը պաշտոնապես գրանցվեց երկրում, կուսակցության շարքերն են ընդունվել մշակութային, քաղաքական, գիտական ոլորտի մեր բազմաթիվ ճանաչված մարդիկ,¬ Թեքեյան մշակութային կենտրոնում հայտարարեց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։¬ Կարենը կուսակցության երիտասարդական ակումբի առաջին անդամներից մեկն էր։ Եվ ահա այսօր, երբ ՀՌԱԿ հերթական ակումբն է ստեղծվում Նոր Նորքի համայնքում, ակումբը անվանակոչելու դժվարություն չունենք։ Հայ ժողովուրդը հիանալի մի զավակ է ունեցելՙ Կարեն Մանվելյան, եւ ուրիշ անունով ակումբը կոչելու խնդիր չկա։
14 նորագիրներ երդմնառության ուխտ կատարեցին ժողովրդին ու երկրին նվիրված ծառայելու հաստատակամությամբ, երդվեցին անաղարտ ու բարձր պահել Կարեն Մանվելյան նվիրական անունը։ Ակումբին անդամագրվեցին Արմինե Սիրունյանը, Տիգրան Գրիգորյանը, Անահիտ Պետրոսյանը, Նաիրա Վարդերեսյանը, Նունե Մանվելյանը... Երկրին, ժողովրդին ծառայելու հավելյալ խոստումներ չտվեցին։ Նրանք արդեն դա անում են։
Նորաբաց ակումբը ձեւավորեց վարչություն։ Ակումբի ատենապետ ընտրվեց Կարեն Մանվելյանի եղբայրըՙ Արմեն Մանվելյանը։
Ս. Մ.