ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 13-ին, մոտ երեք տարվա ընդմիջումից հետո, լույս կտեսնի «Այժմ» թերթը (հիմնադիր ԱԺՄ կուսակցություն)։ Ըստ թերթի գլխավոր խմբագիր Նարինե Մկրտչյանի, «Այժմ»¬ն առայժմ կհրապարակվի շաբաթը երկու անգամ, 12 էջով, 1500 տպաքանակով։ «Այժմ»-ն իր ընթերցողներին կներկայանա նոր տեսքով. փոխվել է գլխագիրը, խմբագրակազմը։ Թերթի էջերում տեղ կգտնեն նյութեր հանրապետության հասարակական, քաղաքական, մշակութային կյանքի մասին, կլինեն վերլուծություններ, հետազոտություններ, կուսակցական էջ։ Ն. Մկրտչյանի խոսքերով, թերթում տեղ կտրվի նաեւ կարծիքների բախմանը։ Հիշեցնենք, որ «Այժմ»-ի առաջին խմբագիրը եղել է Վիգեն Սարգսյանը, այնուհետեւ, մինչեւ թերթի տպագրության դադարեցումը, (1999թ) խմբագրել է Լյուդվիգ Խաչատրյանը։