«Միասնություն» խմբակցության անդամների թիվը հասավ 38-ի։ Երեկ պարզ դարձավ, որ այս խմբակցությունից դուրս են գալիս 8 պատգամավորներ, որոնք խորհրդարանում ձեւավորելու են նոր պատգամավորական խումբ։ Խումբը կոչվելու է «Ժողովրդի ձայն»։ «Միասնությունը» լքած պատգամավորներն են Գրիգոր Հարությունյանը, Էմմա Խուդաբաշյանը, Արամայիս Բարսեղյանը, Ստեփան Զաքարյանը, Սերգեյ Իսրայելյանը, Էդմոն Ծատուրյանը, Վարդան Մկրտչյանը։ Վերոհիշյալ բոլոր պատգամավորներն էլ ՀԺԿ անդամներ են, որոնց են միացել նաեւ Մանուկ Գասպարյանը («Հայրենիք եւ պատիվ» նորաստեղծ կուսակցություն) եւ Շավարշ Քոչարյանը (ԱԺԿ)։ Նոր, խորհրդարանում թվով չորրորդ, խումբն ըստ ամենայնի կղեկավարի Գրիգոր Հարությունյանը։
ՀԺԿ պատգամավորներն արդեն դիմել են «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանինՙ խմբակցությունից դուրս գալու նպատակով, որն, ամենայն հավանականությամբ, կհարգվի։
Խմբի «նախագահ» Գրիգոր Հարությունյանը «Միասնությունից» դուրս գալու եւ նոր խումբ ստեղծելու անհրաժեշտությունը բացատրեց այդ խմբակցության ներսում ՀԺԿ-ի մեկուսացվածությամբ։ «Խմբի ստեղծման նպատակն է ավելի ակտիվ մասնակցել պառլամենտի աշխատանքներին, կանոնակարգով սահմանված կարգով մեր կարծիքները եւ առաջարկությունները ներկայացնելը։ Ստեղծման անհրաժեշտությունն այն է, որ «Միասնությունը» ներկայացնում էր կարծիք, որը միշտ չէ, որ համընկնում էր մեր տեսակետներին։ Չհամաձայնելով «Միասնության» դիրքորոշումներին, մենք պարտավոր էինք մեր կարծիքները ձեւավորել եւ խմբի միջոցով ներկայացնել»։
Գ. Ա.