«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2002-09-07 | #161, 2002-09-10 | #162, 2002-09-11


«ԱՌԱՋԻԿԱ ՓՈՒԼԸ ՆԱԽՈՐԴԻ ՀԱՄԵՄԱՏ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՊԱՅԾԱՌ Է ԼԻՆԵԼՈՒ»

Հավաստիացնում է Թուրքիայի փոխվարչապետ Մեսութ Յըլմազը

Ժամանակ առ ժամանակ Թուրքիան Հայաստանի հետ մերձեցման միտումներ է ցուցաբերում։ Քանի որ այդ միտումները չեն բխում Հայաստանի նկատմամբ որդեգրած թշնամական քաղաքականությունը վերանայելու թուրքական իշխանությունների պատրաստակամությունից, այլ քաղաքական հստակ նպատակներ են հետապնդում, ուստի նպատակի իրագործման կամ նպատակազրկման պարագաներում դրանք որպես կանոն ի չիք են դառնում։ Այլ կերպ, երկու դեպքում էլ մերձեցման միտումների հետագա ցուցաբերումը Թուրքիայի համար միանգամայն ավելորդ է դառնում։

Ուրեմն Հայաստանի հետ մերձեցման թուրքական միտումների հիմքում ընկած է մերձենալու պատրանքի ստեղծումը եւ դրա ծառայեցումը քաղաքական նպատակներին։ Վերջին անգամ Թուրքիան այդ միտումները ցուցաբերեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ նախ Ռեյկյավիկում, ապա Ստամբուլում նրա թուրք գործընկեր Իսմայիլ Ջեմի հանդիպումներում։ Միտումների նպատակն, ըստ երեւույթին, Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների բարելավման համար եվրոպական երկրներին, ինչպես թուրքահայ համայնքի, այնպես էլ Հայաստանի առնչությամբ դրական ազդանշաններ հաղորդելն էր, որ դրանք պահպանվեցին նաեւ Ջեմի հրաժարականից հետո։

Այդ առումով պատահական չէր Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆ. Հասան Քյոնիի հավաստիացումը Թուրքիա ժամանած հայ լրագրողներին, թե «Կարս-Գյումրի երկաթգիծը կբացվի թերեւս առաջիկա մեկ տարվա ընթացքում», կամ այն կարծիքը, ըստ որի Բաքու-Ջեյհան նավթատարի մի ճյուղը պետք է անցնի Հայաստանով։

Քյոնիի մասին օգոստոսի 1-ի հաղորդագրությամբ տեղեկացրել էր «Նոյյան տապանը»։ Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթն էլ օգոստոսի 9-ի համարում տեղեկացնում է Թուրքիայի փոխվարչապետ, «Մայր հայրենիք» կուսակցության նախագահ Մեսութ Յըլմազի հավաստիացումների մասին, ըստ որոնց Հայաստանի հետ հարաբերություններում ակնկալվում են նոր բարելավումներ։

Յըլմազն այս միտքը արտահայտել է «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում, որը խմբագրատանն անձամբ վարել է թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը։ Նշենք, որ հարցերը մտածված են եւ ընդգրկուն։ Քոչունյանը Յըլմազին ուղղում է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների կալվածքներին, համայնքային սեփականության տնօրինմանը, Պոլսի հայկական վարժարաններին, հայ համայնքի դրությանն առնչվող բազմաթիվ հարցեր։ Ընդ որում, հարցերի լուծման անհրաժեշտությունն ընդգծելու համար փորձ է արվում դրանք սերտորեն կապակցել ԵՄ-ի հետ ներդաշնակության օրենքների փաթեթի հետ, որն ընդգրկվել է Մեջլիսում։

Բավականին դիպուկ են նաեւ Յըլմազի պատասխանները։ Նա կարեւոր նշանակություն է տալիս Եվրամիության հետ ներդաշնակության օրենքներին եւ դրանց ընդունումը Թուրքիայի համար հսկայական քայլ է համարում, ընդգծելով դրանք կյանքի կոչելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ Յըլմազը հույս է հայտնում, որ մոտ ապագայում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների բոլոր անդամները համահավասար իրավունքների տեր են լինելու ոչ թե թղթի վրա, այլ իրականում։

Չնայած Պոլսո Հայոց պատրիարքարանի մտավախություններին, Յըլմազը, այնուամենայնիվ, Թուրքիայում համայնքային սեփականության տնօրինման նոր օրենքը որակում է նախորդի համեմատ լուրջ առաջընթաց եւ չի ժխտում դրա հետագա բարելավման անհրաժեշտությունը։ Ավելին, նա խոստանում է օրենքի բարելավման համար գործադրել իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները։

Պոլսահայ վարժարանների հիմնախնդիրների առնչությամբ Յըլմազն ասում է. «Անտարակույս, փոքրամասնություններին պատկանող կրթական հաստատությունների պարագայում առկա են հավելյալ դժվարություններ, որոնց առնչությամբ ոչ միայն հայ, այլեւ մյուս համայնքները ժամանակ առ ժամանակ գանգատով մեզ են դիմում։ Հարկ է սակայն նշել, որ ընդունված օրենքով Թուրքիայում վարժարանների նկատմամբ ցուցաբերվող պետական մոտեցումը դրական փոփոխության է ենթարկում, ինչը պարտադիր հանգեցնելու է առկա դժվարությունների վերացմանը»։

Արա Քոչունյանի հարցերի մեջ թերեւս կարելի է առանձնացնել հետեւյալը. «Դարեր ի վեր ազգային փոքրամասնություններն ապրում են այս հողի վրա։ Հակառակ դրան, երկրում նրանց վերապահված իրավունքները ընկալվում են իբրեւ օտարներին կատարված զիջում, ինչը շատ վիրավորական է։ Ի՞նչ եք մտածում»։

Յըլմազն ասում է. «Եթե պետությունը ոչ միայն փոքրամասնություններին, այլեւ տարբեր էթնիկ խմբավորումներին, անկախ լեզվի, դավանանքի եւ կրոնի տարբերություններից, բոլոր քաղաքացիներին նայի նույն աչքով եւ միեւնույն կարեկցական մոտեցումը ցուցաբերի նրանց, ապա համոզված եմ, որ դա կնպաստի պետության հեղինակության աճին, իսկ վերջիններս նրա հետ կկապվեն ավելի մեծ հավատարմությամբ։ Կարծում եմ, առաջիկայում վերանալու են այս սխալ մոտեցումները, որոնք պայմանավորված են անցյալում թույլ տված սխալներից եւ վստահության պակասից բխող թյուր մոտեցումներով։ Եվրամիության անդամակցությունը մեծ թափ է հաղորդելու, որպեսզի Թուրքիան ավարտին հասցնի վերոհիշյալ մոտեցման փոփոխությունը»։

«Ինչպիսի՞ն է Թուրքիայի էթնիկ խճանկարի մեջ հայ համայնքի զբաղեցրած տեղի նկատմամբ ձեր մոտեցումը» հարցին Յըլմազը տալիս է հետեւյալ պատասխանը. «Ցավոք, պատմական իրադարձությունների հետեւանքով, որոնք մեծապես դրսից էին հրահրվել, Թուրքիայում հայ համայնքի թիվը զգալի կրճատվել է։ Հետզհետե փոքրացած այս համայնքի բարեկեցության ապահովումը, նրա նկատմամբ գուրգուրանքն ու ջերմ վերաբերմունքը Թուրքիայի Հանրապետության առաջիկա պարտականությունն է։ Մեր հայ հայրենակիցները արժանի են պետության ուշադրությանն ու կարեկցանքին։ Միաժամանակ նրանք կարող են իրենց նպաստը բերել, որպեսզի Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները զարգանան, եւ առողջ հիմքերի վրա դրվեն Թուրքիա-Հայաստան հարաբերությունները։ Նրանք կարող են կամուրջի դեր կատարել»։

Ինչ վերաբերում է «Եվրամիության անդամակցությունն ամրապնդելու է Թուրքիայի դերակատարությունը աշխարհում եւ տարածաշրջանում։ Այս հանգամանքը ինչպե՞ս է ազդելու Թուրքիա- Հայաստան հարաբերությունների ընթացքի վրա» հարցին, ապա Յըլմազը պատասխանում է. «Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, դժբախտաբար նրանից ժառանգել է բազում խնդիրներ։ Նման խնդիրներ ունի բազմաթիվ հարեւանների հետ, որոնք բխում են պատմությունից եւ աշխարհագրական դիրքից»։ Այնուհետեւ նա հույս է հայտնում, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը զուգընթաց իրենց արդարացի լուծումն են գտնելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Կիպրոսը եւ այն տարաձայնությունները, որոնք առկա են Հունաստանի եւ Հայաստանի հետ հարաբերություններում։ Այնուհետեւ Յըլմազն ավելացնում է. «Ես հույս ունեմ, որ առաջիկա փուլը նախորդի համեմատ մեր հարեւանների հետ հարաբերություններում, ներառյալ Հայաստանը, բոլորովին այլ բնույթ է կրելու եւ լինելու է շատ ավելի պայծառ»։

Թուրքիայի փոխվարչապետ Մեսութ Յըլմազի հավաստիացումների անկեղծությանը չհավատալու որեւէ հիմք չունենք։ Կհաջողվի՞ դրանք իրականացնել, թե՞ ոչՙ դժվար է ասել։ Հարկ է, սակայն, նշել, որ հարցազրույցում Յըլմազը սոսկ հավաստիացումներով չի սահմանափակվում։ Նա միաժամանակ ուշագրավ խոստովանություններ է անում։ Եթե նույնիսկ հավաստիացումները չիրականանան, միեւնույն է, այն խոստովանությունները, որոնք միանգամայն հաստատում են թուրքահայ համայնքի առջեւ ծառացած դժվարությունների լրջությունը, թուրքական իրականության համար դրական տեղաշարժ են։ Հաճելի է, որ այդ տեղաշարժին նպաստում է այնպիսի գործիչ, ինչպիսին Եվրամիության հետ Թուրքիայի մերձեցման համար ոչ մի ջանք չխնայող Մեսութ Յըլմազն է։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4