«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2002-09-07 | #161, 2002-09-10 | #162, 2002-09-11


147 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՄՍԽՈՒՄ Է ԿԱՊԻ ՉՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՈԼՈՐՏԸ

Շնաձկներն էլի դուրս են պրծնում

«...Մինչեւ 2002 թ. ներդրումների չկատարման պատճառով եկամուտների գծով ՀՀ-ին պատճառվել է 41,5 մլրդ դրամի վնաս։

Ներդրումային նոր կրճատված ծրագրով, լավագույն դեպքում, նախատեսվում էր, որ «Արմենտելի» շրջանառությունը 2002 թ. պետք է լինի 38,7, իսկ 2003-ինՙ 42,3 մլրդ դրամ։ Հետեւաբար, ներդրումների կրճատման պատճառով ՀՀ-ի կորուստները 2002-ին կկազմեն առնվազն 40,7, իսկ 2003-ինՙ առնվազն 59,9 մլրդ դրամ։

Հետեւաբար ներդրումային պարտավորությունների չկատարման պատճառով մինչեւ 2003 թ. վերջը սպասվում է, որ OTE-ի կողմից ՀՀ-ին կպատճառվի առնվազն 147,1 մլրդ դրամի վնաս»։ Այս տվյալները ներկայացված են կապի ոլորտում ՀՀ կառավարության գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմած տեղեկանքում։ Որպես կատարված ուսումնասիրությունների արդյունք, տեղեկանքը մանրամասնորեն ներկայացնում է այն ահավոր գործարքի հետեւանքները, որը կատարվեց նախ TWT ընկերության, ապաՙ OTE-ի հետ։ Հատկապես վերջինիս գործունեության հետ կապված հանձնաժողովի անդամները հայտնում են, որ ներկա պայմաններում հեռախոսների ընդամենը 25 տոկոսն է թվայնացվել, իսկ 240 գյուղ ընդհանրապես զրկվել է հեռախոսակապից։

Հանձնաժողովը, ելնելով իր իսկ կատարած ուսումնասիրությունների արդյունքներից, գտնում է, որ «TWT ընկերության հետ կապի նախարարության համագործակցությունը 1993¬95 թթ., ինչպես նաեւ «Արմենտել» ՀՁ ՓԲԸ հիմնադրումն ու հետագա գործունեությունը հակասել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ ակտերի, այդ թվում նաեւ ՀՀ սահմանադրության 5-րդ եւ 8-րդ հոդվածներին։ TWT-ն ի սկզբանե ՀՀ տարածքում իրականացրել է ռազմավարությունՙ առանց էական ներդրումներ կատարելու ստանալ գերշահույթ։

Կառավարությունը պատշաճորեն չի իրականացրել իր ստանձնած ֆունկցիաներըՙ կապված պայմանագրի կետերի կատարման հետ, ինչպես նաեւ չի մշակել կապի միջոցների հեռահար զարգացման ծրագիր, որի հետեւանքով ոչ լրիվ ծավալով է կատարվել «Արմենտելի» ներդրումային ծրագիրը, 200-ից ավելի բնակավայրեր ամբողջովին կտրվել են կապի միջոցներից։

Նշելով օրինախախտումների փաստերը, տեղեկանքի հեղինակները գտնում են, որ հիմնական մեղավորը նախկին կապի նախարար Գրիգոր Պողպատյանն է։ Հանձնաժողովի անդամ Արշակ Սադոյանը նույնիսկ պատասխանատու կերպով հայտարարեց, թե Պողպատյանը 70 մլն դոլար է շահել կապի ոլորտի մասնավորեցումից։ Հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը տեղեկանքը խորհրդարանին ներկայացնելիս, առանց գումարի մասին ակնարկելու, եւս շատ կոնկրետ մեղադրանք հնչեցրեց Պողպատյանի հասցեին։ Ըստ Մանուկյանի, այդ ժամանակ գործող նախագահը եւս կարող էր անմասն չլինել նման չարաշահումներից։ Ինչեւէ, Սադոյանն իր հերթին տվեց եւս երեք անուններՙ Սեպուհ Թաշճյան, Հրանտ Բագրատյան եւ ներկայիս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան։

Մեղադրանքըՙ մեղադրանք, սակայն հարց է, թե ինչ ընթացք են ստանալու ուսումնասիրություններով ձեռք բերված այս տվյալները։ Հանձնաժողովը ցավով դարձյալ արձանագրում է, որ չնայած առանձին դեպքերում քրեական գործեր հարուցվել են, գործեր կան դատախազությունում, սակայն խոշոր «շնաձկները» դարձյալ խույս են տալիս եւ, Հայաստանից դուրս գտնվելով, փաստորեն դարձել են անհասանելի։ Պատասխանատվության առումով սպասելիքների բացակայությունը հանձնաժողովը փորձում է հակակշռել իրական այն լծակներով, որոնցով խորհրդարանն օժտված լինելովՙ կարող է միջոցներ ձեռնարկել։ «Էն, ինչ որ կատարվել է, կարեւոր է, բայց ամենակարեւորն այն է, որ կապի ոլորտը կանգնած վիճակում է, եւ այդտեղից ելքեր պետք է գտնվեն։ Պետք է բարձրացվի Սահմանադրական դատարանի որոշման հարցը, որը հակասահմանադրական է։ Այդ դեպքում OTE-ն երկու ճանապարհ ունի. նա կարող է փոխհատուցում պահանջել մենաշնորհից զրկվելու դեպքում։ Դրա պատասխանը մեր կողմից կարող է լինելՙ ձեր հարուցած վնասների դիմաց դա պետք է հաշվարկվի։ Ցանկացած միջազգային ատյանում շատ ավելի հարգում են մենաշնորհից զրկելու պրոցեսը, քան պայմանագրերը։

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա, ինչպես գիտեք, հանձնաժողովին արգելել են մարդկանց տանջել, ոտքերը ոլորել, որպեսզի ինֆորմացիա հավաքենք։ Ես երբեք չեմ ստանձնի դատախազի կամ դատավորի դերը», գտնում է Վազգեն Մանուկյանը։

Հանձնաժողովի անդամները վերստին ցանկանում են «Հեռուստահաղորդակցության» օրենքում մենաշնորհից զրկելու առումով փոփոխություն մտցնել։ Պրոցես, որը մեկ անգամ արդեն նույն խորհրդարանում տապալվել էր։ Առաջարկվում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազությանն ԱԺ-ին ներկայացնել հարուցված քրեական գործերի ընթացքը եւ քր. գործերի հարուցման հավանականությունը։

Բոլոր դեպքերում Արշակ Սադոյանը հայտարարեց, թե ինքը կօգտվի ԱԺ նոր կանոնակարգի այն դրույթից, համաձայն որի պատգամավորը, ելնելով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունից, կարող է ԱԺ որեւէ որոշման նախագիծ ներկայացնել։ Այս գործընթացը նախագահի իմփիչմենթի դեպքում արդեն տապալվել է։ Կհաջողվի՞ Սադոյանին նույն կարգով արտահերթ քննարկման հասցնել «Հեռահաղորդակցության» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, դժվար է ասել։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4