«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2002-09-07 | #161, 2002-09-10 | #162, 2002-09-11


ՄԱՀ-Ի ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸՙ ԲԷՑ-ԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Ինչպես տեղեկացանք ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի եւ լրատվության վարչությունից, սեպտեմբերի 9-ին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ընդունել է Միջազգային արժութային հիմնադրամի (ՄԱՀ) Հայաստանի գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Ջեյմս Մակհյուին։ Հանդիպման ընթացքում քննարկված հիմնական հարցը եղել է Հայաստանի ԲԷՑ-երի սեփականաշնորհումը։

Վարդան Խաչատրյանը տեղեկացրել է, որ «Միդլենդ ռիսորսըս» ընկերությունը պատրաստվում է ԲԷՑ-երի կառավարումը հանձնել էներգետիկայի ոլորտի հայտնի որեւէ ընկերության, որի անունը մոտ օրերս հայտնի կդառնա։ Ջեյմս Մակհյուի կարծիքով, դա կնպաստի հետագա աշխատանքներին։ Այդուհանդերձ, նա տեղեկացրել է, որ ՄԱՀ-ը եւ Համաշխարհային բանկն իրենց վերջնական կարծիքը կհայտնեն բաշխիչ ցանցերը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո։

Անդրադառնալով SAC-V-ի եւ SAC-IV-ի «լողացող» մասնաբաժնի տրամադրմանը Հայաստանին, Ջեյմս Մակհյուն նշել է, որ այդ ժամկետները դեռեւս դժվար է ստույգ հայտնել։ Նա նաեւ հայտնել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստան է ժամանելու ՄԱՀ-ի պատվիրակությունը։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4