«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2002-09-07 | #161, 2002-09-10 | #162, 2002-09-11


ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Արցախյան ազատամարտի գյումրեցի վետերանները, նրանց ընտանիքներն այսօր շատ հարցերում իրենց մոռացված ու լքված են համարում։ Այս մասին նրանք խոսեցին ԱՎՄ քաղաքային կազմակերպության շաբաթ օրը տեղի ունեցած տարեկան հաշվետու ժողովում, որը, ինչպես հայտարարվեց, կազմակերպության նախագահի հիվանդության ու քաղաքից բացակայելու պատճառով նաեւ պետք է ընտրեր նոր նախագահ։ «Մեր հիմնախնդիրները,¬ ասաց ելույթ ունեցած ազատամարտիկներից Լյովա Հարությունյանը,¬ ներառում են քաղաքային տրանսպորտով երթեւեկությունից մինչեւ սոցիալական ամենատարբեր հարցեր»։ Գուցե պետությունն այսօր հնարավորություն չունի հայրենի հողի համար արյուն թափած մարդկանց սոցիալապես քիչ թե շատ լիարժեք հատուցելու այն, ինչին նրանք արժանի են։ Մյուս կողմից, ազատամարտի վետերանները ավելի շատ բողոքում էին ամենաբարձր պաշտոնյաներից մինչեւ հասարակ աթոռ ունեցողիՙ իրենց նկատմամբ ցուցաբերվող անտարբեր, անհաղորդ վերաբերմունքից, հարգանքի բացակայությունից, նաեւ տարրական հարցերում աջակից չլինելուց, այդ թվումՙ բարոյապես։ Բերվեց նույն Լյովա Հարությունյանի օրինակը, որը հաշմանդամի սայլակին գամված լինելով էլ իր տնակ-արհեստանոցում արտադրություն է կազմակերպել եւ կարող է «վեց ընտանիք պահել», սակայն նրան մի բանով աջակցող չկա։ Բողոքներ եղան, որ նույնիսկ ավտոբուսների վարորդները համապատասխան վկայականներով անվճար երթեւեկելու համար իրենց հաճախ կոպտում ու վիրավորում են։ ԱՎՄ քաղաքային վարչության փոխնախագահի խիստ հակիրճ հաշվետու զեկուցման մեջ նշվեցին կազմակերպության կատարած մի քանի աշխատանքներ. ազատամարտիկների 8-12 տարեկան որոշ թվով երեխաներ ներկայացվել են ֆինանսական հովանավորության, կազմակերպվել է երեխաների ամառային հանգիստ Հանքավանի, Ծաղկաձորի, Շիրակի մարզի Թորոս գյուղի ճամբարներում, ազատամարտիկների հարցերով հանդիպումներ են եղել մարզպետարանի սոցիալական աջակցության խորհրդի նախագահի հետ, հաջողեցրել են երկու անվճար վիրահատություն։ Այսքանն էլՙ մեծ ջանքերի գնով։

Ազատամարտի վետերանների հիմնախնդիրների չլուծվածությունը, ինչպես իր ելույթում նշեց ԱՎՄ հանրապետական վարչության սոցիալական հարցերով փոխնախագահ Մելանյա Պետրոսյանը, նախ եւ առաջ պայմանավորված է այսօր մարտական գործողությունների մասնակիցների մասին օրենքի բացակայությամբ։ Ժողովում խոսվեց այն մասին, որ հարկավոր է հրաժարվել լալկանության ու խնդրողի կարգավիճակից, որովհետեւ լաց լինողին ոչինչ չեն տալիս։ Ուստի պետք է համախմբվել, ուժ կազմել, որ հաշվի առնեն։ Իսկ դրա համար, ինչպես ասվեց, պետք է նաեւ քաղաքականապես ակտիվանալ եւ ներկայացուցիչներ ունենալ խորհրդարանում։

Ժողովին մասնակցում էր եւ ելույթ ունեցավ ԱՎՄ հանրապետական վարչության նախագահ պրն Հովսեփյանը։ Քանի որ քաղաքային կազմակերպության նախագահ ընտրելու համար քվորում չկար, նա տեղեկացրեց, որ օգտվելով իր լիազորություններիցՙ երկօրյա ժամկետում կնշանակի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարիՙ մինչեւ նոր ընտրության անցկացումը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4